Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) երկխոսության գործընկերջ կարգավիճակում փաստացի ենթադրում է այդ կառույցում դիտորդի կարգավիճակի ձեռք բերում: Այդպիսի կարծիք VERELQ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, այդ կարգավիճակը Հայաստանին հնարավորություն կտա սերտ տնտեսական հարաբերություններ զարգացնել և դուրս գալ խոշոր ասիական շուկաներ, մասնավորապես, Չինաստանի շուկա: «Մեր առջև լայնորեն բացվում են Շանհայի համագործակցության կազմակերպության հետ տնտեսական ինտեգրման դռները», - նշել է Այվազյանը: Ուֆայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան և Նեպալը միանում են կազմակերպության ընտանիքին որպես երկխոսության գործընկեր: Հայաստանը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ էր ներկայացրել դեռևս 2012թ.-ին: Այվազյանը ենթադրում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գործընկերներին հետաքրքիր է Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը, ինչի մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով գագաթաժողովին: «Տարածաշրջանում մեզ համար հետաքրքիր և շահեկան կոնֆիգուրացիա է ձևավորվում: Իրանը տարածաշրջանային որոշիչ գործոն է, որը նաև հավակնում է անդամակցել Շանհայի կազմակերպությանը: Այդ կոնտեքստում Թեհրանի հետ հետագա կապերի ակտիվացումը ձեռնտու է Հայաստանին: Երևանը կարող է կապող օղակ հանդիսանալ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև», - նշել է նա՝ հիշեցնելով, որ Եվրասիական տնտեսական միությունն Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցություներում այժմ դիտարկում է Հայաստան-Իրան համագործակցության փորձը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ելնում են նրանից, որ Հայաստանը ԵԱՏՄ-ը միակ երկիրն է, ով ցամաքային սահման ունի Իրանի հետ, ինչպես նաև այդ երկրի հետ առևտրի մեծ փորձ: Պատգամավորը ընդգծել է, որ այդ թեման Հայաստանում քաղաքական և փորձագիտական մակարդակներում պետք է հետևողականորեն զարգացնել: