Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է մասնակցել Երևանի ճոպանուղու կառուցման մրցույթին
Երևանի գլխավոր ճարտարապետ ԱրթուրՄեսչյանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի ու ուրբանիզմի և բարեկարգման ինստիտուտի փորձագետների պատվիրակության հետ հանդիպմանը ներկայացրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներն ու նախատեսվող քաղաքաշինական փոփոխությունները:
Առանձնացնելով ծրագրային առաջնահերթությունները՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը նկատել է, որ նախատեսվում է կառուցել մետրոյի նոր կայարան և ճոպանուղի, որի մրցույթին մասնակցության ցանկություն է հայտնել նաև մի ֆրանսիական ընկերություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Երևանի համար սա հետաքրքիր ժամանակաշրջան է: Քաղաքաշինականկանոնակարգումները պետք է լինեն գրեթե սպիտակ էջից սկսելու մոտեցմամբ: Այս առումով ձեր այցը չափազանց կարևոր է: Իհարկե, մեր միջև կան մշակութային տարբերություններ, սակայն բոլորս էլ ցանկանում ենք մերօրյա քաղաքաշինության մեջ կիրառել նորմոտեցումներ»,- նկատել է Արթուր Մեսչյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության և ներկայացված տեղեկատվության համար՝ պատվիրակության անդամ, ուրբանիզմի և բարեկարգման ինստիտուտի միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու Էրիկ Հույբրեշտը նկատել է, որ Երևանն այսօր իր առջև բարձր նշաձող է դրել:
Խոսելով գործակցության հստակ քայլերի մասին՝ հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է՝ ցույց տալ նորարարությունների կիրառման հնարավորությունները և ցուցաբերել տեխնիկական աջակցություն: «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակում» հյուրերը հետաքրքրվել են ենթակառուցվածքների բարելավման ներդրումային ծրագրերով:
Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են նաև բնապահպանության ոլորտի և քաղաքի կանաչ գոտիների վերականգնման խնդիրներն ու առաջիկա անելիքները: