9.07.2025
Այս անգամ ի՞նչ է խոստանալու հանուն թղթի կտորի
prev Նախորդ նորություն

Աբու Դաբիի խորհրդավոր բանակցությունները

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպում են Աբու Դաբիում: Սա ինքնին ուշագրավ լոկացիա է: Նրանց հանդիպումները մինչեւ հիմա ըստ էության տեղի են ունեցել կամ եվրոպական կամ ռուսական հարթակներում: Այլ հարթակ չեմ մտաբերում, որտեղ կայացած լինի նրանց միջեւ հանդիպում:


Իսկ հարթակների ընտրությունը բացարձակապես պայմանավորված չէ ճաշակով կամ աշխարհագրությամբ: Հարթակների ընտրությունը ինքնին իր մեջ պարունակում է որոշակի քաղաքական տողատակեր: Հենց այդ առումով էլ ուշագրավ է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ունի լիովին նոր ռեգիոնալ լոկացիա՝ Միացյալ Էմիրություններ, այսինքն՝ Մերձավոր Արեւելք-Ծոց:


Սա նշանակու՞մ է, որ տեղի է ունենում հայ-ադրբեջանական պրոցեսի որոշակի շարժ դեպի այդ աշխարհաքաղաքականություն, պայմանական ասած՝ դեպի Գլոբալ հարավ: Ինչու՞ եմ անում այս հարցադրումը:


Դարձյալ հիշեցնեմ, որ հունիսի 24-27-ը Պեկին այց կատարած Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին Պեկինից հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարարի հետ: Սա կարո՞ղ էր նշանակել, որ Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպման կազմակերպման հարցում ուրույն դեր ունի Չինաստանը, որը հավակնում է լինել Գլոբալ հարավի առաջնորդողը: Ավելին, դեռեւս 2025-ի ապրիլին Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հայ-չինական հարաբերության վերաբերյալ իր հոդվածում գրեթե ուղիղ ձեւակերպել էր Հայաստանից Չինաստանի աշխարհաքաղաքական ակնկալիքը՝ դիրքավորում Գլոբալ հարավի դաշտում:


Ադրբեջանի հետ, ինչպես գիտենք, Չինաստանն ունի ռազմավարական գործընկերության հարաբերություն: Սա ամենեւին եմ ասում եզրակացնելու համար, որ Չինաստանն է այս հանդիպման կազմակերպիչը: Բայց, Չինաստանը թերեւս ունի էական դեր:


Այյս ֆոնին կարող է հակասական թվալ նախօրեին Մարկո Ռուբիոյի արած հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հավանականության կամ ակնկալիքի մասին:


Սա հիմք է դարձել տեսակետի, որ ԱՄՆ իրականացնում է ոչ հրապարակային ջանք:


Ինքս հակված եմ կարծել, որ ԱՄՆ ավելի շուտ փորձում է արձագանքել իր գլխավոր մրցակից Չինաստանի «թավշյա» ջանքին:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան

 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ