26.11.2024
Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց
prev Նախորդ նորություն

Կարևորը ոչ թե նավթ ու գազ ունենալն է, այլ մարդկանց հնարավորություն ընձեռելը. Կարապետյան

Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով չափազանց բարդ է զարգացում ապահովելը։ Այս մասին Ազգային Ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով այդ հանգամանքը, գործադիրը պետք է վեր հանի և վերացնի՝ երկրում ներդրումների իրականացումը և ձեռներեցության զարգացումը խոչընդոտող բոլոր վարչարարական արգելքներն ու ավելորդ ընթացակարգերը, ստանձնի երկրում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը և անմիջականորեն մասնակցի Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացմանը, աշխատի միջազգային ներդրողների հետ, որպեսզի ապացուցի, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ և, պարզապես, շահավետ։

«Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական տնտեսության գաղափարախոսությունը և տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ: Տարբեր միջազգային վարկանիշերով աշխարհում երջանիկ են համարվում այն երկրները, որտեղ առկա են ձեռներեցության համար առավել նպաստավոր պայմաններ։ Կարևորը նավթ, գազ և այլ բնական պաշարներ ունենալը չէ, այլ մարդկանց՝ իրենց ստեղծագործ կարողությունների բացահայտման հնարավորություն ընձեռելը»,- շեշտեց վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ իրենց առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ և արդար մրցակցային միջավայրի ապահովումն է։
Վարչապետն անդրադարձավ նաև հարկային և մաքսային բնագավառներին, որոնք մշտապես գտնվում են հանրության, գործարար աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ըստ նրա՝ պետք է ունենանք այնպիսի խաղի կանոններ, որոնց շնորհիվ օրինապահ հարկատուների գործունեության համար ստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ:

«Պետք է սկսենք իրականացնել հարկային և մաքսային ծառայողների կերպարի արմատական վերափոխման ծրագիրը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ հարկային և մաքսային մարմինները ոչ թե իր կյանքը տնօրինում են, այլ սպասարկում են իրեն: Մաքսատանը կներդրվի «մեկ պատուհանի» սկզբունքը: Ամեն ինչ կարվի բիզնեսով զբաղվողի ժամանակի խնայողության, սպասարկման որակի բարձրացման համար: Օրինապահ տնտեսավարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, չմիջամտող, շփումները պետք է հասցնել նվազագույնի: Ինքնազբաղվածները պետք է ունենան գերարտոնյալ, հարկային մարմինների հետ շփումներից զուրկ հարկային կարգավիճակ: Միևնույն ժամանակ ոչ օրինապահ տնտեսավարողը պետք է իմանա, որ իր գործունեությունը մշտապես հարկային տեսչության թիրախում է, որ ինքը տարբեր գործիքներով մոնիթորինգի է ենթարկվում, որ հարկերից խուսափելը չի կարող լինել առանց հետևանքների»,- թվարկեց նա՝ ավելացնելով, որ թե՛ հարկային և մաքսային, թե՛ այլ պետական մարմինների կողմից իրականացվող մոնիթորինգը պետք է խստագույնս լինի օրենքի սահմաններում:
Վարչապետը հավաստիացրեց՝ անհետևանք չի մնա իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված իրենց լիազորությունները վերազանցելու որևէ դեպք: Տնտեսվարողներն էլ պետք է վստահ լինեն, որ կարող են փոխադարձ վեճերը լուծել հնարավորինս բանակցային և ոչ ծախսատար ձևաչափերով, իսկ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն խարդախության, ծանր հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների համար:

«Հարկային և մաքսային վարչարարությունը պետք է հիմնված լինի բիզնեսով զբաղվողի հետ նվազագույն շփումների վրա: Մասնավորապես, պլանավորում ենք պարզեցնել և ամբողջությամբ անցնել հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի, հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վերանայել հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, իրականացնել այլ բազմաթիվ միջոցառումներ: Բիզնեսը շատ է դժգոհում, այսպես կոչված, հսկիչ գներից: Այդ պրակտիկան էապես սահմանափակելու համար ներմուծման ժամանակ ոչ ռիսկային երկրներից արտահանման հայտարարագրի փաստաթղթերի առկայության դեպքում ամբողջովին անցնելու ենք հաշիվ-ապրանքագրերում նշված գներով մաքսազերծմանը, կրճատելու ենք այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկանքների թիվը»:

Կկրճատվի նաև գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկը՝ պարզեցնելով դրանց տրամադրման գործընթացները, իսկ 2017 թվականի ընթացքում առնվազն 6 ոլորտում տեսչական գործառույթների փոփոխությունները կհասցվեն ավարտին։

Միևնույն ժամանակ Կարապետյանը նշեց, որ երկրի առանձնահատկությունները և աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով բարեփոխումների ներկայիս փուլում բավարար չէ միայն հավասար պայմանների ստեղծումը: Այդ իսկ պատճառով, կառավարությունը պետք է իր վրա վերցնի՝ թեկուզ ժամանակավորապես, ներդրումային ակտիվության, դրա միջոցով աշխատատեղերի ստեղծումը խթանողի գործառույթը և զանազան գործիքակազմով մասնակցություն ցուցաբերի Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացման գործում։

«Հենց այդ նպատակով մենք ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձևավորմանն ու զարգացմանը։ Այս ոլորտում պլանավորում ենք նաև աշխատել ներդրումային օրենսդրության կատարելագործման վրա, բարձրացնել տնտեսական գործունեությունը խթանող կառույցների գործունեության արդյունավետությունը, գույքագրել չօգտագործվող արտադրական կարողությունները, մշակել դրանց վերագործարկումը խթանող հատուկ մեխանիզմներ, իրականացնել առարկայական քայլեր՝ 2017 թվականի արդյունքերով բիզնես միջավայրի վարկանշային գնահատումներ իրականացնող միջազգային կազմակերպություններում առնվազն 4 կետով Հայաստանի դիրքերի բարելավման ուղղությամբ»,- ներկայացրեց նա:

Գործադիրի ղեկավարը նշեց, որ բիզնես միջավայրի բարելավումը մշտական և անընդհատ գործառույթ է, գերխնդիր է անընդհատ մոնիթորինգի ենթարկել, բացահայտել և վերացնել տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավական նորմերն ու պրակտիկան: Բիզնես հանրությունն էլ պետք է ոչ միայն մշտապես տեղեկացվի այս աշխատանքներին, այլև գործուն մասնակցության հնարավորություն ունենա բարեփոխումների ընթացքին: Եվ հատկապես կարևոր է այս աշխատանքներում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկումը, նրանց համար հնարավորությունների ստեղծումը և այդ հնարավորություններն օգտագործելուն իրապես աջակցելը: Բիզնեսի որոշ տեսակներ կխթանվեն (օրինակ, ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և այլն) էներգակիրների սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով:
Համապատասխան թվով նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կառավարությունը կաջակցի հարկային արտոնությունների և էներգակիրների արտոնյալ սակագների միջոցով:

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր ժողովրդի կենսագործունեության վրա անմիջական ազդեցություն ունեցող առաջնահերթ խնդիրներին: Մասնավորապես, շարունակելու ենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները, 2017 թվականին ամբողջովին ավարտելու ենք Գյումրի քաղաքի պետական բնակարաշինարարության ծրագիրը: Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ կառավարությունը հետամուտ է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցության խորացմանը և Լեռնային Ղարաբաղի տնտեսական հզորացմանն ուղղված խնդրների լուծմանը։
Արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է ձեռնարկություններին ցուցաբերել գործուն աջակցություն: Մասնավորապես, այս ոլորտում նախատեսում ենք մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչարարության խոչընդոտները: 2017 թվականից սկսած ներդնելու ենք արտահանման կատարելագործված ապահովագրություն և արժութային ռիսկերի զսպման նոր գործիքներ, ինչպես նաև արտահանման խրախուսման նպատակով փուլային կարգով նվազեցնելու ենք ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետները, իսկ գործընթացները պարզեցնելու ենք: Հանրապետության՝ արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող հանքարդյունաբերությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, մենք աշխատելու ենք ոլորտի կենսունակությունն ու որակյալ աշխատատեղերի քանակի բարձրացման վրա: Ձեռնարկությունների կողմից շուկան մեծացնող ավելացված արժեքի ստեղծման դեպքում բնական գազի հավելյալ ծավալների համար արտոնյալ սակագների միջոցով խթանելու ենք արտադրության աճը»,- հավելեց վարչապետը: