Գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան
Երկարաժամկետ առումով գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, առայժմ խոսքն այն մասին է, որ 2019 թվականին ՀՀ սպառողների համար գազի գինը չբարձրանա, ինչը նշանակում է, որ կառավարությունը մեկ տարի ունի քննարկումները ռուս գործընկերների և «Գազպրոմ»-ի հետ շարունակելու համար:
«Ավելի լավ կլիներ, եթե այս հարցը լուծվեր ԵԱՏՄ շրջանակներում, կարծում եմ դա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև հիշեցրեց, որ ռուսական գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված կառավարությունը ոչինչ չի սուբսիդավորելու, ամեն ինչ նույնն է մնալու. «Բայց մենք ժամանակ ենք ստանում գազի թեման ավելի մանրամասն քննարկելու համար»,- հավելեց նա: