28.11.2024
Արմեն Ռուստամյանը՝ նախագահ. ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը հայտնի է
prev Նախորդ նորություն

ՀՅԴ-ն ձևավորում է արտախորհրդարանական ազգային-պահպանողական բևեռ

Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասում է, որ Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:


«Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է»,- ասված է հայտարարության մեջ։


Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅ Դաշնակցությունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի  իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը:


ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններում չանցավ նոր ԱԺ և այժմ արտախորհրդարանական ուժի կարգավիճակում սկսել է հանդես գալ պահպանողական, հայրենասիրական, արցախյան հարցում չզիջելու դիրքերից:


ՀՅԴ-ն թե՛ Սփյուռքում, թե՛ ՀՀ-ում ու Արցախում ընկալվել է որպես հայ դատի համար պայքարող ազգային ուժ և այժմ, քննադատելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, փորձում է ձևավորվել ընդդիմադիր բևեռ ԱԺ-ից դուրս:


ՀՅԴ-ն ունի իր էլեկտորատը Հայաստանում,բազմաթիվ կառույցներ և ազդեցիկ դիրքեր Սփյուռքում, այն Արցախի պատերազմի օրերից սկսած իր ջոկատներով և այլ օգնությամբ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին և Արցախում էլ ունի կուսակցության մասնաճյուղը:


ՀՅԴ-ի հայտարարության կարևոր մեսիջներն ուղղված են առաջին հերթին ՀՀ-ի նոր իշխանություններին` Արցախի այսօրվա սահմանները սակարման կամ բանակցման ենթակա չեն, Արցախը կենսունակ պետություն է հենց այսօրվա սահմաններով:


ՀՅԴ-ն դեմ է այսպես կոչված մադրիդյան սկզբունքներին, քանի որ հենց այդ սկզբունքներ են ենթադրում Արցախի տարածքների մի մասի կամ անվտանգության գոտու վերադարձ Ադրբեջանին:


Բացի այդ, Արցախի ու ՀՀ-ի միջև առաջարկվում է կնքել ռազմաքաղաքական պայմանագիր, այսինքն՝ ՀՀ-ն նաև կոնկրետ պայմանագրերով պետք է ստանձնի Արցախի պաշտպանության և անվտանգության ապահովման երաշխավորի դերը:


Մինչդեռ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտություն այս պահին  չի տեսնում: Այսինքն, արցախյան հարցում ՀՅԴ-ն կոշտ հակադրության մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ և փորձում է թույլ չտալ այսօրվա իշխանությունների կողմից ղարաբաղյան հարցում որևէ զիջում:


ՀՅԴ-ի այս դիրքորոշման շուրջ հնարավոր է համախմբում ՀՀԿ-ի հետ, որը նույնպես քննադատում է այսօրվա իշխանություններին Ադրբեջանի հետ գաղտնի բանակցությունների և զիջումների փորձերի մեջ:


Արցախյան թեման կարող է դառնալ ԱԺ-ի պատերից դուրս նոր ընդդիմադիր կոալիցիայի կամ բևեռի ձևավորման հիմք` ի դեմս ՀՅԴ և ՀՀԿ-ի, որոնց կարող են միանալ նոր ուժեր: Եվ այս ամենը կախված է ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների արագացումից: