23.11.2024
Ի՞նչ կլիներ, եթե Պուտինը Ցեղասպանության հարցում վարվեր այնպես, ինչպես Օբաման
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը և Վրաստանը զորավարժություններ կանցկացնեն Վազիանի ռազմակայանում

ԱՄՆ-ի 200 զինվորական կմասնակցի Վրաստանի տարածքում անցկացվող «Բարձր մակարդակի գործընկեր» (Noble Partner) զորավարժություններին: Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տվյալներով, զորավարժությունները տեղի կունենան մայիսի 11-25-ը Վազիանի ռազմաբազայի տարածքում: Դրանց նպատակն է բարձրացնել վրացի և ամերիկացի զինվորականների համատեղելիության մակարդակը՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի(NRF) կազմում:

«ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը ստեղծվել են 2002թ.-ին: Դրանք բազմազգ զինված ուժեր են, որոնք կարելի է արագ տեղափոխել ցանկացած վայր: Noble Partner-ի շրջանակներում աշխատանքները տարվում են սկսած 2013թ.-ից, երբ Վրաստանը ցանկություն հայտնեց միանալ արագ արձագանքման ուժերին, իսկ ԱՄՆ-ն իր վրա վերցրեց ծրագրին Վրաստանի մասնակցության ֆինանսավորումը: Այս զորավարժությունները՝ ԱՄՆ-ի և Վրաստանի երկկողմ ռազմական համագործակցության շարունակությունն են»,- հայտնել է Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատունը, փոխանցում է apsny.ge կայքը:

Ինչպես մինչ այդ հայտնել էր VERELQ-ը, ՆԱՏՕ-ն և Վրաստանը 2015թ.-ի ամռանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: «Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի իմպլեմենտացիան շատ լավ տեմպերով է ընթանում: Մեր մասնագետները օգնում են Վրաստանին համատեղ ուսումնամարզական կենտրոն ստեղծելու հարցում: Մենք արդեն ընտրել ենք հիմնական խմբի անդամներին, որոնք շուտով կժամանեն երկիր և մենք Վրաստանի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնենք ամռանը», - հայտարարել էր Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանիի ռազմակայանը լավ շանսեր ունի դառնալու ՆԱՏՕ-ի նոր ուսումնամարզական կենտրոն:

Միևնույն ժամանակ Թբիլիսին այս պահին փորձում է որոշակի շտկում մտցնել իր արտաքին քաղաքական ուղենիշում՝ ուղղելով այն Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հուն: Այդ քաղաքական ուղղության ինդիկատորներից մեկը, ըստ փորձագետների, հանդիսանում է եվրաատլանտյան կառույցներին Թբիլիսիի ինտեգրման վառ կողմնակից, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունը 2014թ.-ի նոյեմբերին:

Այս համատեքստում կարելի է դիտարկել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այն հայտարարությունը, որ Թբիլիսին շարունակելու է դեպի ԵՄ ինտեգրացիայի և Ռուսաստանի հետ երկխոսության քաղաքականությունը: Այդ քաղաքականության արդյունքը, ըստ վարչապետի, վրացական ապրանքների վերադարձն է ռուսական շուկա:

Կհաջողվի արդյոք Վրաստանին ուժեղացնել նոր աշխարհաքաղաքական ուղենիշը՝ արագ տեմպերով ինտեգրվել ԵՄ և ՆԱՏՕ և բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ցույց կտա ժամանակը: Սակայն փորձագետները այդ քաղաքական ուղենիշի հեռանկարին կասկածամտորեն են մոտենում՝ հատկապես Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի բարդացան և Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման պարագայում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ: