2.07.2025
Կենտրոնական Ասիան դիտարկում է Իրանի ճանապարհի հուսալիությունը
prev Նախորդ նորություն

Կրքեր՝ Սրբազանի շուրջ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Միքայել Աջապահյանը ձերբակալությունից ժամեր անց` կալանավորումից առաջ, մերժեց վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ հոգեւոր գործը վեր է դասում ամեն ինչից: Հետո լուրեր տարածվեցին, որ այդ հարցում նա չի ստացել կաթողիկոսի օրհնությունը, որը, ըստ երեւույթին, հույս ունի՝ իրավիճակը չսրել եւ արժանանալ Փաշինյանի բարեգթությանը: Բայց լավատեղյակներն ասում են` իզուր, հաջորդ թիրախն ինքն է լինելու։


Մեր տեղեկություններով, Աջապահյանի թեկնածությունն առաջարկած Էդմոն Մարուքյանը չի հանձնվում եւ աշխատանք է տանում, որ Վեհափառը հավանություն տա Աջապահյանին առաջադրելուն, որի շուրջ աննախադեպ կոնսոլիդացիա կա` 36 պատգամավորի ստորագրություն, ինչը բավարար է, որ նախագիծը դրվի շրջանառության մեջ։ Աջապահյանը, ի դեպ, նախկին հարցազրույցներում  չի բացառել իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ եթե Վեհափառն օրհնի՝ ինչո՞ւ ոչ։ Թե ում միջոցով է Մարուքյանը բանակցում Վեհափառի հետ, չեն բացահայտում։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Մարուքյանի թեկնածությունն առաջարկեցին, սակայն ընդդիմադիրները չմիացան։ Եկեղեցու վրա գրոհի օրը Մարուքյանը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը եւ առաջարկում է Աջապահյանին: «Հայաստան» դաշինքն իր համաձայնությունը տվեց, «Պատիվ ունեմ»-ը եւս համաձայնեց, բայց՝ 2 ժամվա պաուզայից հետո, երբ Աջապահյանը մերժել էր առաջարկը։ Լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանն է Վեհափառին խորհուրդ տվել՝ հետ պահել Սրբազանին։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու գործերով առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին օրերին շատ քննարկվեց հանրային դաշտում: Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել եւ հանուն պաշտոնի ուրանալ ամեն ինչ։ Մելքոնյանի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ նա ոչ միայն իրավական հարցերում օրինավոր ու բարեխիղճ չէ, այլեւ՝ բարոյական, ընտանեկան: Նրա ընտանեկան, ընկերական շրջապատում երկար ժամանակ քննարկման առարկա է եղել վերջինիս բարոյական նկարագիրը, երբ բավականին երիտասարդ կնոջ հետ է կապվել եւ հեռացել ընտանիքից։ Մ․ Մելքոնյանը, հիշեցնենք, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, նա ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել անմեղ մարդկանց նկատմամբ, այլեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է դատել:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած ՀԷՑ-ի ազգայնացման գործը դեռ սաղմնային շրջանում է, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն քասթինգ է հայտարարել ՀԷՑ-ի պետական կառավարչի տեղի համար: Նա, երկրի կառավարումը թողած, հարցազրույցներ է անցկացնում թեկնածուների հետ։ Հիշեցնենք, որ ազգայնացումը պետք է իրականացվի պետական կառավարչի մասնակցությամբ։ Մեզ ասացին, որ պատկերը հուսադրող չէ, կադրերի դեֆիցիտ կա: Հավակնորդների թվում է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը՝ «Չինգո» մականունով։ Փաշինյանը չի ցանկանում «դրսից» մարդ նշանակել, որ էլցանցերի մոտ 7 հազար աշխատակիցներին ընտրությունների ժամանակ ուղղորդեն իշխանության կողմը։ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք` աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես տեղամասի պետ, ԲԷՑ ՓԲԸ-ում՝ որպես մասնաճյուղի տնօրեն: 2018թ. եղել է ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրենը, 2018-ից մինչեւ 2022թ. հուլիսի 21-ը՝ «Բիգ էներգո» ՍՊԸ-ի փոխտնօրենը, 2022թ. հուլիսին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները գրավոր դիմել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով տրամադրել իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփ զեկույցը` ծանոթանալու համար: Սակայն Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ՔՊ-ականներին հերթով մերժում է՝ չտրամադրելով այն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանը մերժման մեջ նշել է, թե պատգամավորները զեկույցին կծանոթանան այն ժամանակ, երբ ինքը ներկայացնի: Այսինքն` որոշել է միանձնյա ներկայացնել հանձնաժողովի անունից կազմված զեկույցը:


Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Քոչարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին հետեւող Ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը: «Աշնանային նստաշրջանը երբ սկսվի, սեպտեմբերի 27-ը քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի լիագումար նիստը, կա՛մ 30-ին կա՛մ դրա հաջորդող օրը լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում, եւ օրը վերջնական կորոշվի։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ հենց այդ օրը ներկայացվի՝ լիագումար նիստի ընթացքում»,- հայտարարել էր Քոչարյանը, որը մի քանի անգամ արդեն տարբեր օրեր է մատնանշել` իբրեւ զեկույցի հրապարակման ամսաթիվ, բայց չի կատարել իր խոստումը: Իրականում նրա ներկայացրած զեկույցն արդեն իրավազուրկ է, քանի որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է, եւ զեկույցը չի ներկայացվել օրենքով սահմանված ժամկետներում: Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Քոչարյանի զեկույցը լինելու է «ոչնչի» մասին. նա խորամանկ քայլեր է անում այն թաքցնելով բոլորից` փորձելով այդպես իր արժեքն ու ազդեցությունը բարձրացնել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին արված արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում: Խոսքը հետեւյալ գրառման մասին է. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»: «Ժողովորդ» օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ ԱԺ-ում հնչեցրած ձեւակերպումների վերաբերյալ էլ է վարչապետ Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող «համբալ» անհարգալից կոչականը:


Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու: Իսկ ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին՝ դժվար չէ կանխատեսել. նրան կա՛մ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կա՛մ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար՝ ընդհուպ ներկայացնելով հրաժարական: Թերեւս կլինի առաջինը:


Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել էր. «Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Հանձնաժողովից երեկ տեղեկացրել են ինձ, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերեւույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները»:


Պատգամավորը արձանագրել էր, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի եւ բարոյականության շրջանակներում։ «Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը եւ խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։ Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու եւ ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։ Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային՝ լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։ Պետական պատիվը սկսվում է խոսքից։ Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»,- գրել է պատգամավորը»։


«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել ՔՊ-ական պատգամավորներին։ Ըստ մոտ կանգնած աղբյուրների, նա հրահանգել է. «Ընդդիմադիրների քննադատությանը մեկին տասով պատասխանել, ցույց տալ ժողովրդին, որ ընդդիմությունն ԱԺ է գալիս զուտ աշխատավարձ ստանալու համար»: Այս մասին պատմեց մեր աղբյուրը։ «Հին ու նոր խառնեք ու խայտառակեք ոնց կարող եք, ոչ մեկին չխնայեք, թող հասկանան, որ սատանի մայլեն քյանդրբազությունը չի անցնում»,- ըստ աղբյուրի, ասել է թիմակիցներին»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 13-ին ձերբակալվեց ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնի չարաշահման եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը` 2 ամսով, որը հանրային գիտակցության մեջ խիստ պատիժ չէ, բայց դա այնքան էլ այդպես չէ: Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում տնային կալանքով իշխանությունները ձախողեցին Աբրահամյանի թոռան հարսանիքը, որը նախատեսված էր հունիսի 21-ին։ Հարսանիքը, որը վաղուց էր պլանավորված, նախորդ օրը հետաձգվել է անորոշ ժամանակով, մինչեւ պապը կարողանա ներկա գտնվել դրան: Հիշեցնենք, որ Աբրահամյանի թոռն ամուսնանում է Աշոտ Արսենյանի թոռնուհու հետ: Փաստաբաններն Աբրահամյանի տնային կալանքի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, բողոքը դեռ վարույթ չի ընդունվել։ Տեղեկացանք նաեւ, որ դատարանը թույլատրել է Հովիկ Աբրահամյանին՝ տեսակցել մերձավոր ազգականների հետ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի ներկայիս նախարար Գեւորգ Պապոյանը, ով փորձում է թաքցնել մինչեւ 2018 թվականն ուենցած իր ՀՀԿ-ական անցյալը, ՔՊ-ի օրոք դարձավ ոչ միայն նախարար, այլ նաեւ մի շարք կառույցների խորհրդի անդամ կամ նախագահ: Նա ՔՊ վարչության կազմում հայտնվեց եւ դարձավ առաջամարտիկ` փոխնախագահ, եւ այս ընթացքում կուտակեց կապիտալ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գեւորգ Պապոյանը 2018 թվականին գնել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում, հետո եւս մեկը գնել է 2022 թվականին. երկու բնակարաններն էլ Երեւանում են:
Որպես տրանսպորտային միջոց՝ նախարար Պապոյանը հայտարարագրել է 1992 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, բայց նա ծառայողական ավտոմեքենայով է երթեւեկում:

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա նախարարի բանկային ավանդները կազմել են 27 հազար 475 դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները գրեթե 4,2 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,9 մլն դրամ։
Տեղեկացնենք, որ Գեւորգ Պապոյանի՝ 2024 թվականի տարեկան եկամուտները կազմել են 25 մլն 414 հազար դրամ, որից 16 մլն 191 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, 2 մլն 984 հազարը՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Նախարարը 3 մլն 594 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ Պապոյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է եկամտահարկի վերադարձ 1 մլն 729 հազար դրամի չափով։ Նրա եկամուտների մյուս մասը վարկեր են տարբեր բանկերից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 386 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեւորգ Պապոյանը հանդիսանում է «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության եւ «Համաշխարհային Առեւտրի Կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի անդամ։

Գեւորգ Պապոյանը, լինելով նախկինների քաղաքականության կրողը, հանդիսանում է «Էնթերփրայզ Արմենիա» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Սա այն նույն ընկերությունն է, որը ղեկավարում է Արարատ Միրզոյանի կինը, իսկ խորհրդի կազմում է ամբողջ ՔՊ վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Արդեն կանխատեսումներ կան, որ այս հիմնադրամը դառնալու է ԱՆԻՖ-ի նման ձախողված մի հիմնարկ, որը պետբյուջեի համար արժեցավ 5 մլն դրամ:

Նկատենք նաեւ, որ Պապոյանը թաքցնում է մինչեւ 2018 թվականի իր քաղաքական անցյալը. նա 2005-ից 2018 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթեւի անդամ, սակայն Կառավարության կայքում տեղադրված կենսագրականում այդ մասին ոչինչ չկա: Նա խնամքով թաքցնում է «նախկին թալանչի ռեժիմ»-ի մասը կազմած իր անցյալը՝ կատաղի պայքարելով իր իսկ անցյալի դեմ»։


«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում իրավիճակ է փոխվել: «Ասիչ» հին գվարդիային փոխարինելու են գալիս Փաշինյանի պնակալեզները, որոնք վերջինիս ստատուսները ոչ միայն տարածում են, այլ մի բան էլ սկսում են ծավալվել «շեֆ ջանի» մեկնաբանություններում: Նեղսրտած ՔՊ-ական տղամարդիկ պատերի տակ բամբասում են, թե՝ այս առումով դիրքերը բավական առաջ է տվել պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, «պերվի կրուգ» ասողներից է դարձել՝ նախկինում հլու-հնազանդ ենթարկվողը»։


 

Իրանն ու ՌԴ-ն Ալիևի իշխանության քմահաճույքներին սկսել են ավելի կոշտ արձագանքել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով