VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին զինվորական դատական եւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այս օրերին ակտիվորեն մասնակցում է դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացներին, ազդում որոշումների կայացման վրա: Ջհանգիրյանը հավակնում է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնին, որը նրա վաղեմի երազանքն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում: Այս օրերին, երբ ձևավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ` Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու գիտնականների համագումարին: Սուպերնախարարի սուպերգործուղումը կտևի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման կմեկնի նաև Մեծ Բրիտանիա: Հիշեցնենք` մայիսին նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մետրոյով էր գործի գնում, հայտարարել էր` գործուղումները պետք է կրճատել, «գործուղումն էքսկուրսիա չէ»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանձնաժողովների ֆունկցիաներում բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել: Օրինակ, բավականին կրճատվել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները։ «Պատճառը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անփորձությունն է, որը հատկապես երեւան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ։ Այսօր արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «օտարվել» են մի շարք կարեւորագույն ոլորտներ. եթե նախկինում ԵՄ-Հայաստան համաձայնագրի աշխատանքները համակարգում էին արտաքին կապերն ու եվրաինտեգրումը` արտաքին կապերի գլխադասությամբ, ապա հիմա, ԱԺ որոշմամբ, CEPA-ն ամբողջությամբ անցել է եվրաինտեգրման հանձնաժողովի իրավասության ներքո։ Եվրասիականը եւ ռեգիոնալ ուղղությունը նույնպես հանել են արտաքին հարաբերություններից, առանձին հանձնաժողով են ստեղծում։ Հաջորդը սփյուռքի հետ կապերի կանոնակարգումն էր, որն արտաքին հարաբերություններն էր իրականացնում, հիմա այն տարել են գիտության եւ կրթության հանձնաժողովի տակ»,- ասաց «Իմ քայլի» ներկայացուցիչը: Երբեմնի «սուպեր» հանձնաժողովից, փաստորեն, մնացել է միայն անո՞ւնը։ «Այդպես չէ, բայց այնպես էլ չէ, որ այն առանցքային է նախկինի պես։ Մեկ այլ խնդիր էլ կա. ով է լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը։ Մինչեւ վերջերս ասվում էր, որ Ռուբեն Ռուբինյանն է»: Խոսվում էր Հովհաննես Իգիթյանի մասին։ Ի՞նքն է ղեկավարելու ԵԽԽՎ պատվիրակությունը` Հովհաննես Իգիթյանն ասաց. «Անկեղծ ասած` ես չգիտեմ, պատվիրակության հարցը դեռ լուծված չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին, ով վերջերս է դիվանագիտական առաքելությունը ավարտել Իսպանիայում: Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցը իր պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով: Չնայած դրան, Մնացականյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, որ ԱԳ փոխնախարար պետք է նշանակվի հենց Ադոնցը: Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը 2007թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ից և հետագայում դիվանագիտական կարիերան սկսեց ԲՀԿ քվոտայով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու կարևորագույն հարց կա. 2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանում քաղաքական ազատությունների հարցը: Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված որևէ բողոք չկա, քանի որ ընտրական պրոցեսի որևէ մասնակից չի բողոքարկում դրա արդյունքները, մինչդեռ Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ-ն կարող է բավական կոշտ բանաձև ընդունել՝ նկատի ունենալով, որ այդ երկրում անազատության մեջ են գտնվում բազմաթիվ լրագրողներ և բլոգերներ, իսկ վերջերս նրանցից մեկը` Մեհման Հուսեյնովը անժամկետ հացադուլ էր հայտարարել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում բավական խստացվել է անվտանգությունը: Պատճառը 2018 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպն էր: Ինչպես հայտնի է, մի ազատամարտիկ, ինչպես հետագայում պարզվեց, իր վրա ուշադրություն սեւեռելու եւ աշխատանք խնդրելու նպատակով նռնակով զինված փորձել էր մտնել ՀՀ կառավարության շենք: Սակայն ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել էր կանխել նրա գործողությունները: Այս դեպքից հետո Կառավարության շենքում անվտանգությունը ավելի են խստացրել: Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ մեր թղթակիցը նկատել է, որ ԱԱԾ աշխատակիցները ամեն ելումուտից հետո ներսից փակում են Կառավարության շենքի դուռը, մինչդեռ նախկինում այդպես չի եղել. նրանք միայն զինված հսկել են մուտքը: Անհրաժեշտության դեպքում, երբ քաղաքացին մոտենում է դռանը, անվտանգության աշխատակիցները հետաքրքրվում են, թե ինչ նպատակով եւ ում մոտ է նա եկել, ապա նոր որոշում՝ բացեն, թե ոչ: Նպատակն այն է, որ այլ մարդիկ չկարողանան այդպես հեշտ մուտք գործել շենք»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ԲԴԽ անդամ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի եւ դատական կարգադրիչների միջեւ: «Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ ԲԴԽ անդամ դատավորը կարգադրիչներին հրահանգել է իրերն մի աշխատասենյակից մյուսը տեղափոխել: Թեեւ բեռնակրությունը չի մտնում դատական կարգադրիչների պարտականությունների մեջ, բայց դատավորի նկատմամբ հարգանքից ելնելով` փորձել են օգնել: Դատավորը դժգոհ է մնացել նրանց աշխատանքից, սկսել է հրահանգներ տալ, արագաշարժությունից դժգոհել: Այս ամենը կարգադրիչներին դուր չի եկել, եւ վերջիններս ասել են, թե չեն կարող ավելի արագ «բեռնակրություն անել», ու հրաժարվել են դատավորի հրահանգները կատարելուց: Արմեն Խաչատրյանն էլ սկսել է կոպիտ խոսքերով վիրավորել նրանց: Վեճը այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքներին: Երեկ մեկնաբանությունների համար փորձեցինք դիմել Խաչատրյանին, բայց նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
«Փաստ» թերթը գրում է. «Եթե, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության մարտավարությունը պարզ է, նրանք խաղում են ակնհայտ ընդգծված երկու «հարձակվողներով»՝ կիրառելով հայաստանյան ընդդիմադիր ավանդույթի բոլոր կանոնները, եթե պարզ է ԲՀԿ-ի թե՛ խորհրդարանական խմբակցության, թե՛ ընդհանրապես կուսակցության մարտավարությունը, ապա «Իմ քայլի» դեպքում ոչինչ դեռ պարզ չէ: Պարզ է միայն այն, ինչ տեսնում ենք՝ բազմաթիվ լեզվական վրիպակներ, ոչ կոմպետենտություն, չհամակարգված թիմային աշխատանք: Բնականաբար, «Իմ քայլի» խմբակցության խնդիրն առավել բարդ է, եթե հաշվի առնենք նրանց թե՛ քանակը, թե՛ այն խառնիճաղանջ կազմը, որ նրանք ներկայացնում են: Բայց եթե իշխող ուժի ամենահրապարակային հատվածը՝ ԱԺ խմբակցությունը, հրապարակային քաղաքականության մեջ իր առաջին քայլերը սկսում է նման վրիպակներով, մտավախություն կա, որ մենք ոչ միայն շատ շուտով կսպառենք հեղափոխության հանդեպ հանրային դրական սպասելիքների պաշարը, այլեւ ոչ հեռավոր ապագայում կկանգնենք իշխանության դելեգիտիմացման հերթական մարտահրավերի առաջ:
Իրավիճակը դեռեւս փրկում է Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակությունը: Անհայտ է, սակայն, թե ինչքան կբավարարի այդ հեղինակությունը, կամ կբավարարի՞ արդյոք բոլորին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հեղափոխական փոփոխությունների ողջ պատասխանատվությունը իշխանությունն ու Փաշինյանը դնում են գործադիրի ուսերին: Այսինքն, ջանքերի, ռեսուրսների, այդ թվում՝ վարկանիշի ողջ ծավալը ուղղվելու է կառավարությանը, իսկ ԱԺ-ում մնալու է այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին: Մեծ հաշվով, անշուշտ, ԱԺ-ն շատ բան չի որոշում: ԱԺ-ի հանդեպ հասարակությունը նույնպես առանձնապես սպասումներով լցված չէ, ու իշխանության կոլեկտիվ պատասխանատվությունը հասարակական ընկալումներում անձնավորված է Փաշինյանի դեմքով: Սակայն կա մի անլուծելի խնդիր՝ ԱԺ նիստերը լուսաբանվում ու հեռարձակվում են ուղիղ եթերով: Ասել է թե, եթե ԱԺ-ում իշխանական խմբակցությունը շարունակելու է նույն վարքը դրսեւորել, եւ այդ ամենն էլ հեռարձակվելու է ուղիղ եթերով, դառնալու է ինֆորմացիոն հոսքի հիմնական թեման, ապա հեռու չէ այն պահը, երբ Փաշինյանի հեղինակությունը կսկսի չբավարարել «լեզվական վրիպակները» կոծկելու համար:
Փաստացի ստացվում է, որ ԱԺ-ն ոչ միայն չի օգնում, այլ սկսում է խանգարել Փաշինյանին: Խորհրդարանական ընդդիմության արմատական թեւն՝ ի դեմս ԼՀԿ–ի կամ նախկին իշխանության հետ առնչվող տարբեր սուբյեկտների, ԱԺ-ից դուրս ակտիվորեն հետեւում են իշխանության խորհրդարանական բացթողումներին՝ կրկին ուղիղ եթերի ռեժիմով: Եվ չի փրկում նույնիսկ 70 տոկոսի հանգամանքը, որովհետեւ դրանք Փաշինյանի տոկոսներն են: Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ կորած է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կան նախատեսված գործիքակազմեր իրավիճակը շտկելու համար: Կա խմբակցության ղեկավարի, քարտուղարի հաստիք, կան հանձնաժողովի նախագահների հաստիքներ, շուտով կլինեն նաեւ հանձնաժողովային փորձագետներ: Սրանք կարեւորագույն գործիքներ են խմբակցության աշխատանքը համակարգելու համար: Սակայն խնդիրը մեծ հաշվով կրկին Փաշինյանի դաշտում է: Որպես թիմի ղեկավար՝ նա պետք է տա այն ուղենիշերը, որոնք իր խմբակցության բազմաքանակ կազմի շարքերում կմտցնեն կարգապահություն ու համակարգվածություն: Այլապես կարող է ստացվել, որ այդ բազմաքանակ խմբակցությունը ոչ միայն Փաշինյանի հաշվին հայտնվեց խորհրդարանում, այլեւ շարունակում է նույն այդ խորհրդարանում «վրիպել» կրկին Փաշինյանի հաշվին»: