Հայաստանի գործարար շրջանակները դժգոհ են Հարկային նոր օրենսգրքի նախագծից, որը խորհրդարանն օրերս ընդունեց առաջին ընթերցմամբ: Հայաստանում Ամերիկյան Առևտրի Պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասել է, որ նախկինում Կառավարության հետ քննարկել են Հարկային նոր օրենսգիրքը և դրանում որոշ կետեր ընդգրկել, բայց Ազգային Ժողով ներկայացվեց կիսաավարտ փաստաթուղթ, որը հակասում է բիզնես ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված խնդիրներին:
«Հարկային օրենսգիրքը պետք է ուղղված լինի արտահանման խթանմանը, պետք է լինի մրցունակ՝ Եվրասիական տնտեսական համակարգի ներքո, ապահովի երկարատև ու կայուն տնտեսական աճի, օտարերկրյա ներդրումների խթանում: Բայց ներկայացված փաստաթուղթը չի արտացոլում նշյալ կետերը»,- ասաց Ջրբաշյանը:
Նրա խոսքով, արդեն դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, առաջարկել չներկայացնել ԱԺ փաստաթուղթն այդ տեսքով կամ հետ կանչել այն ու նորից քննարկել: Բայց նախագիծը ներկայացվեց ԱԺ:
«Նպատակ կար առաջին ընթերցմամբ փաստաթուղթն ընդունել տալ, դրանից հետո բանակցություններ սկսել: Հնարավոր է, որ եղել է զուտ ժամանակային սկզբունքով, ծանրաբեռնվածությունից ելնելով և այլն: Բայց ես չէի ասի, թե վարչապետը մեզ խաբել է, թերևս ժամանակի խնդիր է եղել»,- նշեց Ջրբաշյանը՝ ավելացնելով, որ Հարկային նոր օրենսգրքում կան մի շարք խնդիրներ, բավականին լուրջ խնդիրներ, որոնք հանրային լսումների միջոցով պետք է լուծվեն:
Նշենք, որ դժգոհ են մասնավորապես, Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաները՝ ի դեմս Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի, Հայաստանի բանկերի միության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Հայաստանի շինարարների միության, Եվրոպական բիզնես ասոցիացիայի: