23.11.2024
Ի՞նչ ռիսկեր է պարունակում Առողջության պարտադիր ապահովագրությունը
prev Նախորդ նորություն

ՔՊ-ում որոշում կայացնողները երեք հոգի են, մյուսները դիտորդի դերում են. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է: Մինչ այս իշխանականները, երկրի առաջ ծառացած մարտահրավերները թողած, քննարկում էին ընդդիմադիրներին մանդատից զրկել-չզրկելու հարցը, հիմա էլ անցել են արդեն «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելությունից զրկելուն համաձայնություն տալու հարցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող ֆրակցիային առնչվող այս եւ մյուս բոլոր կարեւոր որոշումները կայացնում է ՔՊ «վերնախավը»՝ ի դեմս խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, Ալեն Սիմոնյանի եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի: Տեղեկացանք, որ վերջիններս որոշումներ կայացնում են առանց թիմակիցների հետ քննարկման, առանց նրանց կարծիքը հարցնելու: Ավելին՝ խմբակցության որոշ պատգամավորների (որոնք համեմատաբար հաճախ են շփվում մամուլի հետ) միայն վերջին պահին են տեղեկացնում որոշումների մասին, որպեսզի հանկարծ արտահոսք չլինի: Պատգամավորներին ասված է, որ բոլոր կարեւոր իրադարձությունների շուրջ իրավասու են խոսել միայն խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը: Իհարկե, իշխող ֆրակցիայում կան չեզոք պատգամավորներ, որոնց համար միեւնույնն է՝ ինչ է կատարվում խմբակցության ներսում, ինչ որոշումներ կկայացվեն, իրենք միայն «դիտորդի», կոճակ սեղմողի դերում են:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է: Իսկ ի՞նչ է նա պատմել քննիչին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջինս նշել է, թե որեւէ բան չի հիշում եւ այդ պահին միայն մտածել է՝ ինչպես պաշտպանվի եւ փրկի իր կյանքը: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել, թե Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձն ինչ է հայտնել Ազգային անվտանգության ծառայությունում: Նա, մասնավորապես, նշել էր, որ ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն կարծում է, որ իր հարվածը Արարատ Միրզոյանին չի հասել: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ քաղաքացի Ա.Բ-ն, 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս, որ սիրտը հովանա. 44 օր խաբվելուց հետո պարտվեցինք»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ՝ հունվարի 24-ին, հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպման առիթը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպն էր, ինչի հետեւանքով 15 ժամկետային զինծառայող հրդեհի զոհ դարձավ։ «Ժողովուրդ» օրաթերթին Պապիկյան-ՔՊ դռնփակ հանդիպումից մանրամասներ հայտնի դարձան։ Այսպես, ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ թեեւ ամենասուր հարցերն են ուղղվել պաշտպանական գերատեսչության ղեկավարին, բայց հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է բավականին հանգիստ, ոչ լարված մթնոլորտում։ «Խոսել ենք այն բոլոր խնդիրների, մտահոգիչ երեւույթների մասին, որ կա ոչ միայն բանակի, այլ նաեւ հասարակության ներսում առհասարակ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դեպքի պատասխանատուն (գոնե քաղաքական մակարդակում) բոլորս ենք, թիմն է, հետեւաբար իրավիճակը լարելու կամ լարվածություն ստեղծելու կարիք ընդհանրապես չկար»,- ասաց մեր աղբյուրն ու ավելացրեց, որ հանդիպման ժամանակ Պապիկյանի հրաժարականի հարցը չեն քննարկել. այդ մասին անգամ հարց-տեսակետ չի հնչել։ Ավելին՝ ներկաները Պապիկյանին քաջալերել են, որ օրհասական այս պահին, երբ բանակն իսկապես մեջքն ուղղելու կարիք ունի, չպետք է թույլ տալ, որ նա հանկարծ որոշի թողնել հեռանալ։ Տեղեկացանք նաեւ, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը շատ թվով պատգամավորներ են բացակայել. մի մասը՝ գործուղումների մեջ գտնվելու, մի մասը՝ այս օրերին տարածված վիրուսային հիվանդությունների, մի մասն էլ պարզապես նպատակահարմար չգտնելու պատճառաբանությամբ է բացակայել։


«Հրապարակ» թերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ փակ հանդիպում է ունեցել ԱԺ-ում ՔՊ-ականների հետ: Պապիկյանն ասել է, որ քննությունը կպարզի Ազատի դեպքի մեղավորներին, եւ նման միջադեպեր եղել են բոլոր ժամանակներում, դա չի կարելի վերագրել նախարարի թերացմանը: Վստահեցրել է, որ բանակի համար միջոցներ չեն խնայում, բարեփոխումներն ընթացքի մեջ են: Հանդիպմանը մասնակցել է ՔՊ խմբակցության փոքր մասը, հիմնականում՝ Պապիկյանի աջակիցները, 2 տասնյակից պակաս մարդ: Պատգամավորներն ինչ-որ պատրվակներ են գտել հանդիպմանը չգալու համար: Այսինքն` փաշինյանականները փորձել են Պապիկյանին հասկացնել, որ չունի նախկին աջակցությունը, քանի որ առաջնորդը եւս այլեւս հիացած չէ նրանով:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրն իր կարիքների համար մարդատար ավտոմեքենաներ է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՊՆ-ն թվով 15 ավտոմեքենա է ձեռք բերել, իսկ պայմանագիրը կնքվել է հունվարի 20-ին՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից 1 օր հետո: Մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը գնել է 2023 թվականի արտադրության, սպիտակ երանգի, «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենաներ: Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ մոթորս» ընկերության հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենաների գնման գումարը, առանց ԱԱՀ-ի, կազմել է 165 մլն դրամ. լրացուցիչ ԱԱՀ-ն կազմել է 33 մլն դրամ: 15 մեքենան պետական բյուջեի վրա արժեցել է 198 մլն դրամ կամ մոտ 489 հազար ԱՄՆ դոլար: ՊՆ կարիքների համար նախատեսված մեկ ավտոմեքենայի համար ծախսվել է 13 մլն 200 հազար դրամ կամ 32 հազար 592 դոլար (ներառյալ ԱԱՀ-ն): Դե, իհարկե, բնական է, որ ՊՆ-ն ավտոմեքենա է գնում իր կարիքների համար, բայց բանակն այս պայմաններում պահելու, անփութության հետեւանքով 15 զոհ տալու ֆոնին նման պահվածքն առնվազն անազնիվ է: Ստացվում է, որ, մի կողմից, առաջնագծի զինվորները զրկված են տաքանալու տարրական պայմաններից, մյուս կողմից՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է երթեւեկեն 2023 թվականի արտադրության, չօգտագործված ավտոմեքենաներով: Ինչ խոսք, հայրենիքը պաշտպանելու յուրովի մոտեցում է»:


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ մի քանի ընդդիմադիր օջախ է ձեւավորվել։ Մեր աղբյուրի ասելով, դրանք տարբեր դրդապատճառներ ունեն։ Որոշ մասը կառավարվում է ՀՀ իշխանությունների կողմից, ընդ որում՝ նաեւ ֆինանսավորվում է։ ՀՀ իշխանությունները փորձում են կանխել Վարդանյանի ենթադրյալ հաղթարշավը, ուստի ամեն ինչ անելու են նրան մրոտելու համար, որ հանկարծ Վարդանյանն Արցախից չտեղափոխվի Երեւան՝ սպառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Վարդանյանը խանգարում է նաեւ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություններին` Արցախի հարցում տարբերվող իր դիրքորոշմամբ։ Դժգոհների մի խումբն էլ պետական ապարատի նախկին ներկայացուցիչներն են, եւ ոչ միայն։ Մեզ ասացին, որ Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է ուսումնասիրել բոլորի «գործերը», եւ, ասում են, բավականին բացահայտումներ են եղել, որոնք ամեն պահի կարող են քրեական գործերի հիմք հանդիսանալ։ Վարդանյանի դեմ ընդվզողների մի խումբն էլ տարբեր ՊՈԱԿ-ների եւ պետական բյուջեից սնվողների բանակն է, որի մի մասը Վարդանյանի գալուց հետո զրկվել է աշխատանքից ու եկամտից։


«Հրապարակ» թերթը գրում է. ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ եւ չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը, հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Լուր ստացանք, որ նա, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել, ընդունել է այն եւ մեկնել Հայաստանից։ Լուրեր կան, որ նրան առաջարկվել է զբաղեցնել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի թեկնածուին, ապա տեղեկացանք, որ իշխանությունների նոր թեկնածուն աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն է։ Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է` արժանի այս բարձր պաշտոնին։ Իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը (Լոնդոնի Գլոբալ համալսարանի (UCL) Կրթության եւ դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության եւ գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Դեյվիսի համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն Ասիական զարգացման բանկի /ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության եւ հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ այլն), ինչպես նաեւ հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-2020 թթ․։ 2020 թ․ մայիսի 15-ին նշանակվել է փոխնախարար։


«Հրապարակ» թերթը գրում է. Վահրամ Դումանյանի հեռանալուց հետո, երբ ԿԳՄՍ նախարար նշանակվեց Ժաննա Անդրեասյանը, ժամեր անց աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց նաեւ ԿԳՄՍՆ աշխատակազմի ղեկավար՝ գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը։ Չնայած սա քաղծառայության պաշտոն է, եւ մրցույթով նշանակված մարդը կարող էր նաեւ չհեռանալ, սակայն, չգրված ավանդույթով, այս պաշտոնին նշանակվում են նախարարի «մարդիկ», ուստի Դումանյանի «մարդը» հեռացավ՝ Ժաննա Անդրեասյանի «մարդը» կնշանակվի։ Իհարկե, ձեւական մրցույթ կանցկացնեն, եւ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի թափուր տեղի համար մրցույթն արդեն հայտարարված է։ Այն անցկացնում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Հունվարի 24-ը հայտերի ընդունման վերջնաժամկետն էր, թեստավորման փուլը կայանալու է փետրվարի 20-ին, որին հաջորդելու է հարցազրույցի փուլը։ Մենք տեղեկացանք, որ աննախադեպ քանակի մարդ է դիմել մրցույթին՝ 15 անձ։ Չգիտես ինչու, Քաղծառայության գրասենյակը գաղտնի է պահում մրցույթի մասնակիցների անունները՝ մի տգետ պատճառաբանությամբ, թե դրանք անձնական տվյալներ են, հրապարակման ոչ ենթակա։ Չնայած մրցույթը չի կարող փակ լինել, եւ մասնակիցների անուններն էլ չեն կարող գաղտնի պահվել, բայց սա լիովին տեղավորվում է այս իշխանությունների ոչ թափանցիկ գործելաոճի մեջ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրո-2024»-ի նախընտրական Հայաստան-Թուրքիա խաղից, կարծես թե, հույսեր չունեն ո՛չ երկրպագուները, ո՛չ էլ անգամ ֆուտբոլի մասնագետները: ՀՖՖ-ի մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արդեն նշանակվել է գլխավոր մարզիչ, բայց իրավիճակը ողբալի է հատկապես բարոյահոգեբանական իմաստով: Մամուլը բազմիցս գրել է, որ ֆեդերացիայի փաստացի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չէ այնտեղի որոշում կայացնողը, այլ առաջին պլանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը, որն իրականացնում է կառավարության հետ կապը ու կատարում Նիկոլ Փաշինյանից կամ նրա կնոջից եկող հանձնարարականները: Մեզ հետ կապ հաստատող աշխատակիցներն անդադար պնդում են, որ ֆեդերացիայում ու ենթակա կառույցներում աննկարագրելի «բառդակ» է, իսկ աշխատակիցների գերակշիռ մասը սկսել է երանի տալ նույնիսկ «հանրապետական» շրջանին: Ինչեւիցէ, Արմեն Մելիքբեկյանի, ավելի ճիշտ՝ նրա տեղակալի ժամանակաշրջանում հայկական ֆուտբոլի ցույց տված արդյունքները ներկայացնում ենք թվերով. երեք տարում Հայաստանի բարձրագույն խմբից հեռացել են 5 ակումբներ` «Երեւան», «Գանձասար», «Կապան», «Լոռի», «Սեւան» ու «Նորավանք»։ Այս 5 ակումբներից 4-ը մարզերից էին, ու պետք չէ նկարագրել, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական նշանակություն ունի մարզերում թեկուզ մի քանի աշխատատեղ ու ժամանց ապահովող ցանկացած թիմի գոյությունը, բայց այս մարդկանց դա չի հետաքրքրում:


Ուրեմն այսպես, Հայաստանի՝ մինչեւ 15 տարեկանների ազգային թիմը 2021-22թթ. ՈՒԵՖԱ զարգացման մրցաշարում խփել է 7, իսկ բաց է թողել 18 գոլ (չհաշված Հայաստանի՝ 14 տարեկանների դեմ անցկացրած խաղի). պարտվել ենք, օրինակ, Վրաստանին ու Մալազիային։
17 տարեկանների հավաքականը նույն ժամանակահատվածում բաց է թողել 52 գոլ՝ խփելով ընդամենը 4 գոլ: Այստեղ ուշագրավ են այնպիսի խաղեր, ինչպիսիք են Նորվեգիա- Հայաստան (7:0), Իռլանդիա-Հայաստան (4:0), Պորտուգալիա-Հայաստան (7-0) եւ այլն:


Մինչեւ 19 տարեկանների հավաքականի մասով պատկերը հետեւյալն է. բաց են թողել 43 գոլ, իսկ խփել՝ 19 գոլ. այս հավաքականը 2021-2022թթ.-ին միջազգային եւ ընկերական խաղերում պարտվել է, օրինակ, Վրաստանին` 5-1 հաշվով, եւ Իռլանդիայի իրենց հասակակիցներին՝ 4-0 հաշվով:
21 տարեկանների ազգային թիմի (որը համարվում է ազգային հավաքականի շատ մոտ ապագան) ռեզերվը նույնպես ողբալի վիճակում է։ 2020, 2021, 2022թթ.-ին անցկացրած միջազգային հանդիպումներում այս թիմը պարտվել է նույնիսկ Լյուքսեմբուրգին՝ 2:1 հաշվով («Եվրո-2021» ընտրական փուլ), Ֆարերյան կղզիներին՝ 2:0 հաշվով. թերեւս ամենախայտառակ հաշիվը Շվեդիայի իրենց հասակակիցներից կրած գերխոշոր հաշվով պարտությունն է (10:0):


Կանանց հավաքականների մասին թերեւս լավ կլինի՝ լռենք. ասելիք չկա: Չխոսենք նաեւ գլխավոր թիմի ոդիսականներից, քանզի այս ամենը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ. հիշեցնենք միայն Նորվեգիայի հավաքականից կրած պարտությունը՝ 9:0 հաշվով, որը միջազգային խաղերում մեր կրած ամենախոշոր պարտությունն է: Նիկոլ Փաշինյանը, սակայն, խոսում էր 2050թ.-ից, ու հենց այդ մարդու թիմակիցները եկան ու սպանում են հայկական ֆուտբոլը: Բացահայտումները դեռ առջեւում են…