Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական խնդիրներ, որի հիմնական հարցը սպասվելիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է: ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Կուսակցության նախագահը ներկայացրեց հանդիպումների ընթացքը տարբեր քաղաքական կուսակցությունների հետ: Հիմնականում կուսակցությունների կողմից կա փոխըմբռնում: Մայր օրենքը պետք է քննարկվի հենց այսպիսի մթնոլորտում՝ տարբեր քաղաքական կուսակցությունների կարծիքներն ու տեսակետները հաշվի առնելով»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ միջանկյալ այս փուլում սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթը համընկնում է ժողովրդավարական երկրներում ընդունված նորմերին, և դա փաստեցին նաև Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները: Պատասխանելով հարցին, թե ինչպես են վերաբերում նրան, որ քաղաքական ուժերից ոմանք չեն մասնակցել Նախագահի հետ հանդիպմանը, Շարմազանովն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ քննարկումներին ու հանդիպումներին, թե ոչ: «Ժառանգության» դեպքում գիտենք, որ նրանց ղեկավարը քննարկումների ժամանակ դրական է խոսել բարեփոխումների վերաբերյալ: Այդ խմբակցությունից ոմանք արդեն այդ ուժը չեն ներկայացնում Իսկ ՀԱԿ-ը ինքն է իրեն գցել լուսանցք»: ՀՀԿ խոսնակն ասաց նաև, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կլինեն հանդիպումներ թե՛ անկախ պատգամավորների, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով արդարադատության նախարարի թափուր պաշտոնին, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե կադրային որևէ հարց նիստի ընթացքում չի քննարկվել: