24.11.2024
ՀՀ նախագահ. Նոր էներգաբլոկի շահագործումը կհամընկնի գործողի շահագործումից հանելու հետ
27.10.2015
ՀՀ նախագահ. Նոր էներգաբլոկի շահագործումը կհամընկնի գործողի շահագործումից հանելու հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական՝ 14-րդ նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության շրջանակներում: Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով: Նա նշել է, որ Հայկական ԱԷԿ-ը հատուկ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությանը էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման և հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում: «Մեկ շաբաթից՝ նոյեմբերի 5-ին, կլրանա Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերագործարկման 20 տարին՝ գործունեության ժամանակավոր դադարեցումից վեց տարի անց: Այն շատ տեսանկյուններից յուրահատուկ նախագիծ է: Կատարվել է աննախադեպ ծավալի վերականգնողական աշխատանք՝ բազմաթիվ ինժեներական յուրահատուկ լուծումներով: Երկրորդ էներգաբլոկի վերագործարկման պահից իրականացվել են անվտանգության մակարդակի բարձրացման ավելի քան 1400 միջոցառումներ", - ընդգծեց նա: Սարգսյանը հիշեցրեց, որ 2014թ. դեկտեմբերին և 2015թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեցին համաձայնագրեր երկրորդ էներգաբլոկի շահագործման ծրագրի երկարաձգման համագործակցության և այդ ծրագրի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետությանը արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ: Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտել, և աշխատանքներն սկսվել են: Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով: Առաջին փուլ՝ ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների և կառույցների հետազոտման համապարփակ ծրագիր, երկրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում և արդիականացում, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը: Նոր ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը, համաձայն ՀՀ կառավարության 2014 թ. հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի հաստատման» վերաբերյալ որոշման, համաչափվում է գործող էներգաբլոկի շահագործումից հանման ժամկետի հետ: Այսպիսով, Հայաստանը հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, և այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրում: Անվտանգության խորհրդի նախորդ նիստի առաջարկությունների կատարման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն Հայկական ԱԷԿ-ի և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավարները: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային հարցերի վրա: Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը գործնականորեն ավարտված է: Իրականցվել է ընթացիկ իրավիճակի վերլուծություն: Անցկացվել է գործող օրենսդրության վերլուծություն: Կառավարության կողմից ռազմավարության հաստատումից հետո կմշակվի և կհաստատվի դրա իրականացման ծրագիրը: Սարգսյանը նաև ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ առաքելությունն իրականացրել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննություն: ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններն ամբողջությամբ իրականացվել են և արտացոլվել վերջնական զեկույցում: Կարելի է արձանագրել, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին: Հայկական կայանի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է կայանում գործող վարժասարքը դարձնել լիարժեք, լիամասշտաբ վարժասարք: Արդեն այս տարի կայանի սեփական միջոցներից առաջիկա աշխատանքների իրականացման համար կտրամադրվեն միջոցներ: