ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախատեսվում է, որ սկզբում Պուտինը կհանդիպի առանձին Սարգսյանի և Ալիևի հետ, որից հետո տեղի կունենա նախագահների եռակողմ հանդիպում: Կրեմլը, ընդգծել է Ուշակովը, մտադիր է ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի աջակցի կողմերի հակամարտության կարգավորման հարցում: Նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն որոշիչ դերակատարում ունեցել է ապրիլին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից: «Մենք կշարունակենք մեր միջնորդական առաքելությունը՝ իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ և այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների 2009-2013 թվականների հայտարարություններում», - ասել է Ուշակովը: Այդ սկզբունքները, հիշեցնում է աղբյուրը, բացառում են ղարաբաղյան հակամարտության ուժային լուծում: Ուշակովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հորդորում է հակամարտության կողմերին դրսևորել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից և օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իրավիճակը կայունացնելու համար: