Այսօր կրկին անդրադառնալու եմ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի գրառմանն, այս անգամ տեքստի բովանդակության ներքին հակասության համատեքստում: Նազելի Բաղդասարյանը հայտարարում է․«ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել»։ Սակայն նույն տեքստի հաջորդ հատվածում հավելում է․ «Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է»։ Ու հենց այստեղ է թաքնված Նազելի Բաղդասարյանի, իրականում՝ Փաշինյանի մտքի հակասությունը, ավելի ստույգ՝ հասարակությանը մանիպուլացնելու փորձը: Եթե մենք չենք արտապատվիրակում իրավազորությունը, ապա ինչպես կարող է ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումը անցնել այլ սուբյեկտի ձեռքը՝ առավել ևս, եթե խոսքը վերաբերում է պետության անվտանգության ու տնտեսական ինքնիշխանության առանցքային օղակներին։ Մանրմամասնեմ, հստակեցնեմ միտքս: «Կառավարում» նշանակում է որոշումներ կայացնելու լիազորություն՝ կապված շահագործման, գների, մուտքի կամ օգտագործման պայմանների հետ։ Եթե այդ լիազորությունը փոխանցվում է օտար պետությանը կամ նրա վերահսկողության տակ գտնվող կառույցին, ապա գործնականում մենք ստանում ենք սուվերենության սահմանափակում, եթե նույնիսկ ֆորմալ առումով Հայաստանի սուվերենությունը, իրավազորությունը պահպանվում են: Այսպիսով՝ պնդումը, թե «չենք արտապատվիրակում իրավազորությունը», բայց «կարող ենք արտապատվիրակել կառավարումը», լոգիկ առումով հակասություն է։ Տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միայն քարտեզի գծերը չեն․ դրանք նաև էներգետիկ և տրանսպորտային համակարգերի վերահսկողությունն են։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց