Ինչպե՞ս է ընտրվելու նախագահն ու վարչապետը
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Օրակարգ» հաղորդման ընթացքում ներկայացրել է ըստ նոր սահմանադրության ՀՀ նախագահ և վարչապետ ընտրելու կարգը:
Համաձայն դրա, նախագահի թեկնածու է առաջադրելու պատգամավորների ¼-ը, եթե թեկնածուներից մեկը ստանում է ձայների ¾-ը, այսինքն՝ 75%-ից ավելին, նա կհամարվի ընտրված նախագահ: Եթե նախագահների թեկնածուներից և ոչ մեկը չի ստանում նշված քանակի ձայներ, ապա երկրորդ փուլում հանրապետության նախագահն ընտրվում է ձայների 3/5-ով, այսինքն՝ 60%-ով:
Եթե երկրորդ փուլում էլ նախագահ չի հաջողվում ընտրել, ապա երրորդ փուլում քվեարկվելու են միայն առավելագույն երկու ձայներ ստացած թեկնածուները և նախագահ ընտրվելու է նա, ով կստանա ավելի շատ ձայն:
Ինչ վերաբերում է վարչապետի ընտրությանը, ապա քանզի դա ավելի քաղաքականացված դեպք է, ապաև վարչապետի թեկնածուներին առաջադրելու են խմբակցությունները: Վարչապետ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե որևէ թեկնածու չստացավ այդքան ձայն, իսկ դա պետք է ունենա 7–օրյա ժամկետում, ապա 7-րդ օրը տեղի կունենա նոր քվեարկություն նոր թեկնածուներով, և այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների 1/3-ը:
Վարչապետի ընտրությունից հետո 15 օրվա ընթացքում պետք է ձևավորվի կառավարություն: Վարչապետին ընտրում է Ազգային ժողովը և Ազգային ժողովն էլ իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին: