24.11.2024
Ադրբեջանը նյարդայնացած է. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk–ին
prev Նախորդ նորություն

Քոչարյանը պասիվանում է. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անվան հետ կապվող լրատվամիջոցներում կրճատումներ են սկսվել։ Տարին բարեհաջող չի սկսվել մեր գործընկերների համար։ Մասնավորապես տեղեկացանք, որ Yerevan today.am լրատվական կայքի անձնակազմին ասել են, որ փետրվարի 1-ից նվազագույն կազմով են աշխատելու։ Այլ լրատվամիջոցներում եւս կրճատումներ կլինեն՝ պայմանավորված ֆինանսական խնդիրներով։ Գործընթացը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի․ թիմի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձեւավորվի։ Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք։


«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Արցախի Հանրապետությունը տևական ժամանակ շրջափակման ու խորացող ճգնաժամի մեջ է, որոշ շրջանակներ, որոնք, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կառավարվում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից՝ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ, ներքաղաքական «բազարներ» են սկսել: Խոսքը, այսպես կոչված, «սորոսական» թևի մասին է: Ի մասնավորի, Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ներկա ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը, առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը, ԱԳ նախկին նախարար, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը յուրատեսակ «կոալիցիա» են կազմել ընդդեմ պետնախարար Ռուբեն Վարդանյանի: Ավելին, Հայկ Խանումյանն ու Միքայել Հայրիյանը դա չեն էլ թաքցնում ու այս օրերին կոշտ գրառումներ են անում սոցցանցերում: Ի դեպ, «Փաստ» թերթի Արցախի աղբյուրը հայտնում է, որ չնայած Արցախում արտահերթ ընտրությունների թեման, կարծես թե, ամենաբարձր մակարդակով փակվեց, այդուամենայնիվ, նշյալ անձինք ինտենսիվ պատրաստվում են ընտրություններին՝ նպատակ ունենալով դրանց մասնակցել մեկ միասնական թիմով: Մեր տեղեկություններով, Արցախի Հանրապետության նախագահի նրանց թեկնածուն գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է: Շատ հետաքրքիր է հատկապես վերջինիս ու Հայկ Խանումյանի «բարեկամությունը»: Բանն այն է, որ ընդամենը 6-7 ամիս առաջ Գուրգեն Ներսիսյանը Խանումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել մասնավորաբար պաշտոնական անփութության և շուրջ 70 միլիոն դրամի վնաս պատճառելու մեղադրանքով, իսկ հիմա հանդես են գալիս մի թիմով:


«Հրապարակ» թերթը գրում է. Գլխավոր դատախազությունն այնքան է շտապել բանակում տեղի ունեցած ողբերգական վթարի թեման շեղելու հարցում, որ Սեյրան Օհանյանի մասով խորհրդարան է ներկայացրել կիսատ միջնորդագիր։ Միջնորդագրերից պարզվել է, որ հանրությանը ոչ հայտնի գործեր են դրանք։ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց դրանք․ «Միջնորդությունն ամբողջական չի հասել, դատախազությունը 3 միջնորդության մասին էր խոսում, մեզ երկուսն է ուղարկվել, որը հիմա փաստաբանների ուսումնասիրության տիրույթում է։ Խոսքը գնում է «Դողագործ» ընկերության՝ նախկին ավտոդողերի գործարանի տարածքի իրացման մասին, երկրորդը՝ ՊՆ ենթակայության տակ եղած 2 հողակտորների իրացմանը՝ Երասխ 1, Երասխ 2։ Երրորդի մասին գաղափար էլ չունենք։ Բայց պնդում ենք, որ սա քաղաքական հետապնդում է, փորձ է արվում բանակի կայացմանը նպաստող մարդկանց, հերոսներին վարկաբեկելու»։ Տեղեկացանք նաեւ, որ դատախազը փետրվարի 7-ին առաջարկելու է ոչ միայն Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, այլեւ կալանքի թույլտվություն տալ։ Երեկ դատախազը նաեւ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմեց խորհրդարան։ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Չարչյանի վերաբերյալ միջնորդությունը դեռ չեն ստացել, սակայն, ինչպես գրել էինք նոյեմբերի 16-ին, միջնորդության հիմքում Հաց բերող Արթուր Սարգսյանի գործն է։ Դաշինքի մեր աղբյուրները չեն բացառում, որ մինչեւ դատախազը կգա ԱԺ, Չարչյանը կհրաժարվի մանդատից։ Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ հաջորդը կարող են լինել Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը՝ մտացածին քրգործերի հիմքով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քաղաքական իշխանությունները հանրությանը շեղում են բուն օրակարգից: Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Այս անգամ դատախազը միջնորդել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցին համաձայնություն տալու վերաբերյալ: Հունվարի 20-ին նման միջնորդություն երեք դրվագով ներկայացվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջնորդություններ կլինեն նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի եւ Գեղամ Մանուկյանի մասով: Իսկ ո՞րն է իշխանությունների նպատակը: Ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունը նպատակ ունի շեղել հանրության ուշադրությունը երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը, իսկ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպով դեռ շատ հարցեր մնում են անպատասխան, եւ այսպես, կարծես թե, իշխանությունը շեղում է ուշադրությունը:


Ինչպես հայտնի է, բոլոր միջնորդությունները պետք է քննարկվեն հերթական նստաշրջանի առաջին նիստի օրը, այս դեպքում՝ փետրվարի 7-ին: Հենց այդ նստաշրջանում մի քանի ժամ միայն այս քննարկումն է տեւելու՝ կարեւոր այլ օրակարգային հարցերը մի կողմ թողած: Նկատենք՝ Արմեն Չարչյանի գործը վերաբերում է հայտնի Հաց բերողին՝ Արթուր Սարգսյանին, եւ, ամենայն հավանականությամբ, այն վաղեմության ժամկետով կարճվելու է. Գեղամ Մանուկյանին իր հայտարարությունների համար կալանավորել չեն կարող, իսկ, ահա, Իշխան Սաղաթելյանին կալանավորելն էլ կդիտվի քաղաքական՝ հաշվի առնելով, որ նա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է, եւ լայն արձագանք կունենա քայլը: Սեյրան Օհանյանին կալանավորելու ցանկություն եւ որոշում եղել է, սակայն քաղաքական իշխանությունն այս հարցով էլ որոշել է նրան այս փուլում չկալանավորել, այլ միայն քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն ներկայացնել: Ֆիքսենք՝ նախորդ դեպքերում, երբ դատախազությունը կոնկրետ պատգամավորի մասով միջնորդություն է ներկայացրել ԱԺ, եղել է երկու մասից բաղկացած՝ մեկով միջնորդել են անձեռնմխելիությունից զրկել պատգամավորին՝ քրգործում որպես մեղադրյալ ներգրավելով, մյուսով ազատությունից զրկելու միջնորդություն է եղել: Այդպես է եղել թե՛ նախկին պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, թե՛ Գագիկ Ծառուկյանի մասով, իսկ այս դեպքում միջնորդությունները վերաբերում են միայն անձեռնմխելիությունից զրկելուն, ինչը ենթադրել է տալիս, որ պատգամավորները չեն կալանավորվի: Այս ամենը պարզապես շոու է՝ հասարակությանը զբաղեցնելու համար:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի մեծ պահանջ բարձրացավ հանրության ամենատարբեր շերտերի մոտ: Թեեւ հասարակության զայրույթը զսպելու համար իշխանությունները միջադեպից ժամեր անց, չսպասելով անգամ քննության ավարտին, բարձրաստիճան զինվորականներ աշխատանքից ազատեցին, բայց սա «չի փրկում» Պապիկյանին:  Հասարակությունը ողբերգական միջադեպի առաջին պատասխանատու համարում է Պապիկյանին եւ պահանջում նախարարի հրաժարականը: Հասարակության զայրույթը թեժացավ հատկապես այն բանից հետո, երբ Պապիկյանը դեպքից միայն 2-3 օր անց գնաց Գեղարքունիք՝ իրավիճակին ծանոթանալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ մի թեւն անհանգստացած է Պապիկյանի հրաժարականի պահանջից ու փորձում են հարցուփորձով հասկանալ՝ ով է կանգնած Պապիկյանի հրաժարականի թիկունքում, այսինքն՝ ում համար է ազատվում ՊՆ նախարարի աթոռը: Նկատենք, որ ՔՊ-ականները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց կուսակցին արդարացնելու եւ հանրային զայրույթը պարպելու համար: Միջադեպի հաջորդ օրը՝ առավոտյան, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Պապիկյանի պահանջին, հայտարարեց, որ այդ հարցը տեղին չէ, չպետք է նախարարին «քավության նոխազ դարձնենք»: Արփի Դավոյանն էլ հրապարակում է Պապիկյանի լուսանկարը եւ ստատուս ձոնում նրան՝ ասելով, թե Պապիկյանի իրականացրած բարեփոխումների արդյունքում նման ցավալի դեպքեր չեն կրկնվի բանակում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում փորձեց ապահովագրել Պապիկյանին՝ ասելով, թե նա որեւէ կերպ չի կարող այս ամենի հետ կապ ունենալ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ում այս պահին դեռեւս Սուրեն Պապիկյանին փոխարինող անձ չեն գտնում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինծառայողի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեն Պաշտպանության նախարարությունից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել:  Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն վերցրել է այն հրամանը, որտեղ նշված է եղել զինծառայողների՝ կացարաններում հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին: Հիմա ՔԿ-ն շղթայով գնում է առաջ՝ հասկանալու համար՝ եթե Պաշտպանության նախարարությունը համապատասխան հրահանգ է տվել, որից հետո զորամասի շտաբի պետը ՊՆ-ի համապատասխան հրահանգի մասին տեղյակ է պահել զորամասի ղեկավար կազմին, որպեսզի ապահովվեն հակահրդեհային կանոնները, ապա ովքե՞ր չեն կատարել համապատասխան հրահանգը: Նկատենք՝ դեպքից անցել է 4 օր, սակայն մինչ օրս դեռեւս գործով մեղադրյալ չկա, միայն հարցաքննվածներ են։ Հիշեցնենք, որ 2023թ. hունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղհասարակությունը, ընդդիմությունը չեն հավատում իշխանության առաջադրած վարկածին, հատկապես՝ դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տպավորիչ շարադրանքից հետո:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը երեկ եկել էր խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օլիգարխը ԱԺ է եկել թիկնապահների ուղեկցությամբ, սակայն թիկնապահներին թույլ չի տրվել մտնել խորհրդարանի շենքից ներս: Վերջինիս այցի ժամանակ երթեւեկությունն է անգամ խաթարվել, քանի որ նրա ավտոշարասյունը ճանապարհներ է փակել՝ խցանումներ առաջացնելով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս խորհրդարանում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Եվրասիական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանին, որը զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի թափուր սենյակը: Մեր աղբյուրները հայտնեցին, որ վերջինս Վաղարշակ Հակոբյանի մոտ է գնացել ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հորդորով: Ինչպես հայտնի է, Նարեկ Նալբանդյանը հենց գործող իշխանությունների աջակցությամբ է դարձել օլիգարխ: Իշխանությունների շնորհիվ նա ձեռք է բերել Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով «փակովի» տարբերակով: Նարեկ Նալբանդյանը նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գնորդն էր. այդ գործարքը կատարվել էր կասկածելի ճանապարհով եւ պայմաններում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մասնակցելու են փետրվարի 7-ին մեկնարկելիք ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանին: Հենց այդ նստաշրջանի ժամանակ էլ ներկայացվելու են պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունները: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Եվ ահա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր պատգամավորները որոշել են մասնակցել նիստին, ակտիվ հարցադրումներ անել եւ ելույթներ ունենանլ՝ փորձելով ցույց տալ իշխանությունների իրական նպատակը, այն է՝ հանրությանը կարեւոր հարցերից շեղելն է։


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանը խորհրդարան էր այցելել։ Մեր լրագրողը գործարարին հանդիպել է ԱԺ մուտքի մոտ, նրան ուղեկցել են մի խումբ թիկնապահներ։ Նրան ԱԺ բերած ամենագնացները կանգնած են եղել երկրորդ գծի վրա՝ խախտելով երթեւեկության կանոնները։ ԱԺ նախագահի գրասենյակից վստահեցրել են, որ նորաթուխ օլիգարխն Ալեն Սիմոնյանի հետ չի հանդիպել։ Հիշեցնենք, որ Նալբանդյանն այն գործարարն է, ով գնեց ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դղյակը, 5 միլիարդ դրամով ձեռք բերեց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը, որը պատկանում էր մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին, որը հետո նվիրեց պետությանը: Մինչեւ գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների հետ: Այժմ զբաղվում է ալյուրի, ձվի, ձկան կերի արտադրությամբ։


«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հրաժարական ներկայացրեց ԱԺ։ Ապա ժամը 14։00-ին ՄԻՊ գրասենյակում ժողով հրավիրեց, որ տեղեկացնի հրաժարականի մասին։ ՄԻՊ աշխատակազմից մեզ պատմեցին, որ իր խոսքը Գրիգորյանը սկսել է աշխատակազմին շնորհակալություն հայտնելով, հետո նրանց առաջ արդարացել է․ «Ես ուզում էի ինքս ձեզ հայտնել, սակայն «Հրապարակն» առաջ ընկավ»․ մենք լուրը հրապարակել էինք առավոտյան։ Գրիգորյանը տեղեկացրել է, թե երեկ է նոր աշխատանքի առաջարկը ստացել ու համաձայնել, մինչդեռ մենք 4-5 օր առաջ գիտեինք, որ նա հրաժարական է տալու եւ այլ պաշտոնի է գնալու։ Գրիգորյանն աշխատակազմին չի մանրամասնել, թե ինչ նոր աշխատանքի մասին է խոսքը։ Երեկ նա ՄԻՊ աշխատակազմի իր կադրերին շնորհակալագրեր է բաժանել։ Ժողովի ավարտից հետո աշխատակիցները ցրվել են իրենց սենյակները, բայց քիչ անց բոլորին կրկին հավաքել են, որ Քրիստինե Գրիգորյանին հրաժեշտ տան։ Աշխատակիցները զարմացել են, թե ինչու են հիմա հրաժեշտ տալիս, չէ՞ որ ՄԻՊ-ի հրաժարականը հաստատվում է այն դեպքում, երբ նա 1 շաբաթ հետո պնդում է իր հրաժարականը, այսինքն՝ 1 շաբաթ դեռ պետք է պաշտոնավարի։ Սակայն Գրիգորյանը հավաքել է իրերն ու երեկ հեռացել, աշխատակազմին ասել են, որ այլեւս չի գալու։ Ստացվում է, որ մեկ շաբաթ ՄԻՊ գրասենյակը դե ֆակտո ղեկավար չի ունենալու։ Ինչ վերաբերում է Գրիգորյանի հետագա ճակատագրին, ապա դրա վերաբերյալ 2 տարբեր տեղեկություն կա՝ որ նա ԲԴԽ է գնալու կամ որեւէ միջազգային կառույցում դեսպան է նշանակվելու։ ՄԻՊ աշխատակազմում շունչները պահած սպասում են եւ մամուլ կարդում, որ իմանան, թե ՄԻՊ-ի պաշտոնի համար ինչ թեկնածուների անուններ են շրջանառվում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամները կլքեն իրենց պաշտոնները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի ապրիլին լրանում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետները, ուստի նրանք կհեռանան ԲԴԽ-ից:


«Փաստ» օրաթերթը գրում է. Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և դասախոս Էմմա Սարգսյանի գործով դատական հերթական նիստին ևս չէր մասնակցում գործով անցնող առանցքային վկան՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Ի դեպ, հենց վերջինիս հարցաքննությունն էր նախատեսվում: Հավելենք, որ արդեն չորրորդ անգամ է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան: Այս անգամ նա պատճառաբանել էր, թե ինչ-որ կարևոր խորհրդակցության պետք է մասնակցի: Սա առնվազն տարակուսանքի տեղիք է տվել դատաքննության մասնակիցներին, քանի որ հազիվ թե ուսխորհրդի նախագահն այնպիսի մի խորհրդակցության մասնակցեր, որը թույլ կտար չներկայանալ դատարան: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում Ալիյանը խուսափում է դատաքննությունից, քանի որ բավականին լուրջ անհանգստություններ ունի, որ իր կարգավիճակը կարող է փոխվել: Իրավապահ համակարգում «Փաստ» թերթի աղբյուրը հայտնում է, որ այդ անհանգստությունները, մեղմ ասած, այնքան էլ անհիմն չեն: Բանն այն է, որ հենց նա է համապատասխան թվով ուսանողներ ապահովելու համար նյութական շահագրգռության հարց բարձրացրել: Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Թոռնիկ Ալիյանը ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ զրույցում հենց ինքն է գումարային թեմաներ «բացում», չնայած, ինչպես վկաներից մեկն էր նշել, նա գնացել էր «հստակ մտադրությամբ՝ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ»: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Ալիյանը նաև փաստաբան է վարձել հետագա գործընթացներին պատրաստ լինելու համար: