«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը (ALDE) անդամակցելու դիմումը ընդունվել է:
ՀՀ այսօրվա ԱԺ-ում ներկայացված ուժերից «Իմ քայլը» խմբակցությունն ու «Լուսավոր Հայաստանն» ունեն եվրոպամետ, լիբերալ-ազատական ուղենիշներ, այս ուժերը մշտապես հանդես են եկել ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի հաստատման օգտին: Երեք ուժերից միայն ԲՀԿ-ն է, որը չունի հստակ եվրոպամետ դիրքորոշում, այդ թվում հստակ ուրվագծված լիբերալ-ազատական կուսակցական ծրագիր:
Այսօրվա խորհրդարանում փաստորեն չկա հստակ ռուսամետ, ՌԴ-ի հետ սերտ կապերի հետագա ամրապնդման կողմ արտահայտվող կուսակցություն, որի վրա Մոսկվան կարող է հենվել:
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման կողմնակից բազմաթիվ ուժեր, որոնք ունեին պահպանողական, կոնսերվատիվ գաղափարախոսություն` ՀՀԿ, ՀՅԴ և այլն, հայտնվել են խորհրդարանի պատերից դուրս և չունեն օրենսդրական լծակներ: Նրանք վերածվել են արտախորհրդարանական ուժերի, որոնք տարիների ընթացքում կարող են կորցնել իրենց ներուժն ու վերածվել մարգինալ ուժերի, որոնք ոչ մի կերպ չեն կարողանալու ազդեն ոչ երկկողմ` հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, ոչ էլ երկրի ներսում որոշումների կայացման վրա:
ԼՀԿ-ն էլ դարձավ «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) անդամ, այսինքն կրելու է եվրոպական ազդեցություն ու ավելի եռանդով է առաջ մղելու եվրոպական արժեքները ՀՀ-ում, փորձելով ԵՄ-ՀՀ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի` ԱԺ-ում ԵՄ-ՀՀ տարբեր համագործակցության փաստաթղթերին կողմ քվեարկելով:
ՌԴ-ն պետք է փորձի ՀՀ-ում համախմբել ռուսամետ դիրքորոշման քաղաքական կուսակցություններին մի դաշինքի, բևեռի մեջ: Դա թույլ կտա գոնե հաջորդ ընտրություններում ԱԺ-ում ունենալ հայ-ռուսական հարաբերությունների խորացմամբ զբաղվող, լոբբինգ իրականացնող քաղաքական ուժ կամ ուժեր:
Այսօր Մոսկվան պետք է հարաբերություններ կառուցի ԱԺ-ում ներկա ուժերի հետ` քաղաքական ստատուս-քվոն դա է պահանջում, սակայն որևէ գործուն լծակ ԱԺ-ի պատերից ներս այս պահին ՌԴ-ի համար առկա չէ:
Չնայած ԲՀԿ-ն կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմանը, սակայն «Իմ քայլը» խմբակցությունն ու ԼՀԿ-ն մեծամասնություն են կազմում այսօրվա ԱԺ-ում: ԲՀԿ-ն կարող է ԱԺ ամբիոնն օգտագործել որպես հայ-ռուսական կապերի ամրապնդման կոչեր հնչեցնելու հարթակ, բայց ոչ ավելին:
Քվեարկության արդյունքում նրանք չեն կարող ազդել օրենսդրական նախաձեռնությունների ու օրենքների ընդունման վրա. Փաշինյանի գլխավորած ուժը քաղաքական մեծամասնությունը, կարող է անցկացնել ցանկացած նախագիծ, այդ թվում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից: