25.11.2024
Կառավարությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կտրամադրի սուբսիդիա՝ սակագները մեղմելու նպատակով
prev Նախորդ նորություն

Կարեւոր է որակական աճը․ 2018-ին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով

2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:


Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչության մատուցված ծառայությունների ծավալների աճը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է։


Այսպես, հունվար-դեկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.3%-ով, շինարարությունը՝ 4.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.7%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 18.8%: Գյուղատնտեսության համախառն արտադրանք նվազել է 7.6%-ով։


Տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի կարծիքով կարևոր է ոչ թե քանակական, այլ՝ որակական աճը:


"2018թ տարեկան կտրվածքով ըստ ԱՎԿ նախնական տվյալների ունենք 5.8 տոկոս տնտեսական աճ: Շուրջ 8 տոկոսանոց անկում է նկատվել միայն գյուղատնտեսության ոլորտում: Հիշեցնեմ, որ նախորդ կառավարության կողմից նախատեսվել էր 2018թ համար ունենալ 5 տոկոսանոց աճ: Իմ համար ինչպես միշտ, այնպես էլ հիմա կարևոր է ոչ թե քանակական, այլ՝ որակական աճը", - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ:


Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,737.7 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,931.5 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,764.7 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 889.709 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 422.3 մլրդ ՀՀ դրամ: