3.10.2024
Ադրբեջանը հրաժարվել է Սահակաշվիլիին արտահանձնել Վրաստանին
prev Նախորդ նորություն

Լուկյանով. Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները չեն համապատասխանում նրա իրական հնարավորություններին

Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի և Թուրքիայի միջև իրական մրցակցություն գոյություն չունի. Անկարան անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պատճառով չի կարողանում մրցակցել Մոսկվայի հետ: VERELQ-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշել է Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի նախագահության ղեկավար, քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

«Կար ժամանակաշրջան, երբ Թուրքիան իր ամբիցիաների նշաձողը փորձեց բարձրացնել մինչև ամբողջ թյուրքախոս աշխարհը, սակայն շատ շուտով համոզվեց, որ նա այդքան ռեսուրս չունի: Հետագայում կար շրջան, երբ նրանք շրջվեցին դեպի Մերձավոր Արևելք, և այնտեղ նույնպես գործերն այնքան էլ հաջող չընթացան Անկարայի համար: Իմ կարծիքով, Թուրքիան այժմ մաքսիմալ նվազեցնելու է իր աշխարհաքաղաքական նպատակները, իր նկրտումները կհարմարացնի իր հնարավորություններին», - նշել է քաղաքագետը:

Մեկնաբանելով թուրքական իշխանությունների արձագանքը Վլադիմիր Պուտինի երևանյան այցին՝ Լուկյանովը նկատել է, որ այստեղ նույնպես Անկարան օրիգինալ չէ: «Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է, նա հերքում է Օսմանյան կայսրությունում 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը և շատ ցավոտ է արձագանքում այս կամ այն քաղաքական գործիչների քայլերին, ովքեր ընդունում են ցեղասպանության փաստը: Այն դեպքում, որ Ռուսաստանի նախագահը Երևանում շատ հստակ ընդգծել է իր դիրքորոշումը այդ հարցում», - ասել է փորձագետը: Դրան զուգահեռ այդ միջադեպը շուտով կհարթվի:

«Ռուսաստանը և Թուրքիան այսօր պրագմատիկ հարաբերություններ են զարգացնում, Թուրքիայի շահագրգռված չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմամբ: Անկարան այսօր ունի այլ օրակարգ: Թուրքիան առանց այդ էլ գժտվել է մեծ քանակությամբ կարևոր գործընկերների հետ, իսկ հարաբերությունները բավականին բարդ են սահմանների ողջ երկայնքով», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ այդ հայտարարել էր, որ ոչ Պուտինը, ոչ Օլանդը չպետք է մեկնեին Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյակին մասնակցելու համար: Նրա խոսքով, վերջինը, ով կարող է խոսել ցեղասպանությունների մասին Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան են: «Հենց Գերմանիան է հրահրել երկու համաշխարհային պատերազմները, որոնք մեծ զոհեր են բերել», - նշել է նա:

«Մենք կարծում ենք, որ մարդկանց զանգվածային սպանություններին չկա և չի կարող լինել որևէ արդարացում: Ռուսաստանը ի սրտե ցավակցում է հայ ժողովրդին, որը վերապրել է մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգություններից մեկը: Ավելի քան 1.5 միլիոն խաղաղ բնակիչներ սպանվել են, իսկ ավելի քան 600.000-ը վտարվել են իրենց տներից և զանգվածային բռնաճնշումների ենթարկվել»,- ընդգծել էր Պուտինը ապրիլի 24-ին Երևանում:
Ուորլիք. Փարիզում Նալբանդյանի հետ հանդիպումը դրական արդյունքներ է տվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում