25.11.2024
Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
prev Նախորդ նորություն

Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի համար դարձել է առավել տեսանելի և առավել լսելի. Փաշինյան

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում հանդիպել է գերմանահայ համայնքի և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներին:


Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է.


«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդարանում։ Ըստ էության` կարող ենք ասել, որ Քյոլնը Գերմանիայի հայության մայրաքաղաքն է, և պատահական չէ, որ պաշտոնական այցը սկսում ենք այս քաղաքից:


Ինձ համար մեծ ուրախություն է այսօր նման հանդիպման հնարավարություն ունենալը, և ես ուզում եմ ընդգծել, թե ինչ հիմնական փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանում, Հայաստանի շուրջ և Հայաստանի ու աշխարհի հարաբերություններում:


Կարող եմ ասել հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը հայտնի փոփոխություներից հետո քաղաքակիրթ աշխարհի համար դարձել է առավել տեսանելի և առավել լսելի: Սա իսկապես իրողություն է. ինձ համար երբեմն մի փոքր անհարմար իրավիճակ է առաջանում, երբ աշխարհի տարբեր հզոր քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների և շփումների ընթացքում ուղիղ ասում են, որ մենք ձեզանից շատ բան ուեննք սովորելու: Սա, իհարկե, շատ տարօրինակ արտահայտություն է, և ճիշտն ասած, ես երբեմն չգիտեմ` ինձ ինչպես պահել, որովհետև իրավիճակն անհարմար է: ? ?այց մեծ հաշվով երբ մեկ, երկու, երեք, չորս այդպիսի արտահայտությունները կրկնվում են, կարծում եմ, որ մենք չպետք է տատանվենք արձանագրել. այո’, մենք բազմաթիվ ոլորտներում ունենք պրոբլեմներ, բայց կա մի ոլորտ, որում մենք իսկապես այսօր աշխարհում համարվում ենք առաջատար երկիր. դա բռնությունից զերծ հասարակություն կերտելու և առանց բռնության փոփոխությունների հասնելու ոլորտն է, որտեղ կարող ենք ասել, որ աշխարհում, այո’, առաջատար նշանակություն ունեցող երկիր ենք:


Այսօր քաղաքական փոփոխությունները և ընդհանրապես հանրային կյանքը բռնությունից զերծ պահելն ամենամեծ մարտահրավերներից մեկն է, որ գոյություն ունի աշխարհում, և այսօր աշխարհն ընդունում է, որ մենք այդ ոլորտում հասել ենք մեծ հաջողությունների: Ուզում եմ ընդգծել, որ սա ասում եմ ոչ թե որպես պարծենալու, մեծամտանալու առիթ, այլ որպեսզի կարողանանք այս իրավիճակն արձանագրել և սրանով մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ և մենք որպես հավաքականություն առավել մեծ վստահություն ունենանք` ինքներս մեր ապագան, մեր հայրենիքը, մեր պետությունը կերտելու ճանապարհին:


Այսօր կարող ենք արձանագրել, որ առնվազն քաղաքակիրթ ազգերի ընտանիքում գտնվելու ճանապարհին ենք կամ արդեն իսկ գտնվում ենք: Մենք սա ասում ենք ոչ թե մեծամտանալու համար, ինչպես Պարույր Սևակն է ժամանակին ճիշտ է արձանագրել, և մենք այսօր այդ բանաձևին հավատարիմ ենք՝ մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց նաև պետք է արձանագրենք, որ իսկապես ասելիք և անելիք ունենք ժամանակակից աշխարհում: Այդ անելիքը դրական է, իր մեջ կրում է համամարդկային տրամաբանություն, և այդ ասելիքն ու անելիքը հետաքրքիր է աշխարհին ու քաղաքակրթությանը: </ p>


Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, չէր կարող տեղի ունենալ առանձին վերցրած խմբի, անհատի, կուսակցության ջանքերով: Սա մեր համազգային ջանքերի արդյունք է, որը մենք կարողացանք ներդնել մեր երկիրը վերափոխման մեծ ճանապարհին դնելու գործընթացում: Մենք համազգային մի համագործակցության աննախադեպ օրինակ ենք ցույց տվել ապրիլ-մայիս ամիսներին, և ըստ էության, յուրաքանչյուր հայ իր ներդրումը բերեց այն փոփոխություններին, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում:


Եվ, ի վերջո, շատ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց ազատ, արդար, օրինական լինելը չի վիճարկվում ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլև Հայաստանի ներսում, առաջին անգամ մենք ունեցանք ընտրություններ, որի արդյունքները չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում:


Սրանք իսկապես կարևոր փոփոխություններ են, բայց մենք առավել մեծ մարտահրավերի առաջ ենք կանգնած: Մենք կարիք ունենք, որպեսզի քաղաքական փոփոխությունները տրանսֆորմացվեն տնտեսական փոփոխությունների, քաղաքական հեղափոխությունից անցնենք տնտեսական հեղափոխության, որպեսզի մեր երկրում մարդկանց սոցիալական պաշտպանվածության, տնտեսական գործունեության և բարեկեցության մակարդակը շարունակաբար աճի: Սա է մեր առաքելությունը և սա ոչ թե առանձին վերցված կուսակցության, անհատի, առավել ևս կամ կառավարության անելիք է: Սա համազգային անելիք է, և ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ` սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու, ուժեղացնելու և միջազգային հանրության մեջ քաղաքակիրթ ազգերի և պետությունների շարքում առավել մեծ ու առավել հաստատուն տեղ զբաղեցնելու համար:


Հույս ունեմ, որ մենք իսկապես կկարողանանք այն պոտենցիալը, որ կարողացել ենք ստեղծել, օգտագործել հանուն մեր ազգային երազանքների, նպատակների իրագործման և մեր հերթական և ոչ պակաս կարևոր իմաստը բերենք արդի և ապագայի քաղաքակրթությանը:


Կեցցե’ ազատությունը, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե’նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»:


Անդրադառնալով տնտեսական հեղափոխության տեսլականին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս հարցում կառավարության մոտեցումները. «Մեր պատկերացումը չի փոխվել, այն մնացել է նույնը. ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր չէր և չէր կարող իրականացվել առանց յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության, այնպես էլ տնտեսական հեղափոխությունը հնարավոր չի լինելու իրականացնել առանց մեր հայրենակիցների, քաղաքացիների մասնակցության: Ինչպե՞ս մենք իրականացրինք քաղաքական հեղափոխությունը. մենք ստեղծեցինք հնարավորություն, որպեսզի ամեն քաղաքացի արտահայտի իր դիրքորոշումը և երաշխավորեցինք` այն պահին, երբ ՀՀ քաղաքացիները, հանրության մեծամասնությունը կարձանագրի և ի ցույց կդնի իր դիրքորոշումը, կանի իր անելիքը` փոփոխություններ բերելու համար, մենք երաշխավորում ենք, որ այդ փոփոխությունները տեղի կունենան: Նույնը վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, որտեղ պահանջվում է, որ յուրաքանչյուր մարդ պատրաստ լինի իր ներդրումը բերել տնտեսական հեղափոխությանը:


Ժամանակակից աշխարհը, ժամանակակից Հայաստանը` առավել ևս հնարավորությունների երկիր է, և մեր մեծագույն խնդիրն այդ հնարավորությունների իրականացումն է, իրատեսական դարձնելը: Ովքե՞ր են փոխում աշխարհը, ովքե՞ր են փոխում իրականությունը. դա անում են մարդիկ: 21-րդ դարն այն մարդկանց ժամանակն է, ովքեր հավատում են իրենց ուժին: Հիմա եկել է մեր և մեր ժողովրդի ժամանակը` հավատալու սեփական ուժերին»:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է գերմանահայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, Սփյուռքի նախարարության հետ կապված կառուցվածքային փոփոխություններին, Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, Գերմանիայի հայ համայնքի գործունեությանը և այլն:


Մասնավորապես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին` վարչապետ Փաշինյանն ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:


Ի պատասխան Սփյուռքի նախարարությանը վերաբերող հարցադրմանը` Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, ով կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: Մեր պատկերացումը հետևյալն է` Սփյուռքի նախարարության գործառույթները պետք է վերաբաշխվեն: Հատուկ հանձնարարություններով դեսպանը ոչ մի անելիք չի ունենա, բացի Սփյուռքի հետ կապված հարցերը հավաքելուց, լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելուց և վարչապետի միջոցով այդ լուծումներն իրականացնելուց: Հետևաբար, մտածել ենք Սփյուռքի նախարարության գործառույթները տեղաբաշխել ըստ ճյուղային նախարարությունների, իսկ Սփյուռքի հետ հարաբերություններում ունենալ հատուկ հանձնարարություններով դեսպան, ով կաշխատի վարչապետի աշխատակազմում՝ վարչապետի անմիջական ղեկավարությամբ:


Կառավարության կազմի օպտիմալացման մեր ամբողջ նպատակը հետևյալն է՝ ամեն գործառույթով պետք է զբաղվի մեկ մարմին: Օրինակ, Սփյուռքի նախարարությունը մշտապես արտերկրում հայկական կրթօջախների համար ուղարկում էր դասագրքեր, բայց Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում էր կրթության և գիտության նախարարությունը: Եվ մենք շատ հաճախ ունենում ենք իրավիճակներ, երբ ուսուցիչները վերապատրաստվում են մի նախարարության ծրագրի շրջանակում, իսկ դասագրքեր ստանում են մեկ այլ նախարարության կողմից: Ստացվում է, որ այդ դասագրքի օգտագործումը և ուսուցիչն երի վերապատրաստումը դառնում է ոչ արդյունավետ: Կրթության հարցով զբաղվողը պետք է լինի ԿԳՆ-ն: Այս հանգամանքների բերումով Սփյուռքում մենք հայկական կրթության մի քաղաքականություն ենք վարում, իսկ Հայաստանում՝ մեկ այլ: Նույնն էլ մշակույթի ոլորտում»,- նշել է վարչապետը` ընդգծելով, որ քաղաքականության անկյունաքարը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի հայի ինքնությունն իրար մոտեցնելը: