23.11.2024
ՀՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային
15.04.2015
ՀՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային

Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: "Բանաձևը կարևոր ուղերձ է Թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։ Այս բանաձևի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին", - ասվում է հայտարարությունում։ Ինչպես նշեց արտգործնախարարը, Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987թ. իր կողմից ընդունված բանաձևում Օսմանյան կայսրությունում 1915-1917թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի, և դատապարտում է դրա ժխտումը։ 28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին։ Եվրամիության օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն, ասվում է ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունում: Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը ապրիլի 15-ին լիագումար նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Այն նաև կոչ է անում ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: