23.11.2024
Հայաստանը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան. վարչապետ
22.07.2015
Հայաստանը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան. վարչապետ

Հայասռանի առջև ծառացած են էներգետիկ ոլորտի մի շարք օբյեկտիվ խնդիրներ, և կառավարությունը միտված է այս բնագավառում նոր բարեփոխումների իրականացմանն ու կյանքի կոչմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ելույթ ունենալով «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին: «ՀՀ կառավարությունն ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ պատրաստել է մինչև 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որում ներառված են տարբեր հզորությունների զարգացման հնարավորությունները, ներառյալ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, տարածաշրջանային ինտեգրումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը, հայատնում է կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը նշել է, որ ցավոք վերջին տարիներին համակարգը գտնվում է բարդ ֆինանսական վիճակում, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ: Աբրահամյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գնաճային երևույթները, փոխարժեքի տատանումները, կլիմայական անբարենպաստ պայմաններն այն գործոններն են, որոնք ֆինանսական խնդիրներ են առաջացրել էներգետիկ համակարգում: «Մենք իրականացնում ենք համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում»,- շեշտել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձևավորման սկզբունքների և մեխանիզմների արդիականացման և իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ շուտով այս միջոցառումները կունենան իրենց դրական ազդեցությունը: «Հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը պահպանելու նպատակով Հայաստանը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան: Այդ նպատակով մենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին որոշում ենք կայացրել: Այժմ այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, ստորագրվել է անհրաժեշտ ֆինանսական համաձայնագիրը, որը վավերացվել է նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից: Միևնույն ժամանակ, շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների հետ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Միջոցառման ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման ծրագիրը և նախատեսվող քայլերը: Ծրագրի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային ֆինանսական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: