Մամուլի տեսություն. Սահմանադրության նախագծով խաղաղ պայմաններում ՀՀ-ն չունի Զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատար
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Նոր Սահմանադրության նախագծում երկրի համար ամենավտանգավոր դրույթներից մեկը կապված է զինված ուժերի ղեկավարման հետ։ Մասնավորապես, այդ նախագծով, մինչև պատերազմ հայտարարելը, Հայաստանում չի լինելու զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատար, այսինքն՝ չի լինելու մի պաշտոնյա, որը խաղաղ պայմաններում մշտապես զբաղվել է զինված ուժերի ղեկավարությամբ և որը պատասխանատվություն կունենա և կկարողանա Հայաստանի անվտանգության համար անմիջական սպառնալիքի դեպքում անմիջապես որոշում ընդունել զինված ուժերի կիրառման վերաբերյալ։ Իսկ արդեն պատերազմ հայտարարելուց հետո այդ դերը վերապահվելու է ՀՀ վարչապետին։
«ՉԻ»–ն ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ զրուցել է այդ թեմայով։ -Նոր Սահմանադրությամբ որքանով է երաշխավորված զինված ուժերի՝ իբ առաջ դրված գործառույթներն ամբողջությամր իրականացնելու հնարավորությունը։ – Ամբողջապես վերանայվել է գործող համակարգը, զինված ուժերի կառավարման, համակարգման, վերահսկման միանգամայն նոր սահմանադրաիրավական հիմքեր են ձևավորվում, և դա պայմանավորված է նաև պետական կառավարման համակարգում տեղի ունեցող սահմանադրական փոփոխություններով։ Բնականաբար, ԶՈՒ վերահսկողության խնդիրը նույնպես առանձնակի կարևորություն ունի, և այդ առումով, սահմանադրական փոփոխությունների նախագծով տրվելու են նոր լուծումներ։
-Գործող Սահմանադրությամբ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը և՛ պատերազմի ժամանակ, և՛ խաղաղության պայմաններում նախագահն է, մինչդեռ՝ նոր Սահմանադրությամբ այս հարցին այլ մոտեցում է ցուցաբերված։ Ձեր կարծիքով, առաջարկվող նոր մոդելը որքանով կապահովի ԶՈՒ լիարժեք գործունեությունը, և ընդհանրապես, արդյոք նորմալ է, երբ խաղաղության պայմաններում չկա ԶՈՒ գյխավոր գերագույն հրամանատար, և միայն պատերազմի ժամանակ է այդ պարտականությունը դրվում վարչապետի վրա։ – Հանրապետության նախագահի կարգավիճակը, գործառույթները և լիազորություններն էապես փոխվել են, և այդ հանգամանքը հաշվի չառնելը ճիշտ չի լինի։ Այդ հանգամանքով Էլ պայմանավորված է այն փաստը, որ հանրապետության նախագահն այլևս չի լինելու գլխավոր-գերագույն հրամանատար։ Այո, սահմանադրական փոփոխությունների նախագծով պատերազմի ժամանակ նման կարգավիճակ է ձեռք բերում վարչապետը, իսկ խաղաղ ժամանակ գլխավոր գերագույն հրամանատարի անհրաժեշտություն չի զգացվելու, ԶՈՒ ղեկավարման ու կառավարման սկզբունքները նախատեսված են համապատասխան դրույթներով և կարծում եմ այստեղ որևէ անմիջական վտանգ տեսնել մեր ԶՈՒ համար, ճիշտ չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրության նախագծի դեմ ձեւավորված «Չեք անցկացնի» նախաձեռնությունը որոշակի «կապեր» ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Վերջինս, ըստ լուրերի, նախաձեռնության անդամներին «մեսիջ» է ուղարկել, որ եթե նրանք կարողանան պատկառելի թիմ «հավաքել», որտեղ կլինեն շատ քաղաքական կուսակցություններ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, կկարողանան մարդաշատ միջոցառումներ կազմակերպել, ապա ինքը, հնարավոր է, ֆինանսապես աջակցի նախաձեռնությանը: Հակառակ դեպքում, ըստ ամենայնի, երկրորդ նախագահը որեւէ բանով չի օգնի նախաձեռնությանը: «Չեք անցկացնիի» անդամ Արշակ Մուսախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Որեւէ մեկի ականջները փնտրել մեր քաղաքացիական նախաձառնության հետեւում պետք չէ, մենք ուղղակի երիտասարդներ ենք, որոնք մտահոգված են Սահմանադրության փոփոխությունների գործընթացով, որոնք դա համարում են մարտահրավեր ու որոշել են պայքարել այդ մարտահրավերի դեմ»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը գնացել էր Գյումրի՝ Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը մասնակցելու համար եւ մինչ Երեւան վերադառնալը մի քանի րոպեով առանձնացել է Գյումու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ ու ինչ-որ հարցի վերաբերյալ կարճ զրուցել: Եւ դատելով Սերժ Սարգսյանի դիմագծերից (ունքերը կիտած, խոժոռ դեմքով)՝ կարելի է ենթադրել, թե նա գյումրեցիներին ու լրագրողներին փորձում էր ցույց տալ, որ Բալասանյանի վրա բարկացած է: Ինչպես հայտնի է՝ վաղուց Գյումրին իշխանությունների համար առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերել, քանի որ վերջին մի քանի համապետական ընտրություններում իշխանությունների համար ամենաթույլ օղակներից մեկը եղել է հենց այս քաղաքը: Իսկ երեկվա բեմականացմամբ Սերժ Սարգսյանը Գյումրիի իշխանական շրջանակներին ցանկացել է հասկացնել, որ Բալասանյանի՝ երկրորդ ժամկետը պաշտոնավարելու հարցը կասկածի տակ է:
Տեղեկացնենք, որ Գյումրու քաղաքապետի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան եկող տարվա սեպտեմբերին: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդեն իսկ սկսել է դիրքավորվել՝ իր պաշտոնը ետ նվաճելու համար: Առնվազն մեկ-երկու այլ իշխանական թեկնածուներ էլ կան, որոնք դեմ չեն Բալասանյանի տեղը զբաղեցնել: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը, ցուցադրական ունքերը կիտելով, ըստ էության, ցանկանում էր «շահագրգիռ կողմերին» հասկացնել, որ նախագահականում ընդունվում են Գյումրիի ապագա քաղաքապետի թեկնածուների հայտեր: Իսկ «մրցույթի» հաղթողը կորոշվի սահմանադրական հանրաքվեի արդյունքներով: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Բալասանյանն ամեն ինչ անում է` հանրաքվեի պատասխանատվությունն իր վրա չվերցնելու համար: Նա ձգտում է, որ մարզի պատասխանատու դառնա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, եւ բոլորը մարզում աշխատեն նրա ցուցումներով` կոնկրետ տարածքների համար պատասխանատվություն չկրելով»: