Կառավարությունն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշում:
Այսպիսով՝ բաժանորդների համար նախատեսված սակագները մեղմելու նպատակով կառավարությունը ընկերությանը կտրամադրի սուբսիդիա: Մասնավորապես, ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 191,414 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 11,4 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 162,702 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 9,702 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 28,712 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1,712 դրամի (ԱԱՀ-ով) չափով:
Հիշեցնենք, որ Հայաստանի նոր իշխանությունների հետ ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը պայմանավորվածության էր եկել, որ սպառողների համար ջրի սակագները չեն բարձրանալու։ Այս մասին քանիցս հայտարարել է նաեւ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
««Վեոլիա ջրի» ու ՀՀ կառավարության միջև կնքված պայմանագրով՝ դեկտեմբերին պետք է խմելու ջուրը թանկանար 11 դրամով, բայց մենք բանակցել ենք ընկերության հետ ու մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու», - անցյալ տարի նոյեմբերին ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Մինչ այդ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 28-ի նիստում որոշվել էր, որ 2019 թվականին ջրի սակագները կբարձրանան, սակայն կառավարության հետ բանակցությունների արդյունքում, այդ որոշումը չպետք է կիրառվի:
Արդյունքում՝ բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս պետք է շարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնով ։ Այդ ժամանակ անգամ խոսք չկար պետական սուբսիդիայի մասին։
Ընկերության համար ֆինանսական բեռը մեղմելու համար անգամ որոշվեց, որ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն իր վրա վերցնի «Վեոլիա ջուր» ընկերության որոշ ներդրումային ծրագրերի իրականացումը։ Դրա դիմաց ընկերությունը մինչև 2025 թվականը սպառողի համար չի բարձրացնի ջրի սակագինը:
Հավանաբար ձեռնարկված միջոցառումները բավարար չեն եղել, որ կառավարութունը որոշել է նաեւ հարկատուներից միջոցներից գոյացող բետբյուջերից սուբսիդիայի տեսքով ֆինանսներ հատկացնել ընկերությանը, որպեսզի այն ստիպած չլինի նույն հարկատուների համար սակագին բարձրացնել։