23.11.2024
Մարդկանց և պետությունների մասին. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ի՞նչ ռիսկեր է պարունակում Առողջության պարտադիր ապահովագրությունը

Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի` ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը կբերի առողջապահական համակարգի ֆինանսավորման աղբյուրների փոփոխության` չհանգեցնելով, սակայն, համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը: Այս մասին գրում է տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը, անդրադառնալով Առողջության պարտադիր ապահովագրությանը:


Նա, մասնավորապես, գրել է. Մութ սենյակում սև կատու փնտրելիս, հնարավոր է հանդիպել հրեշի:


Գրառումը ներկայացնում ենք ստորև.


Առողջապահության ընթացիկ ծախսերը որպես ՀՆԱ մասնաբաժին դիտարկելիս` կարելի է նկատել, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով, 2020 թվականին Հայաստանի ցուցանիշը (ՀՆԱ-ի 12%) գերազանցում է այնպիսի երկրների ցուցանիշները, ինչպիսիք են Իսրայելը (8%), Իտալիան (10%), Ֆինլանդիան (10%), և համադրելի է Ֆրանսիայի (12%) կամ Գերմանիայի (13%) ցուցանիշների հետ:


Միևնույն ժամանակ, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող առողջապահական ծախսերը (և’ պետական, և’ մասնավոր) ավելացել են շուրջ 10 անգամ` 26 դոլարից (2000 թվականին) հասնելով 524 դոլարի 2019 թվականին: Արդյունքում, ներկայումս առողջության պահպանման գինը Հայաստանում զգալիորեն գերազանցում է տարածաշրջանային այլ երկրներում համանման ցուցանիշները. այդ ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ինչպես Վրաստանի (291 դոլար), այնպես էլ Ադրբեջանի ցուցանիշները (193 դոլար):


Այսպիսով` իրապես կարիք կա նախաձեռնել առողջապահական համակարգի բարեփոխում, որի թիրախը պետք է լինի համակարգի արդյունավետության բարձրացումը, մասնավորապես` քաղաքացիների անձնական միջոցներից ծախսվող գումարների ճիշտ ուղղորդումը և կառավարումը:


Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ պետական բյուջեից հատկացումները կազմում են առողջապահական ծախսերի միայն փոքր մասը՝ 2019 թ. տվյալներով` շուրջ 15%-ը: Այսինքն` համակարգի ֆինանսավորման հիմնական բեռը` ծախսերի շուրջ 85%-ը, հոգում է բնակչությունը` իր անձնական միջոցներից ծախսերի հաշվին (անգլերեն` out-of-pocket expenses): Պետք է նշել, որ, օրինակ` հարևան Վրաստանում 2019 թ. բնակչության անձնական միջոցների բաժինն առողջապահության վրա կատարվող ընդհանուր ծախսերում կազմել է մոտ 47%` ունենալով նաև նվազման միտում, Հայաստանի հետ նույն եկամտային խմբին պատկանող` միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում` 32%, իսկ համաշխարհային միջինը շուրջ 19% է (ավելին տե’ս https://data.worldbank.org/indicator/SH.XPD.OOPC.CH.ZS):


Առողջապահության վրա կատարվող ծախսերի ֆինանսավորման աղբյուրներից բացի` անհրաժեշտ է անպայմանորեն անդրադառնալ համակարգի արդյունավետության և արտադրողականության խնդրին, որը, առողջապահական համակարգի հիմնական ցուցանիշների համաձայն, ակնհայտորեն ցածր է, մասնավորապես՝


1. Դեռևս 2015 թվականին Հայաստանը 1,000 բնակչի հաշվով ունեցած հիվանդանոցային մահճակալների հաշվով` 4.2, ավելի քան 1,5 անգամ գերազանցում էր աշխարհի միջին ցուցանիշը` 2.7։ Հայաստանի այս ցուցանիշը համեմատելի է Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների, դրանցից` Հունաստանի (4.2), Լյուքսեմբուրգի (4.3), Շվեյցարիայի (4.4) հետ, և գերազանցում է այնպիսի երկրների համանուն ցուցանիշը, ինչպիսիք են Շվեդիան (2.1), Նորվեգիան (3.5) ու Դանիան (2.6) (ավելին տե’ս https://data.worldbank.org/indicator/SH.MED.BEDS.ZS...)։


2. 1,000 բնակչի հաշվով բժիշկների քանակով Հայաստանը (4.4 բժիշկ 1,000 բնակչի հաշվով) գերազանցում է ինչպես աշխարհի միջին ցուցանիշը (1.7), այնպես էլ միջինից բարձր (2.3) և բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (3.7) (ավելին տե’ս https://data.worldbank.org/indicator/SH.MED.PHYS.ZS...)։


Միևնույն ժամանակ, առողջապահության համակարգի արդյունավետության տեսանկյունից, Հայաստանը բախվում է լուրջ խնդիրների, դրանցից`


1. 2019 թ․-ին ոչ վարակիչ հիվանդություններից (որը ընդհանուր մահացության մասնաբաժնում կազմել է ավելի քան 93%) մահացության հարաբերական գործակիցը հասել է 829-ի` 1990 թ.-ի 528-ի փոխարեն։ Ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ինչպես աշխարհի միջին (73% ընդհանուր մահացության մասնաբաժնում), այնպես էլ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (85% ընդհանուր մահացության մասնաբաժնում).


2. Առողջապահության որակի և հասանելիության ինդեքսով (անգլերեն` Healthcare Access and Quality index) Հայաստանի ցուցանիշը 2016 թ.-ին 71, իսկ 2019 թ.-ին արդեն 63,2 էր։ Թեև այս ցուցանիշով Հայաստանը փոքր-ինչ գերազանցում է Ադրբեջանին և Վրաստանին (համապատասխանաբար 57,2 և 53,3), սակայն, հաշվի առնելով առողջապահության գինը, Հայաստանը գին/որակ հարաբերակցությամբ զգալիորեն զիջում է իր հարևաններին։


Վերջին 30 տարիների ընթացքում առողջապահության համակարգի բարեփոխումներն իրականացվել են` առանց վերջինիս արդյունավետությունը և արտադրողականությունը թիրախավորելու` նպատակ ունենալով պահպանել համակարգն այն տեսքով, ինչպիսին կա` մեծացնելով նաև դրան առնչվող քանակական ցուցանիշները։ Դրա հետևանքով ներկայումս Հայաստանում առկա է իրավիճակ, երբ հիվանդանոցների, բժիշկների, մահճակալների հարաբերական քանակով Հայաստանը գերազանցում է եվրոպական զարգացած երկրների մեծ մասին, իսկ առողջապահության արդյունավետության տեսանկյունից` զիջում իրենից ավելի քիչ զարգացած երկրներին։ Իմ կարծիքով` պետական ֆինանսավորումը «կոնսերվացնում» է համակարգի անարդյունավետությունը, և առողջապահության ծախսերի մեջ պետական մասնաբաժնի հետագա ավելացումն էլ ավելի է խորացնելու այս խնդիրը։


Մեր թիմի հաշվարկներով` կա հնարավորություն Հայաստանի առողջապահության ծախսերը կրճատել մոտավորապես 40%-ով, եթե ՀՆԱ մասնաբաժնում ցուցանիշը դարձնենք համեմատելի Վրաստանի հետ։ Այդ դեպքում, քաղաքացիների անձնական միջոցներից կատարվող ծախսերը կկրճատվեն մոտ 3 անգամ, որին հնարավոր կլինի հասնել այդ գումարի ավելի արդյունավետ և ուղղորդված ծախսելու դեպքում։ Համոզված եմ, որ, արդյունավետության բարձրացման տեսանկյունից, մասնավոր ապահովագրական ընկերություններն այս խնդիրը կարող են լուծել շատ ավելի թիրախային՝ մասնավոր-պետություն համագործակցության միջոցով։


Ելնելով թվարկված խնդիրներից ու ներկա իրավիճակից` առողջության ապահովագրության համակարգն անհրաժեշտ է ներդնել փուլային եղանակով` հաշվի առնելով կամավոր ապահովագրվածների քանակը, քաղաքացիների օբյեկտիվ բնութագիրը և եկամուտների չափը` դրանցից կախված կիրառելով տարբերակված մոտեցում։ Առողջության ապահովագրության փուլային եղանակով ներդրման շրջանակներում մասնավորապես անհրաժեշտ է`


- առաջին փուլում սահմանել, որ առողջապահության կամավոր ապահովագրության ծախսը կարող է դիտարկվել որպես եկամտահարկի հարկվող բազայի նվազեցում,


- սահմանել առողջության պարտադիր ապահովագրության պարտավորություն այն մարդկանց համար, որոնց եկամուտը գերազանցում է որոշակի սահմանաչափը, կամ որոնք ունեն սահմանված չափը գերազանցող անշարժ կամ շարժական գույք, արժեթղթեր և այլն (նույն մոտեցմամբ, ինչպես առաջարկում էի սահմանել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը): Այդ չափանիշներից ելնելով` կիրառել պետական համաֆինանսավորման տարբերակված մոտեցում:


Առաջին փուլով առողջապահական ապահովագրություն ստացող անձինք այլևս չեն օգտվի պետական ֆինանսավորումից, ինչը հնարավորություն կընձեռի պետական միջոցներն ուղղել բնակչության սոցիալապես խոցելի խմբերի առողջության պահպանմանը և առողջապահական ծախսերի ծածկմանը։