1996-ին Երեւանի պետական բժշկական համալսարանի՝ դաժանաբար սպանված ուսանող Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, բաց նամակ է գրել ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին եւ Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո պարոնայք, մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ եւ անթույլատրելի երեւույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013թվականին)։
Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որ, Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները` ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինն արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենն իր կողակցին տուն վերադարձնելու համար:
Մենք խնդրում եւ հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։
Հարգանքով`
Ծնողներ՝
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա
Քույր՝Ելենա Աղաջանովա»:
Վերջին օրերին մամուլում հայտնվել են տեղեկություններ, թե դատապարտյալների ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հարցին: Եթե դա այդպես է, ապա եզրակացությունը պետք է հաստատի ՀՀ նախագահը կամ վարչապետը:
Հիշեցնենք, համաձայն այս դաժան քրեական գործի նյութերի, Իոսիֆ Աղաջանովը առևանգվել է համակուրսեցի Մհեր Ենոքյանի կողմից, որի դիմաց նրա ծնողներից պահանջվել է 20 հազար ԱՄՆ դոլար փրկագին: Սակայն սպանվել է դաժանաբար. նրա մարմինը հայտնաբերել են մաս-մաս կտրատված: Մհեր Ենոքյանը պնդում է, որ ինքը մեղավոր չէ: Կատարվածին մասնակից է եղել նաև նրանց մյուս ընկերը՝ Աշոտ Հարությունյանը, որը 15 տարի պատիժը կրելուց հետո այժմ ազատ է արձակվել: Հարությունյանի ցուցմունքների հիման վրա Մհեր Ենոքյանին սպանության մեղադրանք է առաջադրվել: Վերջինս նախ դատապարտվել է գնդակահարության, սակայն ավելի ուշ գնդակահարման դատապարտվածների նկատմամբ նախագահի որոշմամբ կիրառվում է ցմահ ազատազրկում պատիժ ու, Ենոքյանը 100-ից ավելի ցմահ դատապարտյալներից մեկն է: