24.11.2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին անգամ զգուշացնում և հորդորում է
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի եւ հօգուտ Մայրապետանի որոշում է կայացրել. թույլ կտան մեկնել Գերմանիա

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկվա որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի հունվարի 2-ի միջնորդությունը միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ, հաղորդում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը:


Դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:


«Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլյումինալ դրենավորման գործընթացը: ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին», - ասված է հաղորդագրությունում: - «Դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման»:


Ներկայումս Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:


Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից:


Գործարարին «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել:


Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: