23.10.2026
Լուսանկարը՝ armlur.am
07.10.2026
Հովիկ Աբրահամյանի եղբայրն ընդունել է մեղքը և վերականգնել 26 մլն դրամի վնասը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Արգամի Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։ Հիշեցնենք, որ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հեռու-հեռավոր 2015-2016 թթ. խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ Արարատի մարզի Մարամարաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Զավենի Հակոբյանին՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որը Մարմարաշեն համայնքի օրինական շահերին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.990.635 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այնուհետև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։ Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանն առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում։ Նա տարբեր տարիներին ղեկավարել է Արտաշատի գինու գործարանը, իսկ 1999-2008 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Նրա անունը կապվել է գինու և շինանյութերի արտադրության, ինչպես նաև ձկնաբուծության ոլորտներում գործող մի շարք ընկերությունների՝ «Արտաշատ Վինկոն», «Ջաս-Բետոն Շին» և «Մերի Ֆիշ» ընկերությունների հետ։ 2018 թվականին Մխչյանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքի գործով Հենրիկ Աբրահամյանը կալանավորվել էր։ 2022 թվականին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Սակայն համաներման կիրառմամբ նա ազատվել էր պատիժը կրելուց»։