Մամուլի տեսություն. Գազի գինը Հայաստանի համար ոչ թե կնվազի, այլ չի բարձրանա
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«168 ժամ» թերթ գրում է. ««Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի նախօրեի հայտարարությունը, թե Հայաստանին մատակարարվող գազի գինը կնվազի 25 դոլարով և 1000 խմ-ի դիմաց կկազմի 165 դոլար, դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ու Եվրասիական տնտեսական միության գովաբանության քարոզչական հիթ: Արդեն երկու օր է՝ Հայաստանի իշխանական գործիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե ինչպիսի դրական քայլ է կատարվել ռուսական կողմից, ինչի արդյունքում հայ սպառողների համար գազի գինը չի բարձրանա. ոչ թե կնվազի, այլ չի բարձրանա: Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս նույն հայ պաշտոնյաները հպարտորեն հայտարարում էին, թե դրա արդյունքում առնվազն առաջիկա 5 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի գինը չի փոփոխվի:
Գազի գնի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ընդհանուր վերաբերմունքի առանձին դրսևորումներից մեկն է: Իսկ այդ վերաբերմունքի կամ քաղաքականության հիմքում ընկած է «կարող էր նաև ավելի վատ լինել» բանաձևը: Դրա համար էլ ամիսներ շարունակ Հայաստանում քննարկվում էր գազի հնարավոր թանկացման հարցը, որպեսզի մի գեղեցիկ օր «Գազպրոմի» նախագահը հայտարարի, որ թանկացում չի լինելու: Որքան զարմանալի, նույնքան էլ հասկանալի է, որ այդ «ավետիսը» չհայտնեց հայ պաշտոնյաներից որևէ մեկը: Հասկանալի է, որովհետև դրա իրական նպատակը հայ հասարակության շրջանում Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության նկատմամբ աճող հիասթափությունն է: Հենց դա կանխելու համար էլ ռուսները որոշել են նվազեցնել իրենց իսկ ընկերությանը մատակարարվող գազի գինը: Ընդամենը 25 դոլարով, իհարկե: Բայց դա Ռուսաստանի ներկայիս հեղինակության համար գուցե նույնիսկ բարձր գին է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրագրողական դաշտում գործունեություն ծավալող մի խումբ մարդիկ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Ապրիլի 20-ին ձերբակալվեց կապանցի լրագրող Արմենակ Դավթյանը, որի դեմ բողոք է ներկայացրել Կապանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Արթուր Գեւորգյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց Արմենակի պաշտպան Սամվել Դավթյանից հետաքրքրվել, թե սա ի՞նչ պատմություն է, եւ ինչո՞ւ է նա այդքան արագ իր մեղքն ընդունել: Արդյո՞ք ճնշումներ են գործադրվել: Փաստաբանը տեղեկացրեց, որ իրավապահներին առաջինը բողոք ներկայացնողը եղել է Արմենակը. «Նա իր բողոքում հայտնել է, որ իրեն ստիպել են, ստիպողաբար ստացական են վերցրել, թե իբր նա գումար է պարտք»….: …Հավելենք, որ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմենակ Դավթյանը միակ լրագրողը չէ, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին: Տեղեկություններ կան, որ այս օրերին իրավապահները որոշ լրագրողների գործունեության մասով եւս բողոքներ են ստանում, ուստի չի բացառվում, որ առաջիկայում խարդախության ճանապարհով գումար շորթելու համար էլի լրագրողներ կալանավորվեն…:
Հ. Գ. Լրագրողական համերաշխությունը «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես պահպանել է եւ եղել է դաշտը միավորողների առաջամարտիկներից: Բայց եթե նաեւ մեզ մոտ կան խարդախության դեպքեր, ուստի թեման անտեսել չենք կարող: Ի վերջո, այն, ինչ չի կարելի շարքային քաղաքացուն, պետք է լրագրողների համար եւս արգելված լինի: Լրագրող լինելը արտոնություն չէ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. « ՀՀ կենտրոնական բանկը երկու ուրախացնող լուր է տարածել Հայաստանի բնակիչների համար։ Մեկը՝ որ Հայաստանում գործարար միջավայրի ցուցանիշը բարձրացել է, եւ երկրորդը՝ որ սպառողների վստահության ցուցանիշն է սկսել աճել։ «2015թ. առաջին եռամսյակում կազմել է 54.8, ինչն իր նախորդ եռամսյակի մակարդակից բարձր է 6.7 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ ցածր 1.1 կետով…»։ Այն, որ անցյալ տարի գործարար միջավայրն ավելի լավն էր, հասկանալի է։ Դոլարի սրընթաց վերելքը դեռ չկար, գները ցածր էին, բիզնեսն էլ ծանր էր շնչում, բայց դեռ գոյատեւում էր։ Բայց այս տարի, հունվար-մարտ ժամանակահատվածում սպառողական գները, ըստ վիճծառայության տվյալների, 5,1 տոկոսով բարձր էին։ 12-ամսյա գնաճը Հայաստանում մարտին դուրս է եկել նպատակային սահմաններից՝ կազմելով 5,8 տոկոս, մինչդեռ պետբյուջեով գնաճը չպետք է գերազանցեր 4 տոկոսը։ Գործարարները դեռ ուշքի չեն եկել անցյալ տարեվերջի շոկից, եւ Ռուսաստան ապրանք արտահանողները մինչ օրս բողոքում են ռուբլու ցածր փոխարժեքից, որի պատճառով նրանք վնասներ են կրում։ Արտադրողների վիճակն ավելի վատ է:
Հայաստանի Գործատուների միությունն էր դեռեւս փետրվարին ՏՕՏ հնչեցրել, կառավարությունից խնդրելով փոխհատուցել արտադրողների վնասները։ Անկումն այնքան մեծ է եղել, որ ԿԲ-ն, այնուամենայնիվ, ընդունել է այն, արձանագրելով աննշան՝ 1.5 կետով նվազում արդյունաբերության ոլորտում։ Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին եւ առեւտրին, որոնցում, ըստ ԿԲ հայտարարության, 2.1 կետով բարելավում է գրանցվել, ապա բավական է նայենք մեր շուրջը, որպեսզի համոզվենք ճիշտ հակառակում։ Չկա փողոց, որտեղ հունվարի տոներից հետո «Վաճառվում է» բառով մի նոր ցուցանակ հայտնված չլինի փոքր խանութների վրա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանում երեկ քննարկվել է հերթական արտաքին վարկի հարցը, որը ևս 270 միլիոն դոլարով ավելացնելու է Հայաստանի առանց այդ էլ ՀՆԱ կեսին հասնող ավելի քան 4 միլիարդ դոլարի արտաքին պարտքը: Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից ստանալիք 270 միլիոն դոլար վարկի մասին է, որը պետք է ծառայի հայկական գործող ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելուն: Ատոմակայանի շահագործման ժամկետը ավարտվում է 2016 թվականին, սակայն համարժեք հզորությունների պակաս ունենալու պայմաններում Հայաստանը որոշել է երկարաձգել շահագործման ժամկետը տասը տարով: Ահա այդ աշխատանքները ֆինանսավորելու համար էլ Ռուսաստանից վարկ են վերցնում՝ 270 միլիոն դոլար: Խորհրդարանը երեկ դեռ չի հասցրել քվեարկել նախագիծը, սակայն կասկած չկա, որ այն հաստատվելու է, քանի որ Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ է` փորձում էին Ռուսաստանից ստանալ այդ վարկի համաձայնությունը:
Այս հարցի խորհրդարանական քննարկումը խորհրդանշորեն համընկավ հայկական սփյուռքին ուղղված սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչի հետ՝ բերել և հայկական բանկերում յուրաքանչյուրը 1000-ական դոլարի հաշվեհամար բացել: Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար վերցվող 270 միլիոն դոլարի վարկն ու սփյուռքի նախարարի «բանկային» կոչը շատ խորհրդանշորեն են գալիս միմյանց դեմ»: