Հայաստանի իշխանությունները նպատակաուղղված եւ ծրագրված ձախողել են Հայոց բանակի 30-ամյա հոբելյանի տոնակատարությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վարչապետի վերահսկողության տակ գտնվող գերատեսչությունների ղեկավարներից ոչ մեկը հանդես չի եկել բանակի օրվա կապակցությամբ ուղերձով, ոչ մի մարզային կենտրոնում տոնական միջոցառում չի անցկացվել:
«Այսօր խոսվում է այն մասին, որ տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել կորոնավիրուսով մի շարք պաշտոնատար անձանց վարակման պատճառով։ Բայց մենք չենք տեսել, որ նրանք գոնե պլանավորվեն։ Ես աշխատել եմ որպես դեսպան եւ գիտեմ, որ միջոցառումներից 3 շաբաթ առաջ դեսպաններին եւ պաշտոնատար անձանց ուղարկվում են միջոցառման հրավերներ։ Դա արվում է նախապես՝ տալով նրանց հնարավորություն է պլանավորել իրենց ժամանակացույցը: Այ ինձ հետաքրքիր է, կա ինչ-որ մեկը, ով հրավեր է ստացել։
Բացի այդ, միջոցառմանը, ըստ գաղափարի, պետք է ելույթ ունենային մշակույթի գործիչներ, համույթներ, նվագախմբեր։ Երբ նախատեսվում է միջոցառման մասնակիցների մասին տեղեկատվությունը, որպես կանոն, հրապարակվում է ԶԼՄ-ներում։ Այս անգամ նման բան չի եղել։ Այլ կերպ ասած՝ տոնական միջոցառումը չի հետաձգվել, դրա անցկացումը, ըստ էության, չէր էլ նախատեսվում», - հայտարարեց Ղազարյանը։
Ընդդիմադիրը նշել է, որ արարողակարգային միակ միջոցառումը Եռաբլուր այցելությունն էր։ Իշխանությունների նման պահվածքի հիմնական ուղերձն այն էր, որ նրանք թաղել են բանակը, ուստի այդ օրն այցելում են միայն գերեզմանատուն, կարծում է Ղազարյանը։ Նա վստահ է, որ Հայոց բանակը թաղելը վաղաժամ է։ «Այդ պատերազմում ամենեւին էլ բանակը պարտություն չի կրել։ Ավելին ասեմ, հենց բանակն է խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի բոլոր ծրագրերի իրականացմանը», - ասել է նա։