25.11.2024
Իշխանության
prev Նախորդ նորություն

Փաշինյանի տհաճ ուղերձները Բաքվին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, արցախահայերին

Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում Փաշինյանը ոչ միայն ավիրեց բանակցային գործընթացի հայանպաստ հիմքերը, այլ բավականին տհաճ ուղերձներ հղեց Ադրբեջանին, միջնորդ կողմերի և որ ամենացավալին է՝ Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Ադրբեջանին և միջնորդներին առ այն, որ Արցախի հարցն իր օրակարգում այլևս գոյություն չունի և այդ թեմայով հետաքրքրված կողմերը կարող են խոսել Ռուսաստանի հետ, իսկ արցախցիներին բաց տեքստով ասեց՝ ով, ինչպես կարող է թող «իր գլխի ճարը տեսնի»։

Որքան էլ փաշինյանական իշխանությունը ճարպկորեն դուրս է մղում Արցախի հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի, հայկական քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու պարզապես հայի տեսակի պահպանությամբ և այս տարածաշրջանում գոյությամբ շահագրգիռ բոլոր հայերի խնդիրը պետք է լինի Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների գոյության կռիվը պահել համահայկական օրակարգում ու ճանապարհներ փնտրել 3 տասնամյակ առաջ հռչակված մեր ծրագրերի և նպատակների իրագործմանը։

Արցախում ապրող մարդը պետք է շատ հստակ իմանա, որ մենք նրանց երբեք մենակ չենք թողնի՝ ինչ էլ լինի, ով էլ իշխանության լինի։

Եվ ամենակարևորը՝ համընդհանուր ջանքերով, համահայկական ռեսուրսների մոբիլիզիացիայով պետք է սահմանել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու շարժվել այդ տրամաբանության ներքո",- գրել է պատգամավորը։