Մինչ Փաշինյանը թոզ է փչում ժողովրդի աչքերին մարտահրավերները գնալով ավելանում են.Շարմազանով
Մինչ Փաշինյանի իշխանությունը երջանիկ և հպարտ կեցվածքով թոզ է փչում ժողովրդի աչքերին` փորձելով քողարկել իրական գնաճի տեմպերը, տնտեսական անկումը, գազի թանկացման բացասական հետևանքները, մարտահրավերները գնալով ավելանում են: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Չնայած Դուշանբեի վերելակում ձեռքսեղմումից Փաշինյանի վրա Ալիևը թողել էր «կիրթ» անձնավորության տպավորություն, Ադրբեջանի ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարություններով, որտեղ նշել է, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, թե Հայաստանի մեկուսացումը պետք է շարունակվի, թե հայկական ուժերը պետք է դուրս բերվեն տարածքներից:
Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ ընդունված 3 սկզբունքներից 2-ը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում և ուժի չկիրառում, ինչպես նաև հրապարակ է նետում «տարածքներ խաղաղության դիմաց» տեսակետը: Սա անթույլատրելի և դատապարտելի է:
Ոչ պակաս տարակուսելի է այն, որ Ալիևը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ հույսեր է կապում` նախորդ իշխանությունններին անվանելով հանցագործ:
Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, ինձ համար անխոս վիրավորական կլիներ, եթե ապրիլյան պատերազմի սանձազերծողն ու մարդասպան սաֆարովներին հերոսացնողը դրական արտահայտվեր մեր մասին:
Հ.Գ. Ամեն ինչից էժանագին շոուների ու քեֆ-ուրախությունների փոխարեն Փաշինյանի իշխանությանը չէր խանգարի վերջապես զբաղվել գործով` պաշտպանել մեր ազգային և պետական շահերը, արձագանքել հակառակորդների հակահայկական հիստերիային», -նշել է Շարմազանովը։