Իրատեսական չէ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը. ԱԺ նախագահ
Իրատեսական չէ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ կա նաև պատուհան և, այսպես ասած, շատ լավ աշխատելու ու ջանքեր գործադրելու դեպքում հնարավոր է վավերացումը լինի նաև այս տարի:
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք իշխանափոխությունն է ազդել այդ գործընթացի վրա Միրզոյանը նշեց, որ եթե 6-րդ գումարման խորհրդարանը շարունակեր աշխատանքը, ապա մի քիչ ավելի սահուն կընթանար այդ աշխատանքը:
Ինչ վերաբերում է հարցին, թե կարող է նոր խորհրդարանը խոչընդոտել ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի կնքմանը, Միրզոյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ն ձեռքի տակ ունի այն գործիքները, որոնք ուներ նախորդ խորհրդարանը և պարզապես ջանքեր է պետք գործադրել.
«Պետք է հաշվի առնենք, որ այսօր առաջին օրն է, պատվիրակություններ դեռ ձևավորված չեն: Մարդկանց ժամանակ է պետք այդ կապերը հաստատելու և աշխատանքը տանելու համար»: