ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» եւ Վենեսուելայի իրադարձությունների միջեւ ոչ մի մի ասոցիացիա չի կարող լինել:
Նման հայտարարությամբ հանդես եկավ Փաշինյանը Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Նա, պատասխանելով լրագրողների հարցին, արդյոք Վենեսուելայի իրադարձությունները չի՞ նմանեցնում այն հեղափոխությանը, նշեց. «Ոչ մի ասոցիացիա չի կարող լինել պարզապես»: Այուհետեւ Փաշինյանը նշեց կոնկրետ տարբերություններըմ, որոնք վերաբերում էին իրադարձությունների համապատասխանության երկրի օրենքներին եւ զոհերին:
«Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին՝ 100 տոկոսով համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում տեղի ունեցողը առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը: Առաջին հայացքից այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության տրամաբանությանը համապատասխան է տեղի ունենում», - ընդգծեց Փաշինյանը:
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների մասին արդեն դիրքորոշում են հայտնել աշխարհի տարբեր առաջնորդներ՝ Ռուսաստանի իշխանությունները աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սակայն Հայաստանի հարևան Վրաստանը և մի քանի այլ երկրներ աջակցում են ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:
Այնուհետեւ լրագրողը հարցրեց․ - «Ո՞ւմ եք Դուք պաշտպանում այս հարցում», որին Փաշինյանը պատասխանեց, որ հայկական կողմը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը:
«Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ոչ մի հայտարարություն չի արել, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը: Պետք է նախ հասկանանք, թե տեղի ունեցողը որքանով է համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ առանցքայինը պետք է լինի Վենեսուելայի ժողովրդի դերը: Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի վենեսուելացիների համար», - ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Վենեսուելայի իրադարձություններին՝ միայն նշելով, որ «հետեւում են իրադարձություններից զարգացմանը» եւ հույս հայտնում, որ «իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»: