ՀՀ-ում 2017 թ-ին աճել է բնակչության տնտեսական ակտիվությունը, գործազրկությունը՝ նվազել
Հայաստանում բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը 2017 թ-ի առաջին 3 եռամսյակում աճել է: Նույն ժամանակահատվածում աճել է նաեւ զբաղվածության մակարդակը, կրճատվել՝ գործազրկությունը:
Ինչպես փաստում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը 2017-ի առաջին եռամսյակում եղել է 58. 9 տոկոս, երկրորդում՝ 60.5, երրորդում՝ 63.4 տոկոս: Ընդ որում, տնտեսապես ավելի ակտիվ են եղել տղամարդիկ:
Ավելացել է նաև զբաղվածության մակարդակը: Առաջին եռամսյակում բնակչության զբաղվածությունը եղել է 47.7 տոկոս, երկրորդում՝ 49. 7 տոկոս, երրորդում բարձրացել է՝ դառնալով 52.9 տոկոս:
Իսկ գործազրկության մակարդակն ունեցել է նվազման միտում: 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 19.0 տոկոս, երկրորդում՝ 17.8 , իսկ երրորդում՝ 16.5 տոկոս: