23.11.2024
Հայաստանն աջակցություն է առաջարկել Վրաստանին ավերիչ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար
14.06.2015
Հայաստանն աջակցություն է առաջարկել Վրաստանին ավերիչ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Հայաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին և առաջարկել հայկական կողմի աջակցությունը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ցավակցության և աջակցության առաջարկի համար: ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին շարունակել համագործակցությունը Վրաստանի իր գործընկերոջ հետ` ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցությունը վրացական կողմին ցուցաբերելու համար: Հիշեցնենք, որ Թբիլիսիում շարունակվում են փրկարարա-որոնողական աշխատանքները: Ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհվածների թիվը ավելանում է: Վերջին տվյալներով, որոնք փոխանցում են վրացական լրատվամիջոցները, զոհվածների թիվը հասել է 11-ի։ Հորդառատ անձրեւը՝ կարկուտի եւ քամու ուղեկցությամբ, Թբիլիսիում տեղացել է կիրակի գիշերը։ Տարերքի հետեւանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, հեղեղվել է կենդանաբանական այգին։ ″Ռուսթավի 2″ հեռուստաալիքի տվյալներով, սպանվել են գազանանոցից փախած կենդանիների մի մասը՝ առյուծներ եւ գայլեր։ Ընդհանուր առմամբ հեղեղից հետո այգուց փախել էր 30 գիշատիչ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ որոնում են վեց առյուծների, վեց վագրերի, յոթ արջերի եւ 13 գայլերի։ Թբիլիսիի քաղաքապետարանը և ներքին գործերի նախարարությունը բնակիչներին կոչ են արել չլքել տները, քանի դեռ բոլոր կենդանիներին չեն բռնել: Տարերքի հետեւանքով տանիքից զրկվել են 40 ընտանիքներ Թբիլիսիի կենտրոնում։