24.11.2024
Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ադրբեջան–Հայաստան առեւտրաշրջանառությունը նորություն չէ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ իշխանությունների համար նորություն չէ հայկական շուկայում ադրբեջանական ապրանք վաճառելու փաստը: 1997–ին Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել 62700 դոլարի ապրանք, իսկ մեկ տարի հետո, այդ ցուցանիշը կտրուկ նվազել է` 1500 դոլար: 2003–ին 13400 դոլարի արդբեջանական ապրանք է ներկրվել: 2004–ին ներմուծվել է 500 դոլարի ապրանք, իսկ հաջորդ տարվանից արդեն նաեւ արտահանում է իրականացվել: Վիճվարչության տվյալներով՝ 2005–ին եթե հարեւան երկրից 1500 դոլարի ապրանք է ներկրվել, ապա նույն տարում Հայաստանից այնտեղ է ներմուծվել 200 դոլարի ապրանք: 2011–ին ներմուծվել է 8500 դոլարի ապրանք: 2013–ին Հայաստան է ներմուծվել 3800 դոլարի ապրանք: 2016 եւ 2017 թվականների մասին վիճվարչության տվյալներով առեւտրաշրջանառություն կրկին չի եղել: Ու եթե անցյալ տարվա մասով ինչ–որ տեղ կարելի է «հավատալ» վիճվարչության կայքում տեղադրված ինֆորմացիային, ապա այս տարվա բացահայտումների ֆոնին նույն աղբյուրի տվյալները բավականին անհանգստացնող են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` նորընտիրներն ԱԺ-ում ոչ միայն «գոլդ» սենյակների «որոնման» աշխույժ գործընթացների մեջ են, այլեւ «գոլդ» համարներով ավտոմեքենաների: Հարցը ծառացած է բոլորի, այդ թվում եւ առաջին անգամ ԱԺ ոտնած գեներալի՝ Քեթրինի Միհրանի առաջ: Մեր տեղեկություններով` այս պահին ԱԺ-ում «անտեր» են երկու սուպերհամարներով ավտոմեքենաներ` 110.OO11, 200.ՕՕ11։ Կհասնի՞ դրանցից մեկը Միհրան Պողոսյանին, դեռ պարզ չէ. ԱԺ-ում սպասում են աշխատակազմի նոր ղեկավարին, որը, հավանաբար, կլինի Հովհաննես Սահակյանը, եւ որեւէ քայլ այս պահին չեն պատրաստվում անել: Ի դեպ, սենյակային «գոլդ» որոշումների մեջ է նաեւ առաջին անգամ պառլամենտ ոտնած Վարդան Ղուկասյանը: Նա պահանջել է իրեն տրամադրել Վարդան Օսկանյանի` ԱԺ դահլիճին կից, երկու սենյակից բաղկացած «ապարտամենտը», որը կարծես նրան չեն տրամադրի: Այն «նախատեսվել» է Արմավիրում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով ընտրված Անդրանիկ Կարապետյանի համար, որը, ըստ մեր աղբյուրների, գեներալ Մանվելի սանիկն է»:


«168 ժամ» թերթը գրում է. «Եթե հայկական կողմին տրամադրվում է այնպիսի սպառազինություն, այնպիսի զինատեսակներ, որոնք համարժեք են Ադրբեջանին տրամադրվող զինտեխնիկային, ինչո՞ւ հայկական կողմը ռազմական գործողությունների ընթացքում զիջեց հակառակորդին։ Պնդումները, թե Ադրբեջանն առավել էր միայն Իսրայելից ձեռք բերված զինտեխնիկայի հարցում, եւս չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ադրբեջանին տրամադրվում են այլ մասշտաբի եւ այլ որակի զինատեսակներ, իսկ Հայաստանին՝ այլ։ Հիշեցնեմ, թե ինչ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմական օրերին Բեռլինում։ Նա նշեց, որ հայկական կողմը պաշտպանվել է 1980-ական թթ. զինտեխնիկայով, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին մատչելի գներով տրամադրում է հին, մաշված զինտեխնիկա, իսկ համաշխարհային գներով Ադրբեջանին է տրամադրում նորագույն ռազմամթերք, ինչն Ադրբեջանի պաշտպանունակության գլխավոր գործոնն է ներկայումս»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լոնդոնցի վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ռուս փորձագետների պնդումներին, թե Հայաստանին եւ Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելով՝ Ռուսաստանը պահպանում է կողմերի միջեւ ռազմական հավասարակշռությունը։


Ըստ եվրոպացի ռազմական փորձագետի՝ եթե ռուսական կողմը հավասարակշռման քաղաքականություն է վարում, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո փորձեց վերականգնել այն բացը, որի մասին խոսում էին փորձագետները՝ տրամադրելով «Իսկանդեր» համակարգեր, եւ որոշակի նոր նախաձեռնություններ հանդես բերելով։ «Հակամարտող երկրները մշտապես կանգնած են ռազմական գործողությունների վտանգի առջեւ, եւ այդ հավասարակշռման քաղաքականությունը վստահաբար տեսանելի կլիներ ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում»,- ասել է Ջերմանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը երկու օր առաջ, Ադրբեջան հասավ ռուսական զենքի եւ նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, որը Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջեւ 2003 թվականին կնքված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում։


Թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնել։ Սակայն հայտնի է դարձել, որ խոսքը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մասին է։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զենքի եւ ռազմական տեխնիկայի հետ միասին, Ադրբեջան են ժամանել նաեւ ռուսաստանցի մասնագետներ, որոնք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին՝ ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայում ավարտվել է ՌԴ արտգործնախարար Լավրովի նախաձեռնությամբ Նալբանդյան-Մամեդյարով արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի շուրջ, պայմանավորվել են շարունակել շփումները: Հանդիպումից հետո նախարարներին միացել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Անջեյ Կասպրչիկը: Հազիվ թե լայն հանրությանը ընդհանրապես հայտնի դառնան ավելի հանգամանալից մանրամասներ, եթե, իհարկե, դրանք ընդհանրապես կան:


Չնայած տարածված այն հռետորաբանությանն ու մտայնությունը, որ խնդիրը ռազմական լուծում չունի, իրական քաղաքականության ռեժիմում բոլորի համար է հասկանալի, որ խնդիրը կարող է լուծում ունենալ հենց միայն ռազմական ճանապարհով, այսինքն՝ երբ կողմերից որեւէ մեկը ռազմական պարտության մատնի մյուս կողմին: Այլապես հակամարտության բնույթը եւ տրամաբանությունը խորքային իմաստով այնպիսին են, որ քսանամյա գործընթացը պարզապես երկրորդ կարծիք չի թողել՝ առնվազն եւս երկու տասնամյակ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմում ընդունելի չի լինելու կարգավորման ներկայացվող որեւէ փոխզիջումային տարբերակ՝ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:


Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական տարբերակով ավարտ կամ կարգավորում անհնար է, քանի որ կողմերը ի վիճակի չեն միմյանց հաղթել կամ պարտության մատնել, առավել եւս այն կողմը, որին չի գոհացնում ներկայիս ստատուս քվոն՝ Ադրբեջանը: Այսպիսով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ խնդիրը լուծում չունի, ավարտի տարբերակ չունի, եւ կամ պետք է հասնել արձանագրման, որ այն վաղուց ավարտված է, եւ ավարտը հենց ներկայիս ստատուս քվոն է, կամ պետք է գտնել, այսպես ասած, շարունակության որեւէ ֆորմատ, որեւէ տարբերակ, որով այն կշարունակվի «չկարգավորվածության», բայց միաժամանակ նաեւ ռազմական լայնածավալ բախումներ թույլ չտալու պայմաններում:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հակառակ ՀՅԴ-ականների պահանջին, չի ցանկանում այս կուսակցությանը գործադիրում եւս մեկ նախարարական պորտֆել տալ: Նա այդ մասին հայտարարել է նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, ու հիմա որոշվել է Դաշնակցության պահանջը կոմպենսացնել՝ ԱԺ-ում մի փոքր ավելացնելով նրանց դերակատարությունը: Մասնավորապես նախարարական պորտֆելի փոխարեն ՀՀԿ-ն ուզում է ՀՅԴ-ին ԱԺ-ում պաշտոններ տալ՝ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանից: Վերջինս, ի պատասխան տեղեկությունների, նշեց. «Խնդրիը դրան չի հասել, սպասեք, դեռ որեւէ մեկին հայտնի չէ»: Մինչդեռ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության քննարկումները գրեթե ավարտվել են, ընդհանուր հարցերում եկել են համաձայնության եւ տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ նախորդ օրվա ԳՄ նիստը տեւել է ընդամենը 15 րոպե։ «ԳՄ անդամները շուստրիացել են. ընդհանուր մթնոլորտում շատ բան չեն խոսում, սպասում են՝ վերջում «տետ ա տետ» հանդիպեն նախագահի հետ, էդտեղ ասեն իրենց ասելիքը»,- ասաց մեր զրուցակիցը: ԳՄ-ում 15 րոպեանոց նիստում Ռուբիկ Թադեւոսյանը հասցրել է ներկայացնել իրենց հիմնադրամի գործունեությունը, Արմեն Աշոտյանը` Ղարաբաղում Անդրանիկ Մարգարյանի կուսակցական դպրոցի աշխատանքները, Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ ծավալվող իրադարձությունները: ԳՄ նիստին չեն մասնակցել Վիգեն Սարգսյանը, որը գործուղման է եղել, եւ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, որը Հայաստանում չէ արդեն մոտ երեք շաբաթ:


Սերժ Սարգսյանը հարկ է համարել տեղեկացնել ծերակույտին, որ ինքն ու վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն իսկ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ, կոալիցիոն համաձայնագիրն ամբողջովին պատրաստ է, հաջորդ ԳՄ-ում, ըստ ամենայնի, կներկայացվի ծերերին` ծանոթանալու եւ ստորագրման պատրաստելու: «Մեզանում գործում է հետեւյալ ձեւաչափը. համաձայնագիրը, մինչեւ ԳՄ-ում քննարկվելը, ուղարկվում է ԳՄ անդամների էլեկտրոնային հասցեներին` առաջարկների համար, իսկ ԳՄ-ում արդեն ընդունված առաջարկներով տեքստն է հաստատվում»,- ասաց մեր զրուցակից ԳՄ ներկայացուցիչը: Համաձայնագրում պորտֆելների մասին խոսք չկա՝ ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների նախագահների ու ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելների հարցը կքննարկվի փաթեթով, հաջորդ ԳՄ-ներից մեկում, տեղեկացրել է Սերժ Սարգսյանը»: