Աբրահամյան․ իշխանությունը նախապես որոշում է՝ ում հետապնդել, ում զրպարտել, ում բանտարկել
Լուսանկարը` parliament.am
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը վաղօրոք ծրագրում է, թե ում պետք է հարվածի՝ քաղաքական հետապնդումների նոր փուլ սկսելու նպատակով։ Ըստ նրա՝ Հայաստանում այլևս չկա մի քաղաքացի, որը կարող է վստահ լինել, որ ապահովագրված է քաղաքական բռնաճնշումներից։
Ֆեյսբուքում հրապարակված գրառման մեջ Աբրահամյանը նշել է, որ որոշների դեմ գործեր սկսել են սարքել դեռ երեք տարի առաջ, որոշների՝ մեկ տարի առաջ, սակայն իշխանության համար բավական է մեկ օր՝ մարդուն զրպարտելու, վարկաբեկելու և կալանավորելու համար։
Նա կոչ է արել ընդդիմությանը դադարեցնել պասիվ պաշտպանությունը և անցնել հարձակողական մարտավարության, որը պետք է նպատակաուղղված լինի քաղաքական օրակարգ թելադրելուն, իշխանության գործողությունները վերահսկելուն և նրան պարտադրելու շարունակաբար սխալվել, մինչև վերջնական ձախողումը։
Տիգրան Աբրահամյանի հայտարարության ֆոնին Հայաստանում աճում է մտահոգությունը վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալությունների շուրջ, որոնք առնչվում են ինչպես ընդդիմադիր գործիչների, այնպես էլ հոգևորականների։ Մասնավորապես, կալանավորվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տեր Բագրատ Սրբազանը, ինչպես նաև մի շարք նրա համախոհներ։ Նրանց մեղսագրվում է իշխանության բռնի զավթում նախապատրաստելը։ Ավելի ուշ ձերբակալվել է նաև արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը, որի շուրջ դեպքերը բողոքի ալիք են առաջացրել հավատացյալների շրջանում։ Ավելի վաղ կալանավորվել էր գործարար Սամվել Կարապետյանը, որը հրապարակավ հանդես էր եկել իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությամբ։
Ընդդիմադիր ուժերը մտահոգություն են հայտնում, որ տեղի ունեցող գործողությունները կարող են ունենալ քաղաքական շարժառիթ։ Մինչդեռ իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ հարուցված քրեական գործերն ամբողջովին իրավաչափ են։