Հայաստանում իշխանությունը «զավթած» Նիկոլ Փաշինյանը նպատակասլաց ու «հայտնի ուժերի» թելադրանքով հարվածի տակ է դնում ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, թեեւ այս համատեքստում մտահոգող ահազանգերը արդեն ավելի համառ ու բարձր են հնչում, այլեւ ՀՀ անվտանգությունն ու պետականությունը: Այս մասին EADaily-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
- Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները: Շատ փորձագետներ նշում են, որ Մոսկվան շարունակում է անվստահությամբ հետևել Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին, եւ որ կան շատ խնդիրներ, որոնցից ներկայիս Հայաստանի իշխանություններն ուղղակի խուսափում են:
- Պարզ է, որ Հայաստանում «նարնջագույն» հեղաշրջում է տեղի ունեցել՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ դրանք չեն կարող չանհանգստացնել, քանի որ իշխանության են եկել մարդիկ, որոնք ոչ միայն գիտակցական, այլեւ ենթագիտակցական մակարդակով հակառուսական մոտեցումների կրողներն են, որոնց մասին նրանք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են թե՛ խորհրդարանի ամբիոնից ու ԶԼՄ-ներում, թե՛ հանրահավաքներում եւ տարբեր այլ վայրերում: Այս մարդիկ այսօր իշխանություն են, եւ մենք արդեն տեսնում ենք այդ ամենի առաջին պտուղները. մենք տեսնում ենք հարվածներ ՀԱՊԿ-ի հեղինակությանն ու գործունեությանը, այդ լրջագույն կազմակերպության, ինչպես նաեւ մեր դաշնակիցների` Ղազախստանի, Բելառուսի վրա հարձակումները: Ես ավելի քան վստահ եմ, որ դրանք բոլորը կանխամտածված գործողություններ են, որոնք վնաս են հասցնում այդ հարաբերություններին եւ կազմակերպությանը:
Այս ամիսների ընթացքում մենք տեսել ենք լրջագույն հարվածներ նաև մեր տնտեսական փոխհարաբերություններին: Մասնավորապես, հիշեցնեմ ՀԿԵ կենտրոնական գրասենյակի վրա գիշերը հարձակվելու անհասկանալի օպերացիան, որի նպատակը եւ դրդապատճառները դեռեւս պարզաբանված չեն՝ ի՞նչ էին փնտրում, ինչո՞ւ էր հարկավոր դա անել հենց գիշերը եւ այլն: Հասկանալի է, որ դա հարված է Հայաստանում ռուսական տնտեսական կառույցներին եւ պարզ է նաեւ, որ նման հետապնդումները ու դրան հետեւած վարչապետի հայտարարությունները պատահական չեն, այլ նախատեսված գործողություն: Իսկ եթե դա այդպես չէ, ինչին ես չեմ հավատում, ապա Հայաստանում իրավիճակը շատ ավելի վատ է՝ երկրում իշխանություն չկա, բարդակ է տիրում:
Կան բազմաթիվ այլ օրինակներ ևս: Հիշենք իրավիճակը Գյումրիի ռուսական ռազմաբազայի շուրջ, ռուսական զորքերի դուրսբերման պահանջները եւ այլն: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունը կայացած չէ, եւ այն մարդիկ, ովքեր զավթել են այն, չեն կարողանում որոշել, թե ինչ է իրենից ներկայացնում կառավարությունը եւ ինչ կառավարություն նրանք պետք է ձևավորեն՝ նրանք ասում են մի բան, անում մեկ ուրիշը, իսկ արդյունքում ստացվում է երրորդը: Եվ, ցավոք, ակնհայտ է, որ իշխանության եկած մարդիկ պատրաստ չեն պատասխանատվություն կրել երկրի համար, ժողովրդի համար, ինչպես նաեւ շարունակել արտաքին քաղաքականությունը վարել նույն հիմքով եւ նույն գործընկերների հետ, ինչը եղել է մինչ այս:
- Իշխանության գալով եւ այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը կտրուկ շրջադարձեր չի անելու: Ստացվում է չհավատալ խոսքերին, այլ հավատալ փաստերի՞ն:
- Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, անձամբ ինձ հետաքրքիր չէ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նրա խոսքերը դատարկ հայտարարություններ են, որոնք հիմնավոր չեն: Այն, ինչ նա ասում էր մեկ տարի առաջ, կամ այն ժամանակ, երբ իշխանությունն էր զավթում կամ ընդամենը մեկ ամիս առաջ, դրանք միանգամայն տարբեր եւ հակասական հայտարարություններ են: Ինձ չեն հետաքրքրում այդ մարդու խոսքերը, սակայն հետաքրքիր են իշխանությունների գործողությունները, որոնք թելադրվել են որոշակի խորհրդատուների կողմից: Եվ բոլոր այն փաստերը, որ ես արդեն հիշատակեցի, իսկապես մտահոգություն են առաջացնում և ավելի խոսուն են, քան Փաշինյանի դատարկ խոսքերը: Ինչպես եւ ինչ է ասում Նիկոլը հայ-ռուսական հարաբերությունների մասին կարեւոր չէ, կարևոր է, թե ինչ է տեղի ունենում:
Ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ Փաշինյանը հետապնդում է ՀՀ գործընկերների հետ հարաբերությունները վնասելու քաղաքականություն, եւ դա ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում: Հասունանում է եւս մեկ, շատ լուրջ խնդիր՝ նոր իշխանությունը հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները Իրանի հետ: Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները, դա կարող է անուղղակիորեն ազդել նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ակնհայտ է, որ մենք մոտ ենք Իրանի հետ հարաբերությունները փչացնելուն: Սա ապացուցում է անօրինական խորհրդարանի Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հայտարարությունը, ով Իրանը «ավտորիտար երկիր» անվանեց եւ հետագայում ներողություն չխնդրեց: Կարծում եմ, որ դա պլանավորված քայլ էր, եւ նմանատիպ գործողությունները կշարունակվեն: Հիշեք Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը կարող է փակել Իրանի հետ սահմանը եւ այս համատեքստում այլ ահազանգեր, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ ԱՄՆ ճնշման ներքո Հայաստանը վարում է առկա հարաբերություններից հրաժարվելու քաղաքականություն:
- Այսինքն Դուք համաձայն եք մի շարք վերլուծաբանների հետ, ովքեր մատնանշում են ԱՄՆ հետաքրքրության աճ Հայաստանի հանդեպ եւ, մասնավորապես, Ջոն Բոլթոնի Երեւան կատարած այցն ու նրա այստեղ արված հայտարարությունների տակ տեսնում են Հայաստանը հակաիրանական պլացդարմ վերածելու վտանգը:
- Միացյալ Նահանգները փորձում են թելադրել հակաիրանական դիրքորոշում ողջ աշխարհին, եւ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում դա պետք է ավելի ընդգծված արվի: Եվ այսպես էլ կա` հակաիրանական դիրքորոշումը հստակ ներկայացվել է Հայաստանի իշխանություններին: Այլ հարց է, որ մեր կառավարությունը ո՛չ իր պատրաստվածությամբ, ո՛չ իր կադրերով, եւ ո՛չ էլ իր մտավոր ներուժով ունակ չէ վարել արտաքին այն քաղաքականությունը, որըն անհրաժեշտ է ՀՀ-ին: Նրանք փորձում են հավասարակշռել, մանեւրել, խուսափել եւ անիմաստ քայլեր անել եւ նույնքան անիմաստ հայտարարություններ անել: Եվ այս ամենը կարող է հանգեցնել շատ լուրջ հետեւանքների, այդ թվում` պետականության կորստի: Եվ ես սա ասում եմ ոչ թե հենց այնպես. ցավոք, ես ազգային անվտանգությանը իրական սպառնալիք եմտեսնում, որը կարող է հանգեցնել պետականության կորստի:
- Վերադառնանք հայ-ռուսական օրակարգին: Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հետ կանչից հետո նշված կազմակերպությունում Հայաստանի ձայնը ավելի շատ լսելի դարձավ:
- Մի բան է, երբ ձայնը լսվում է, մեկ այլ բան, թե ինչպես է այն ընկալվում: Կարելի է լսել անադեկվատ անձի աղաղակները եւ խղճալ նրան, կամ կարելի է լսել անդաստիարակ մարդու աղաղակները եւ ուղղակի խուսափել նրանից: Այսօր Հայաստանի ձայնը գուցեև լսելի է, բայց ոչ այն իմաստով, որը ցանկանում է Փաշինյանը: Այն ընկալվում է հետևյալ կերպ՝ դա պետության անադեկվատ դիրքորոշում է, պետության առաջնորդի անադեկվատ դիրքորոշում, և դա ապացուցում են նաև Փաշինյանի և հատուկ ծառայությունների ղեկավարների սկանդալային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, որոնք հրապարակվել էին: Դրանց ընթացքում քննարկվում էր, թե ինչպես է կալանավորվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս են ընկալում Հայաստանին այն կազմակերպությունում, որտեղ այսօր նա այլեւս չի կարող հավակնել լուրջ դերակատարման: Հետեւաբար, ես կնախընտրեի, որ մեր երկրի ձայնը ՀԱՊԿ-ում չափազանց բարձր չլիներ, բայց այն ավելի ազդեցիկ լիներ, քանի որ ավելի լավ է խոսել շշուկով, բայց հասնել քո ուզածին, այլ ոչ թե ապուշի նման գոռգոռալ եւ լրիվ հակադարձ արձագանքի արժանանալ:
- Դուք կիսում եք հոռետեսական կանխատեսումները, որ այս ամենը կարող է հանգեցնել Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալուն:
- Պարզ է, որ որոշ արեւմտյան շրջանակների կողմից Հայաստանում իրականացված «նարնջագույն» հեղաշրջումը չի արվել նրա համար, որ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը ամանորին 2.5 միլիոն դրամի պարգևավճար կարողանա վճարել իր քարտուղարուհուն: Հասկանալի է, որ մեր տարածաշրջանում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր իշխանափոխություն Հայաստանում, եւ ես կարծում եմ, որ որոշակի տեսանկյունից դա սկսել է ավելի ակնառու երևալ:
Հայաստանի կողմից ՀԱՊԿ հեղինակությանն ու արդյունավետությանը առաջին շատ լուրջ հարվածներն արդեն հասցվել են, առաջին խժդժությունը Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ-պետությունների միջեւ իրողություն է, եւ այս միտումը կշարունակվի եւ թափ կհավաքի: Այլ հարց է, որ ներկայիս իշխանությունների համար դա հեշտ գործ չէ, քանի որ Հայաստանը շատ առումներով կապված է ՀԱՊԿ-ի հետ, եւ այսօր նոր կառավարությունը չի կարողացել գտնել այլընտրանքային ուղիներ այն հարցերի լուծման համար, որոնք լուծվում են այդ կազմակերպության միջոցով:
Բայց եկեք չմոռանանք մի կարեւոր բան՝ որքա՞ն ժամանակ Հայաստանում այս իշխանությունը կպահի իր դիրքերը, որքա՞ն ժամանակ այս կիսագրագետ մարդկանց խորհրդարանը կաշխատի և որքան ժամանակ դեռ կշարունակվի այս վակխանալիան ու երկիրը ծաղրուծանակի վերածելը: Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը երկար ժամանակ չի հանդուրժի այդ ծաղրանքը, եւ Հայաստանը կվերադարձնի իր՝ բանակցություններում եւ համագործակցության մեջ հուսալի գործընկերոջ դիրքերը, որ ուներ մինչ իշխանափոխությունը:
- Վերջին ամիսներին Փաշինյանը հաճախ է եղել Մոսկվայում, շատ հանդիպումներ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաեւ հեռախոսազրույցներ են եղել նրանց միջեւ: Սակայն իր վերջին այցի ժամանակ Պուտին-Փաշինյան հանդիպում օրակարգում չէր, թեեւ լրատվամիջոցները գրել էին, որ հայկական կողմը փորձել է հասնել դրան: Եվ դրանից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել ոչ թե Պուտինի, այլ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Արդյոք սա ահազան է երկկողմ հարաբերությունների համատեքստում:
- Եկեք չմոռանանք, թե ում մասին ենք մենք խոսում. Փաշինյանը հնչեցնում էր խորհրդարանի ամբիոնից հակառուսական կարգախոսներ, պահանջելով դուրս գալ ԵԱՏՄ-ից, ներկայացնում էր խորհրդարանին օրինագծեր, եւ նրա ամբողջ թիմը վստահություն չի ներշնչում հենց այդ հարաբերությունների կոնտեքստում: Իհարկե, այժմ նա փորձում է հարթել որոշ անկյուններ, բայց ամեն ինչ ամփոփվում է եւ արտացոլում գտնում կոնկրետ առաջնորդի եւ իշխանության նկատմամբ վստահության մակարդակում: