26.11.2024
Թևակոխում ենք համաշխարհային լուրջ անկայունության փուլ. այսօր բացվում է Դավոսի համաժողովը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը հեռացավ. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ եւ նոր քարտուղար ունի

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ի մամուլի ծառայությունից:


«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի օրակարգում ընդգրկված է 7 հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններին:


Հոգաբարձուների խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո ԱԺ պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրեց Գևորգ Մուրադյանի թեկնածությունը՝ նշելով, որ նրա առաջադրումը վկայում է այն մասին, որ չկան հներ և նորեր:


«Մենք շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա: Համոզված ենք, որ Գևորգ Մուրադյանի գիտական և կազմակերպչական փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին՝ բարեփոխումների ճանապարհով անցնելու համար», - նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:


«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Գևորգ Մուրադյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող: Մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի, Հումբոլդի մրցանակակիր է:


Գևորգ Մուրադյանն իր ելույթում ասաց, որ առաջնային նպատակը պետք է լինի այն, որ ճիշտ գնահատվեն համալսարանի խնդիրների առաջնահերթությունները, իրական հնարավորությունները և լուծումների ճանապարհը:


Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:


Նշենք, որ մինչ այդ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ էր Սերժ Սարգսյանը:


Այնուհետև օրակարգային երկրորդ հարցի շրջանակում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրեց ԵՊՀ ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանի թեկնածությունը: Ամալյա Սողոմոնյանն իր ելույթում ասաց, որ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, այժմ աշխատում է Ագրարային համալսարանում՝ որպես դասախոս:


Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանի թեկնածությունը՝ փաստելով, որ նրա անցած ճանապարհը և գործունեությունը նշանակալի են. «Հատկապես մեծ է նրա ներդրումը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Գիտենք, որ նա ստեղծել ու ղեկավարում է ԵՊՀ չինական մշակույթի և չինարենի կենտրոնը»:


Արթուր Իսրայելյանը, իր ելույթում ներկայացնելով անցած ճանապարհը և գործունեությունը, ասաց, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով նպաստել համալսարանի զարգացմանը. «Այս տարի լրացավ համալսարանում իմ գործունեության 10 տարին»:


Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Արթուր Իսրայելյանը (Արթուր Իսրայելյան՝ 16 կողմ ձայն, Ամալյա Սողոմոնյան՝ 14 կողմ ձայն):