Հայաստանյան հասարակության շրջանում դժգոհության ալիք է բարձրացել` կապված ՀՀ մարզպետների պարգևավճարների հետ:
Հանրությունը Նիկոլ Փաշիշյանից ունի շատ մեծ սպասելիքներ, թավշյա հեղափոխությունը հասարակության լայն շրջանների մոտ դիտարկվել է, որպես հին, կոռումպացված, կլանային համակարգին վերջ դնելու և արագ ու որակական փոփոխությունների համար լավ մեկնակետ ու հիմք:
Սակայն այս կառավարության գործունեության գրեթե մեկ տարվա աշխատանքի արդյունքում սոցիալ-տնտեսական իրավիճակը զգալի վատթարացել է: Ստեղծվել է տնտեսական կոլապսին մոտ վիճակ, եթե հաշվի առնենք արտաքին մեծ պարտքը` 7 միլիարդ դոլար սպասարկելու անհնարինությունը կամ բարդությունը: Ինչպես նաև ՀՀ բանակի համար նոր սպառազինությունների գնման համար զգալի գումարների անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի հետ ռազմական բալանսը պահպանելու համար:
Շատ չխորանալով տնտեսական հարցերի մեջ պետք է նշել, որ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը ներկայացված է մեծամասամբ անփորձ, հանրությանն անհայտ գործիչներով, որոնք չեն կարող օպերատիվ կերպով իրականացնել այն փոփոխություններն, որոնք օրակարգային են ու պահանջում են արագ լուծումներ:
Կառավարության կազմի հետ կապված նույնպես կան բազմաթիվ հարցեր: Մարզպետների գործունեության ու հատկապես Փաշինյանի թիմի երիտասարդ կադրերի անփորձ հայտարարությունները միայն նվազեցնում են հանրության վստահության մակարդակн այս իշխանությունների նկատմամբ ու հարվածում են Նիկոլ Փաշինյանի անձնական ռեյտինգին:
Հանրությունը չի տեսնում կյանքի մակարդակի որակական, արագ փոփոխություններ` թավշյա հեղափոխությունն այնպիսի մեծ հույսեր էր արթնացրել հանրության շրջանում, որ եթե այս կառավարությունը չկարողանա հաջողություններ գրանցել,այն էլ շոշափելի, ու հատկապես տնտեսական ոլորտում, ապա հանրության շրջանում խորը հիասթափություն է տիրելու:
Ներքաղաքական իմաստով այս պահին առկա չէ դասական ընդդիմություն` կոնտրէլիտա: ՀՀԿ-ի վերադարձ հասարակությունը չի ցանկանում և դեմ է հանդես գալու նրանց վերադարձին: Քաղաքական դաշտը կաթվածահար է. առողջ ընդդիմության, կոնտրէլիտայի ձևավորումը, որոնք կարող են նաև մասնագետներով, կադրերով օգտակար լինել կառավարությանը, որպեսզի այն չտապալվի և սկսի վերջապես գործել, դառնում է առաջնային:
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս «Իմ քայլի» քննադատությամբ, սակայն նրանց չի կարելի համարել կոնտրէլիտա, նրանք Փաշինյանի թիմակիցներ են, որոնք մարտավարական խնդիրներից ելնելով տեղավորվել են ընդդիմադիր դաշտում` ԱԺ-ի ներսում ընդդիմության վակուումը լցնելու համար:
ԲՀԿ-ն տարիներ շարունակ համագործակցել է նախկին իշխանությունների հետ, նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընկալվում է, որպես օլիգարխ: Այն ունի հասարակության մի հատվածի վստահությունը, իր ընտրազանգվածը, սակայն այդ ուժը նույպես չի կարող համարվել դասական իմաստով ընդդիմություն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
Ընդդիմության ձևավորման գործընթացը տեղի է ունենալու ԱԺ պատերից դուրս` արտախորհրդարական ուժերի կողմից, սակայն այդ ուժերը փորձելու են ակումուլացնել հանրության սոցիալ-տնտեսական դժգոհությունն այս կառավարությունից ու փորձել հասնել ռևանշի: Սակայն ԱԺ պատերից դուրս հիմնական ուժերը, որոնք ունեն կադրեր, ռեսուրսներ և քաղաքական կենսագրություն ՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ արդեն մերժվել են հասարակության կողմից ու չեն հայտնվել խորհրդարանում:
Փաշինյանի կառավարության տապալման դեպքում իշխանություն են վերադառնալու հին էլիտայի ներկայացուցիչները` հին ու նոր դեմքերով, սակայն դա իր հերթին հանգեցնելու է ներքաղաքական խորը ճգնաժամի ու հասարակության հիասթափությունն արտահայտվելու է արտագաղթի մեծ ալիքով: Այսպես ասաց, հանրությունը «քվեարկելու է ոտքերով» ու վերջնականապես հույսը կտրելով ՀՀ-ում որևէ դրական տեղաշարժերի հեռանկարից: Այս իրավիճակից օգտվելու է Ադրբեջանը` ռազմական ագրեսիա սկսելով Արցախի ու հնարավոր է նաև ՀՀ-ի դեմ:
Փաշինյանը պետք է կարողանա թույլ չտալ այսպիսի սցենարի կյանքի կոչումը` կադրային լուրջ փոփոխությունների դիմելով, իրականացնելով առաջին հերթին տնտեսական բարեփոխումներ և պոպուլիզմից ու մարդկանց ձերբակալություններից բացի իրականացնելով լուրջ նախագծեր` մարզերում արտագաղթի ալիքը կանխելու համար:
Հակառակ պարագայում ՀՀ-ի տնտեսական, ժողովրդագրական կոլապսը հանգեցնելու է անդառնալի կորուստների արցախյան ճակատում: