Արցախի Պաշտպանության բանակն աստիճանաբար դադարեցնում է իր գոյությունը. կարծիք
44-օրյա պատերազմի ավարտից հետո սա արդեն երրորդ զորակոչն է, երբ Հայաստանից զինծառայողներ չեն զորակոչվում Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Յուրաքանչյուր զորակոչ նշանակում է նաև զորացրում։ Այսինքն՝ սա արդեն երրորդ անգամն է, որ Պաշտպանության բանակը զորացում է իրականացնում՝ չհամալրվելով նոր զինծառայողներով։ Այս մասին մեր թշնամիներն անգամ երազում չէին համարձակվում պատկերացնել, նրանք պարզապես չունեին բավարար երեւակայություն: Այս իշխանություններն իրենց համար ճակատագրի նվեր են», - հայտարարել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Արցախի Պաշտպանության բանակի նման թուլացումը վտանգում է արցախցիների ճակատագիրը։ «Ստացվում է, որ Արցախի անվտանգության միակ երաշխավորը դառնում են ռուսական խաղաղապահ ուժերը, իսկ նրանք կարող են իրականացնել իրենց առաքելությունից բխող գործողություններ։ Այսինքն՝ նրանց առջև պաշտպանության, մարտերի վարման և այլ խնդիրներ չկան»,- ասել է Ղազարյանը։
Այլ կերպ ասած, կարծում է նա, մի կողմից կա Ադրբեջանը, որը շարունակում է ակտիվորեն զինվել նաև պատերազմից հետո, մյուս կողմից՝ Արցախը, որի բանակը նպատակաուղղված քայքայվում է։ «Դրան պետք է ավելացնել նաև հայկական իշխանությունների կողմից ադրբեջանական ձևակերպումների, այդ թվում՝ դիվանագիտական ձևակերպումների օգտագործումը։ Այս ֆոնին ակնհայտ է դառնում, որ այս իշխանության գալով՝ երկիրը պատուհասած աղետը պատերազմով չի ավարտվել», - հայտարարել է նա։