23.11.2024
Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ԲՀԿ-ից և հեռանում է ակտիվ քաղաքականությունից
05.03.2015
Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ԲՀԿ-ից և հեռանում է ակտիվ քաղաքականությունից

Խոշոր գործարար Գագիկ Ծառուկայնը հայտարարել է, որ այլևս չի զբաղվելու ակտիվ քաղաքականությամբ, վայր է դնելու կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները: «Ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները», - ԲՀԿ արտահերթ համագումարում հնչեցրած իր ելույթում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ելույթում, մասնավորապես, նա ասել է, որ քաղաքականությունից հեռանալն իր անձնական որոշումն է, և այն երկար մտորումների արդյունք է: «Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք», - հույս է հայտնել Ծառուկյանը: Փետրավրի երկրորդ կեսին սկիզբ առած Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան կոնֆլիկտն ավարտվեց վերջինիս քաղաքական կապիտուլայցիայով: Ընդամենը չորս օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ հրաժարվում է իշխանությունների հետ առճակատումից և չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ին նախատեսված «եռյակի» հանրահավաքը: Արդյունքում ԲՀԿ-ի շարքերը լքեցին մի շարք պատգամավորներ և իսկ ոչ իշխանական «եռյակը» փլուզվեց: Համագումարին հնչեցրած ելույթում Ծառուկյանը նաև նշել է, որ քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով փորձել է լուծումներ գտնել, պայքարել, բայց ես միշտ դեմ է եղել մայդաններին: «Այստեղ նույնպես ես անկեղծ եմ: Ես չէի կարողանա ներել ինձ, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Սա այն սահմանն է, որն իմ ուժերից վեր է: Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ», - նշել է նա՝ միևնույն ժամանակ կրկնելով, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից: «Ես այլևս կուսակցության նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին և իմ ժողովրդին: Դա կարվի այլ ոլորտներում, այլ բնագավառներում: Ես կշարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակույթի և գիտության մարդկանց: Բայց ես դա կանեմ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես Գագիկ Ծառուկյան: Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ: Սա իմ վերջնական որոշումն է», - հայտարարել է նա: Անդրադառնալով ընթացիկ հարցերին՝ Ծառուկյանը կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկել է իր թիմակից Նաիրա Զոհրաբյանի թեքնածությունը: «Հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամեն ինչ ձեր որոշելիքն է: Շնորհակալություն», - եզրափակել է նա։