«Գազպրոմ Արմենիայի» հետ պայմանավորվել ենք՝ երկրում գազի գինը չի փոխվի. Փաշինյան
Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ: Այս մասին ՌԻԱ նովոստիին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գազպրոմը» գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,- ասել է Դավոսի տնտեսական ֆորումի կուլիսներում նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով, երկրի ներսում գազի սակագինը չի փոխվի, եւ հայկական կողմը կշարունակի «Գազպրոմի» հետ մեր բանակցությունները, որպեսզի հասնեն վերջնական համաձայնության:
«Մեզ համար շատ կարեւոր է համաձայնեցնել գազի երկարաժամկետ գինը: Հիմա ԵՏՄ շրջանակներում նույնպես քննարկումներ են ընթանում գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկաներ ստեղծելու շուրջ, հետեւաբար, մենք քննարկման շատ թեմաներ ունենք»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:
Դեկտեմբերի վերջին «Գազպրոմը» հայտնել էր Հայաստանի համար գազի գնի 10%-ով թանկացման մասին, սակայն այն չէր ազդելու վերջական սպառողի վրա: Այսպիսով ռուսական գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:
ՀՀ կառավարությունն էլ հայտարարել էր, որ մտադիր է պայմանավորվել «Գասպրոմ Արմենիայի» հետ գազի ներքին սակագինը անփոփոխ թողնելու շուրջ՝ պարզաբանելով, որ դա կարվի ընկերության ծախսերի կրճատման ու արդյունավետության բարձրացման հաշվին: