23.11.2024
ՀՀ-ի խորհրդարանն ունի հստակ արևմտամետ կողմնորոշում
prev Նախորդ նորություն

Առաջիկա հինգ տարում ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ կհասցնեն 23-24 տոկոսի. նախարար

Հայաստանի կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրի շրջանակներում ամեն ինչ արվելու է, որ ներդրումները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն 23-24 տոկոսի: Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ որքան ներդրումներ են սպասվում 2019թ.-ին:


Ըստ Խաչատրյանի՝ գոյություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները շարունակաբար վերազինում են իրենց արտադրությունը, և դա այն շարժիչն է, որ պետք է ապահովի երկարաժամկետ կայուն զարգացումն ու մրցունակությունը տվյալ կազմակերպության շուկայում:


«Ցանկացած տնտեսական միավոր, անկախ ոլորտից, շարունակաբար իրականացնում է այդպիսի ներդրումներ: Երբ մենք խոսում ենք ներդրումների մասին՝ հատկապես կարևորում ենք նոր ներդրումային ծրագրերի իրականացումը. դրանք բազմաթիվ են և վերաբերում են տարբեր ոլորտների՝ և արդյունաբերության, և էներգետիկայի: Բայց պետք է իմանանք նաև, որ ցանկացած քննարկում՝ քննարկման փուլից մինչև իրականացում ճանապարհ է անցնում, և դա էլ նոր երևույթ չէ: Ցանկացած նոր նախաձեռնություն ժամանակ է պահանջում, որպեսզի իրականացման հասնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:


Հարցին՝ արդյոք 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ներդրումների իրականացման առումով դրական շարժ նկատվում է, Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներդրողների կողմից հետաքրքրությունը շատ մեծ է.


«Ամեն ինչ արվելու է, որ ներդրումներն առաջիկա հինգ տարում հասնեն ՀՆԱ-ի 23- 24 տոկոսին: Ընդ որում, գերակշիռ մասը պետք է կազմեն մասնավոր ներդրումները: Պետության և մասնավոր ներդրումների հանրագումարը պետք է կազմի ՀՆԱ-ի 19 տոկոսը: Այսինքն` մենք խոսում ենք ավելի քան 20 տոկոսով ամենամյա ներդրումների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ ավելացնելու մասին»: