VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը եւ չանդրադառնալ երկու ժողովուրդների միջեւ առկա որեւէ կոնֆլիկտային թեմայի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հայոց ցեղասպանության թեմային, այլեւ ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին եւ այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։ Մեր աղբյուրն ասում է՝ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ վերջին ամիսներին այդ պատերազմի մասին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ցանկացած խոսակցության մեջ կիրառում են բացառապես «44-օրյա պատերազմ» կամ «ադրբեջանական ագրեսիա» տերմինները, մինչդեռ 2020-ի վերջին եւ 2021-ի սկզբին շատ էր խոսվում թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին։ Թուրքերի գլխավոր պահանջն է՝ մոռանալ անցյալը, փակել պատմության սեւ էջերը, չհիշել անգամ 2020 թվականը եւ առաջ նայել՝ դեպի հայ-թուրքական եղբայրական լուսավոր ապագա։ Իշխանական թիմին նույնպես ասվել է, որ վերանայեն իրենց լեքսիկոնը եւ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը կոնկերտ ու հասցեական չի ներկայացնում, թե 2018-ից մինչեւ օրս Հայաստանում օտարերկրյա ներդրումները խոչընդոտող կոռուպցիոն քանի ու ինչ բնույթի երեւույթներ է բացահայտել եւ կանխարգելել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով ԱԱԾ հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե «2018 թ. հոկտեմբերից ՀՀ ԱԱԾ-ում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարն է», հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ մոտ 4 տարվա ընթացքում ուժային կառույցն ինչ բնույթի բացահայտումներ է արել: Մեր հարցմանն ի պատասխան՝ պատասխանել են, թե «օտարերկրյա ներդրումները խոչընդոտող երեւույթները բազմաբնույթ են եղել: «Նշված երեւույթների բացահայտումն ու կանխարգելումն իրականացվել է բացառապես օպերատիվ-հեռախուզական միջոցառումների շրջանակում, որոնց արդյունքները գաղտնի են»,- ասված է ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանի մեջ: Թե 4 տարվա ընթացքում ներդրումների ոլորտում ԱԱԾ-ն կոռուպցիոն ինչ սխեմաներ է բացահայտել, քանի դեպք է ջրի երես հանել, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի բնակիչները, փաստորեն, իմանալ չեն կարող. պետական գաղտնիք է: Իսկ մինչ այդ խոսվում էր «ժողովրդից թաքուն ոչինչ չի լինելու» սկզբունքի անխախտության մասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոսեց հավկիթի շուկայում տիրող իրավիճակի մասին եւ ահազանգ ներկայացրեց: «Ես ահազանգ եմ ստացել, որ «Շիրակ»-ի թռչնաֆաբրիկան արտաքուստ շատ լավ բան է արել եւ հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները, եւ քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ «Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկան բաժանելու է իր 8 հազար հավերը եւ փակվելու է, 88 աշխատող մնում են անգործ: Արդյոք սա ազատ մրցակցության դրսեւորու՞մ է, երբ խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, եւ փոքր ընկերությունները խեղճանում են», – նշեց նա: Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի ուշադրությունը հրավիրեց տիրող իրավիճակի վրա՝ նաեւ ասելով, թե «Աշտարակ» ընկերությունից ահազանգ է եղել, սակայն Գեղամ Գեւորգյանն այդպես էլ չի արձագանքել: «Այդքան օրենսդրական փոփոխությունները չե՞ն օգնում, որ ավելի օպերատիվ աշխատեք եւ խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքեք: Կցանկանայի նաեւ, որ այստեղից արձագանքեիք Քովիդ-թեստերի ուսումնասիրության Ձեր արդյունքները: Դուք նոեմբերին խոստացել էիք ուսումնասիրել եւ ներկայացնել, թե ինչու են Քովիդ-թեստերի գներն այդքան տարբեր՝ 8500-15 հազար դրամ, իսկ օդանավակայանում էլ աստղաբաշխական թվեր են: Դուք խոստացել էիք ուսումնասիրություն հրապարակել. անցել է երեք ամիս, սակայն արդյունքներն առկա չեն»։ Եվ չնայած պատգամավորի հայտնած մտահոգություններին՝ Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որեւէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում: «Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաեւ ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները եւս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-նշեց Գեւորգյանը: Նա փորձում է արդարանալ, սակայն փաստերն ինքնին խոսուն են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հարցը, Մամիկոն Ասլանյանին իշխանությունները մի քանի ամիս է՝ պատանդ են պահում՝ շինծու քաղաքական հոդվածով: Իսկ ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստանը» դատական հայցերով նպաստում է, որ Վանաձորում իշխանություն չընտրվի, եւ ավագանու նիստեր չգումարվեն, համայնքի ղեկավար էլ չընտրվի: ԼՀԿ-ն, հիշեցնենք, դիմել էր վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, կամ իրենց մանդատ տան, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը, որից հետո վերաքննիչ բողոք ներկայացվեց։ Դա մերժվեց, բայց վերաքննիչն իր որոշման մեջ ամրագրել է, որ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով առանձին նիստ պետք է հրավիրվի: Եվ այդ նիստը նշանակվել է հուլիս ամսին: Ակնհայտ է, որ իշխանությունն ուղղակի կաթվածահար է արել Վանաձորի կառավարումը, քանի որ ՔՊ-ն պարտվել է ՀՀ երրորդ քաղաքում: Տեղեկություններ կան, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ լուծարեն Վանաձորի ավագանին, նոր ընտրություններ անցկացնեն: Սակայն «Ասլանյան դաշինքից» ավագանի ընտրված Արթուր Օհանյանը երեկ մեզ փոխանցեց, որ ավագանին լուծարելու որեւէ հիմք չկա։ «Չմոռանանք, որ «Լուսավորը» վերաքննիչի մերժումից հետո դիմել է վճռաբեկ, եթե վճռաբեկը որոշում կայացնի, ըստ էության, այլեւս բեկանել չի լինի: Օրինական ձեւավորված ավագանի է, ինչի՞ պիտի լուծարվի: Մենք դեկտեմբերի 24-ին նիստ ենք արել, լիազոր ներկայացուցիչ նշանակել, որին դատարանը պատշաճ է ընդունել: Ո՞վ է ասում, թե նիստ չենք արել»,-ասաց նա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ իրադարձություններ են կատարվում։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վազգեն Ռշտունու՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը լքելուց հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանը ստիպել է Վազգեն Ռշտունու գրասենյակի պետ Աննա Աղայանին ազատման դիմում գրել ու գնալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Աղայանը հրաժարվում է՝ ասելով, որ չի կարող դիմում գրել, քանի որ դեռ աշխատանք չունի: Արդյունքում դատարանի նորանշանակ նախագահ Սահակյանը աշխատակազմին հրահանգում է Աննայի հետ չաշխատել, չշփվել, որ նա թողնի հեռանա։ Աննա Աղայանին այնպիսի հոգեբանական ճնշման են ենթարկում, որ վերջինս ստիպված դիմում է գրում ու հեռանում։ Ի դեպ, ըստ լուրերի՝ Աննա Աղայանին աշխատանքից հանելուց հետո են սկսվում Ռշտունու նկատմամբ հետապնդումները: Այսքանով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ դեպքերը չեն դադարում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մթնոլորտը դատարանում այնքան լարված է, որ դատավորներից շատերը եւ աշխատակազմն անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին բարեւ չեն տալիս: Այս իրավիճակների շուրջ զրուցեցինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հետ, որը վստահեցրեց, թե նման բան չկա։ «Բացառված է, այդ ո՞վ է նման բաներ ասում. բացառվում է»,- նշեց նա: Անդրադառնալով իրեն չբարեւելու հարցին՝ նա ասաց. «Չկա նման բան, նորմալ հարաբերություններ են, հիմա էլ ասում են, թե չեն բարեւում, ա~յ քեզ բան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում անպատժելի խումբ ձեւավորելու մասին մեր հրապարակումից հետո ոստիկանությունը կենդանության նշաններ է ցույց տվել: Նախօրեին ոստիկանության բաժին են տարվել միջադեպի մասնակից երկու կողմերի՝ Լիսկայի վարորդի որդու՝ Դերենիկ Ղուկասյանի, եւ Ափիկ Շալունցի որդու՝ Մացոյի ավտոմեքենաները: Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ չնայած Շալունցի ավտոմեքենայի վրա կան կրակոցի հետքեր, սակայն միջադեպի հերոսները մինչեւ երեկ ազատության մեջ էին, որեւէ մեկին բերման չեն ենթարկել, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը ձեւական ակտիվություն է դրսեւորում: Երեկ մեր լրագրողը ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվել է Գորիսում անպատժելիության մասին, սակայն պատգամավորն ասել է, որ տեղյակ է միջադեպից, եւ հաստատել է, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, ու առաջիկայում մեղավորները կպատժվեն: Ի դեպ, Գորիսում կարծում են, որ այս խմբի հովանավորներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն է: Եվ խումբն աշխատում է Գորիսի ընտրված իշխանությունների` քաղաքապետ-փոխքաղաքապետերի դեմ, հենց կենտրոնական իշխանությունների հրահանգով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «21-րդ դարի պատերազմները նախեւառաջ տեղեկատվական պատերազմներ են: Դա է պատճառը, որ ամիսներ շարունակ ռուսական քարոզչամեքենան կիրառում էր «ֆաշիստական Ուկրաինա», «նացիստ Զելենսկի» եզրույթները: Իսկ ներխուժումից հետո սկսվեց հզոր քարոզչական գրոհ` Սոլովյովի եւ կրեմլյան մյուս քարոզիչների ամենօրյա հաղորդումների չավարտվող եթերաժամերով: Երեկ ռուսական զինուժը խոցեց Կիեւի հեռուստաաշտարակը, որը նախապես անոնսավորվեց որպես «Ռուսաստանի դեմ տեղեկատվական-հոգեբանական հարձակումները» կանխելուն ուղղված քայլ: Մի բան պարզ է` պատերազմներում հաղթելու համար նախ մարդկանց ուղեղներն են լվանում, զրկում այլընտրանքային ինֆորմացիայի աղբյուրներից, հոգեբանորեն ճնշում, ապա ջախջախիչ հարված հասցնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ցանքատարծություններն ավելացել են, բայց բերքատվության ծավալները զգալի պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ դրանք 2021թ., 2020-ի համեմատ, 4500 հեկտարով պակասել են։ Ընդ որում, նկատենք, որ ցանքատարածությունները նվազել են 2016 թվականից սկսած, բայց 2021-ին, 2020-ի համեմատ, հակառակը՝ ավելացել են: Օրինակ՝ 2016 թվականին ՀՀ-ում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հեկտար, 2017-ին այն դարձել է 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900 հա, 2020 թվականին՝ 222 հազար 700 հա, իսկ 2021 թվականին դրանք կազմել են 227 հազար 200 հա: Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ մեկ տարվա ընթացքում զգալի պակասել է ցորենի բերքատվությունը՝ 34 հազար 800 տոննայով: Եւ որպեսզի պատկերավոր լինի, թե որքան է ցորենի բերքատվությունը պակասել, նշենք, որ 2016-ին հավաքված ցորենը կազմել է 350 հազար 400 տոննա: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, հետեւաբար մեր կողմից սպառվող ցորենի պաշարների զգալի մասը ներկրվում է, ոչ թե արտադրվում: Որոշ մասնագիտական հաշվարկներով՝ Հայաստանում եւ Արցախում տարեկան սպառվել է 500 հազար տոննա հացահատիկ, որի 20 տոկոսը ներկրվել է Արցախից: Ըստ Արցախի կառավարության՝ հակառակորդին է անցել շուրջ 95 հազար հեկտար վարելահող, այսինքն՝ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90 տոկոսն անցել է հակառակորդին: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազար հեկտար ցանքս, որից շուրջ 50 հազար հեկտարը՝ հացահատիկային: