23.11.2024
Ադրբեջանի պահանջն է, որ Գլխավոր շտաբի պետ չունենանք. այն կատարվում է. Դանիելյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ի՞նչը չի ներվում Դավիթ Տոնոյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, պետք է տեղի ունենար Դավիթ Տոնոյանի և մյուսների, կամ այսպես կոչված, «անորակ զենքի» գործով դատական նիստը: Նախատեսվում էր, որ պետք է քննարկվի Տոնոյանի փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու մասին: Սակայն դատական նիստն այդպես էլ չի կայացել: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանի աշխատակազմից իրենց տեղեկացրել են, թե նիստը տեղի չի ունենալու, քանի որ նախ՝ դատավորը անձնական պատճառներով աշխատանքի չի գալիս, ապա և ուղեկցողները չեն կարող ապահովել Տոնոյանի տեղափոխությունը՝ մայրաքաղաքի փողոցներում առկա վիճակի հետ կապված: Նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով, ինչը նշանակում է, որ առնվազն նույն անորոշ ժամանակով Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Այս հանգամանքը ուշագրավ է հատկապես այն առումով, որ Տոնոյանի հետ նույն գործով անցնող մի շարք առանցքային դերակատարներ, այդ թվում՝ հենց Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Պատրոն Դավոն (Դավիթ Գալստյան), տարբեր խափանման միջոցներով հայտնվել են ազատության մեջ, մինչդեռ Տոնոյանը ոչ միայն շարունակում է մնալ անազատության մեջ, այլև ըստ էության հարցը չի էլ քննարկվում. հունվարից այս կողմ գրեթե նորմալ նիստ չի եղել, իսկ ապրիլին ընդհանրապես որևէ նիստ չի կայացել: Մենք դեռ օրեր առաջ էինք գրել, որ, մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անելու են՝ Տոնոյանին տևական ժամանակ կալանավորված պահելու համար: Հետաքրքիր կլիներ ժամանակի հետ հասկանալ, թե ի՞նչը չի ներվում Դավիթ Տոնոյանին, որ ներվեց Պատրոն Դավոյին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենի խորհրդարանում երեկ իշխող ուժի պատգամավորները բաց տեքստով հայտարարում էին առաջիկայում ձեռնարկվելիք ռեպրեսիաների, հանրության տարբեր խավերին ճնշելու մասին։ Վահագն Ալեքսանյանն ուղիղ ցուցումներ էր տալիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թե լավ չեն իրականացնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, ինչի հետեւանքով էլ նախկիններն այսօր այդ «գույքով» փողոցներ են փակում։ Ալեքսանյանի «կռիվը» բեռնատարների դեմ էր։ «Սիրելի քաղաքացիներ, այն գույքով, որը դուք մեզնից պահանջում եք սեփականացնել, այդ գույքով ձեր ճանապարհն են փակում: Դանդաղում ենք, պարոն գլխավոր դատախազ, ապօրինի գույքի բռնագանձման հարցում: Այդ 500 հազար դրամ ստացած փոխնախարարն անցնո՞ւմ է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով»,- ասաց նա՝ ըստ էության, դատախազին ուղղորդելով նախկին պաշտոնյայի կողմը։ Նշենք, որ, ըստ համացանցում հայտնված տեղեկությունների, բեռնատարները պատկանում են ՀՀԿ-ական նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի ընկերությանը։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ սպառնում էր հոգեւորականներին ու շոու բիզնեսի ներկայացուցիչներին, թե հետեւություններ կանեն, եւ այդ խավն անձամբ «կծանոթանա» հետեւություններին։ «Ժամանակին շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը, մարտի 1-ից սկսած, սեւ քողերի տակից հանել»,- ասում էր Սիմոնյանը՝ սպառնալով․ «Մենք ենք մեղավոր, ոչինչ, հետեւություններ կարվեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ այն մասին, որ ԱԺ-ում օրերս տեղի ունեցած ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո մի քանի թիմակիցներով քննարկել են տարբերակ, որ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները (որոնք այս օրերին բոյկոտել են ԱԺ նիստերը) սկսեն մանրազնին հաշվել։ Եվ երբ ԱԺ նստաշրջանի կեսից ավելի բացակայությունների սահմանը հատվի, քննարկել են բարձրացնել ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը՝ սկսելով այդպիսի պրոցես։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին՝ հետաքրքրվելով՝ կա նման բան, թե ոչ. «Չի կարող իրականությանը համապատասխանել, քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն եւ ԱԺ աշխատակարգով սահմանված կանոնակարգումների համաձայն՝ ԱԺ քարտուղարությունն արձանագրում եւ յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացնում պատգամավորների՝ նիստերից բացակայելու վերաբերյալ։ Այս ամիս եւս բացառություն չէ, եւ տվյալ գործընթացը որեւէ կերպ կախված չէ ԱԺ նախագահից»,- նշեց նա։ Ստացվում է՝ Ծովինար Խաչատրյանը չի հերքում, որ այդպիսի գործընթաց լինելու է, սակայն հղում է արվում «ԱԺ կանոնակարգ» օրենքին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության սկսած պայքարը Ֆրանսիայի հրապարակ է բերել հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկիններից շատերին, սակայն պայքարի երբեմնի առաջամարտիկ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի երեւում հրապարակում։ «Ինչո՞ւ, էլ չե՞ք պայքարում»․ մեր հարցին երեկ Ղուկասյանը հեռախոսով պատասխանեց․ «Ես անպայման պիտի գամ էդտեղ, որ ինձ տեսնե՞ք։ Ես ժողովրդի հետ եմ, թուրքին դեմ եմ, թուրքի հետ բարեկամությանը դեմ եմ»։ Տանը նստա՞ծ եք ակտիվ պայքարում։ «Թույլ տուր ես որոշեմ, ու պետք չի էդ մասին բարձրաձայնեմ։ Ով պիտի իմանա՝ գիտի, հիմա իմ տարիքը չի էլ բարձրաձայնելու»։ Վախենո՞ւմ եք խոստովանել։ «Ես վախենալու բան չունեմ, երկու հոգին գաղութում են, տղաներս նստած են օդի մեջը, իմ վրա էլ տասնյակ գործ է հարուցված, էլ դրանից ավել ի՞նչ պիտի անեն»։ Մեր հարցին՝ ընդդիմադիրներն այս անգամ կհաջողե՞ն, Ղուկասյանը պատասխանեց․ «Էդ հարցը պիտի ուրիշի տաս, իրանք քեզ հստակ կպատասխանեն, իրանց սցենարը սահուն գնում է առաջ, ամեն ինչ պայմանավորված անում են, իրենց ով բերել է, հենա՝ սահուն կերպով անում է, թող ամեն ինչ ավարտեն, մենակ թե ժողովրդին լավ լինի»։ Ո՞վ է բերել։ «Դուք լավ գիտեք»։ Իշխանությունը կհեռանա՞։ «Դուք էլ գիտեք, որ կհեռանա»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ են ցույց տալիս այս օրերի իրադարձությունները: Նախ՝ պարզ դարձավ, որ չնայած ամեն ինչ արվել է արժեքային համակարգը ջնջելու համար, բայց մեր երկրում մեծամասնությունն ունի հայրենիքի ու ազգայինի, արժանապատվության զգացողություն և պատրաստակամ է տեր կանգնել Հայաստանին ու Արցախին: Ցավոք, ամենավտանգավորն այն է, որ դեռևս կան անտարբեր մարդիկ, որոնք առայժմ չեն զգում իրական վտանգը, որ սպառնում է բոլորիս Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման դեպքում: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը չէր էլ թաքցնում, որ իր գլխավոր խնդիրը բախում հրահրելն ու ժողովրդի դեմ բռնի ուժ կիրառելն է: Հնարավոր ու անհնար բոլոր գծերն անցած անձը երեկ խոսում էր գծերի ու «ժողովրդավարությունը թուլության հետ չշփոթելու մասին», այսինքն՝ սպառնում էր հայ ժողովրդին: Մինչ այդ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սադրիչ հայտարարություն արեցին, թե իբր տեղեկություն ունեն, որ ԱԺ շենքը «զավթելու» են ընդդիմադիրները: Ի սկզբանե հասկանալի էր, որ դա իշխանությունների ցանկությունն է՝ ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ստանալու համար: Երրորդ՝ որքան էլ ցույց են տալիս, որ հանգիստ են, ԱԺ երեկվա նիստը ցույց տվեց, որ ամբողջ թիմը սարսափի մեջ է: Դրա վկայությունն էին նաև անհավասարակշիռ շարժումներով ծափահարություններն ու օվացիան, երբ ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը: Դրա վկայությունն են նաև քպականների՝ այս օրերի ջղագրգիռ ելույթները, ինչպես նաև երկրով մեկ ու հատկապես կառավարության և ԱԺ-ի մոտ հազարավոր ոստիկաններ լցնելը: Չորրորդ՝ իշխանությունները երեկ հենց իրենք մատնեցին, որ երկրի գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով համաժողովրդական շարժումն է: Ինչո՞ւ: Որովհետև նույնիսկ իրենք իրենցով մնալով՝ շարժման մասին հարցից զատ ուրիշ ոչ մի հարց չհնչեցրին Փաշինյանին ու կառավարությանը: Այսինքն, ուրիշ ոչ մի հարց իրենց չի հետաքրքրում: Վերջապես, հինգերորդ. ժողովրդի դեմ բիրտ, անմարդկային, անհամաչափ ուժի կիրառումը, թեկուզ հենց միայն դրա ցանկությունը միշտ վերջնական կործանման սկիզբ է դառնում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչական շրջանների եւ պետական գերատեսչության աշխատակիցներին խստիվ զգուշացվել է, որ չմասնակցեն ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին ու երթերին, իսկ եթե որեւէ մեկին «բռնեն» դեպքի վայրում, ապա նրանք հրաժեշտ կտան աշխատանքին։  Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ եթե պայքարի առաջին օրերին իշխանությունը համոզված էր, որ շարժումը գնալով մարելու է, եւ մարդիկ ցրվեն, ապա վերջին օրերին բողոքի ակցիաների թափը նրանց ստիպել է վերանայել իրենց դիրքորոշումը եւ կանխել պայքարը, թույլ չտալ, որ այն ձնագնդի էֆեկտով օրեցօր մեծանա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանում ընդդիմության կողմից իրականացվող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ուշագրավ իրադարձություններ են ընթանում պետական կառավարման համակարգում: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունն ամեն գնով փորձում է վերահսկողություն սահմանել, որպեսզի պետական համակարգի աշխատողները չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին ու երթերին, ավելին՝ իշխանությունը փորձում է կանխել պետական ապարատում ընդդիմադիր «բջիջների» ձևավորման գործընթացը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մի շարք գերատեսչություններում կազմել են ոչ քպական աշխատակիցների ցուցակները, որպեսզի էլ ավելի ուշադիր հետևեն նրանց բոլոր քայլերին, իսկ ոմանց արդեն ծանուցագրեր են ուղարկվել՝ երկամսյա ժամկետում աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Մեր մեկ այլ աղբյուր էլ փոխանցել է, որ գրեթե բոլոր նախարարություններում ստեղծված են «միավորներ», որոնք ամենայն մանրամասնությամբ հետևում են ընդդիմության ցույցերին և ֆիքսում իրենց աշխատակիցներին, ինչպես նաև շատ ավելի հետևողականորեն մոնիթորինգի են ենթարկում սոցցանցերը՝ հասկանալու, թե «ինչ են շնչում» պետաշխատողները։ Չնայած այս բոլոր միջոցառումներին, մեր տեղեկություններով, պետական գերատեսչություններում գերակշռում են հայրենիքի ապագայով մտածող քաղաքացիները, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականությանը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ի դեմս խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, խոսելու պարտականությունը հանձն առած, մեկը մյուսին հերթ չտալով, այս օրերին ամենատարբեր պիտակներ ու գնահատականներ են տալիս ընդիմությանն ու առանձին գործիչների։ «Թալանչիներ», «ռեւանշիստներ», «սուտ խոստումներ տվողներ». այս ու նմանատիպ այլ բնութագրումներ են տալիս մերօրյա իշխանավորները՝ հաճախ մոռանալով, որ «նախկինների» մեջ նաեւ իրենց հարազատներն ու արյունակցական ազգականներն են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, օրինակ, վերջին օրերին ունեցած հարցազրույցների ժամանակ ընդդիմադիրներին անվանում է «վատ հասկացողների խումբ», «ստերի պղպջակներ արձակողներ», «ռեւանշիստներ», «ժողովրդին չսիրողներ», որոնք պատերազմ են ուզում, եւ այլն։ Հետաքրքիր է՝ ընդդիմադիրներին նման գնահատական տալով՝ արդյոք իր հարազատ մորեղբորը՝ Ռուբեն Հովհաննիսյանի՞ն էլ նկատի ունի, որ երկար տարիներ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետն է եղել եւ այս օրերին ամեն օր Ֆրանսիայի հրապարակում է։ Պատգամավոր Հովհաննիսյանը, չենք կարծում, թե տեղյակ չէ, որ հարազատ քեռին նույնպես իր եւ իր ղեկավարի հրաժարականն է պահանջում ու մասնակցում այս օրերին Երեւանի փողոցներում ընթացող անհնազանդության ցույցերին։ Այս մասով «Ժողովուրդ» օրաթերթը ցանկանում էր նաեւ ՔՊ խմբակցության քարտուղարի տեսակետը լսել, նա, սակայն, մեր զանգերն անպատասխան թողեց։ Օգնականը նույնպես, որ խոստացել էր մեր՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքն իր վերադասին հասցնել, այդպես էլ հետադարձ կապի դուրս չեկավ մեզ հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանից Արցախ ժամանած մտավորականներին պատմել է, որ դեռեւս պատերազմից առաջ իրենք որոշել էին սկսել ստորգետնյա ամրոցների` բունկերների կառուցումը, քանի որ գիտեին, որ պատերազմն անխուսափելի է: Նախատեսում էին կառուցել 100 հատ նման ամրոց, որոնք թշնամու հարձակման դեպքում հզոր պաշտպանություն կապահովեին: Նա ասել է, որ դրանցից 17-ի վրա շինարարությունն արդեն սկսել էին, մեկն անգամ ավարտին էր մոտենում, որն օգտագործել են պատերազմի ընթացքում եւ այդ դիրքում 44 օրվա ընթացքում ոչ մի զոհ չեն ունեցել, քանի որ բանակն ապահով պատսպարվել է այնտեղ: Նա ափսոսանքով նշել է, որ եթե կես տարի ուշ սկսվեր պատերազմը, այդ ամրոցները կառուցված կլինեին, եւ մենք այդքան զոհ չէինք ունենա, քանի որ սեպտեմբերի 28-ին արդեն որոշել էին դադարեցնել մեծ թվով շինաշխատանքներ եւ բոլոր ռեսուրսները ծախսել այդ ամրոցների կառուցման վրա: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 3 տարի «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» կալանքի տակ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, համաներմամբ ազատ կարձակվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան եւ կալանավորվել: Ավելի ուշ նա ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ վերաքննիչի որոշումը, եւ նրան կրկին կալանավորեցին։ 2021 թվականի հունիսի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման: Հիմա տեղեկացանք, որ շուտով նա համաներմամբ ազատ կարձակվի»: