Ոստիկանությունը ժամը 10:00-ից հետո կարող է դիմել գործողությունների Բաղրամայն պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարների նկատմամբ: Այդ մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ հավելելով. "Կհամբերենք մինչև ժամը 10:00-ը, որից հետո կդիմենք գործողությունների": Նա չմանրամասնեց, թե ինչ գործողությունների մասին է խոսքը, սակայան հունիսի 23-ին ոստիկանությունը ևս հայտարարեց հատուկ գործողությունների իրականացման մասին և ուժի կիրառմամբ ցրեց Բաղրամյան պողոտայում "Ոչ թալանին" նախաձեռնության ակտիվիստների նստացույցը: Կարապետյանը միայն նշեց, որ արդեն բանակցել են պատգամավորների հետ եւ ակնկալում են այս հարցում նրանց աջակցությունը: Ոստիկանությունը առաջարկում է ցուցարարներին բացել Բաղրամյան պողոտան և նստացույցը տեղափոխել Ազատության հրապարակ: Այդ ընթացքում ոստիկանների և ցուցարարների միջև կենդանի վահան կազմած քաղաքական գործիչները, շոու բիզնեսի աստղերը և գործարարները փորձում են ոստկանության և ցուցարարների հետ բանակցությունների միջոցով խնդրին լուծում տալ: Ցուցարարների հետ Բաղրակմայն պողոտայում են գիշերել նաև տասնյակ պատգամավորներ և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ: Գործարար Խաչատուր Սուքիասյանն ու պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն առաջարկում են ցուցարարներին մարտավարություն մշակել՝ հասկանալ ինչ են ուզում և բանակցությունների գնալ իշխանության հետ: Ցուցարարները սական մերժեցին ոստիկանության առաջարկը տեղափոխել նստացույցը Ազատության հրապարակ, ինչպես նաև առկախված են թողել նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը պատվիրակներ ուղարկել և բանակցել նախագահի նստավայրում: Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը սկզբունքորեն դեմ չէ հանդիպել նախագահ հետ, սակայն ուղիղ եթեր հեռարձակում է պահանջում: Իսկ մյուս մասը կտրականապես մերժում է հանդիպման տարբերակը՝ կոչ անելով պայքարն ավելի լայնածավալ դարձնել: Ցուցարարները ոստիկանության հետ ընդհարում թույլ չտալու համար աղբամանների միջոցով բարիկադներ են կառուցել, որոնք ամրացված են քարերով լի պարկերով: Բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտան չեն պատրաստվում լքել, ավելին՝ նրանք այնտեղ տեղադրել են բարձրախոսներ, հնչում են ելույթներ և ազգային երաժշտություն: Իրավիճակը Երևանի կենտրոնում մնում է լարված: Ցուցարարներին նախագահի նստավայրից բաժանում է ոստիկանական մի քանի պատնեշ: Այնտեղ են գտնվում ոստիկանական զորքեր և ջրցան մեքենաներ: ՀՀ ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան նախազգուշացումներից հետո ուժի կիրառմամբ ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված ցույցը: Ցույցը տեղի էր ունենում Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում՝ նախագահի նստավայրից ոչ հեռու: Խաղաղ ցուցարարներին ցրելու հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը կիրառեց նաև ջրցան մեքենաներ: Ոստիկանություն բերման ենթարկվեցին 237 "Ոչ թալանին" նախաձեռնության կազմակերպիչներ, որոնց մի մասը հետագայում ազատ է արձակվեց: Բերման ենթարկվածների թվում կան նաև լրագրողներ: Նրանց տեխնիկան ամբողջությամբ ոչնչացվել է: Լրագրողները, որոնք իրենց խմբագրությունների հետ են կապնվել ոստիկանական բաժանմունքներից հայտարարել են, որ իրենց նկատմամբ ուժ են գործադրել և ուժեղ ծեծի են ենթարկել: Կան նաև վիրավորներ, ովքեր հիվանդանոցներ են տեղափոխվել: