23.11.2024
Դեսպանն ընդդեմ Հայաստանի. ՄԻԵԴ-ը շուտով կհրապարակի Ալեքսանդր Արզումանյանի հայցով վճիռը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վտանգված է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը՝ ՀՀԿ-ականների մեջ ճեղքված կա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. « «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը եւ նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Առողջական խնդիրների վատթարացմամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ Սարգսյանը ներկա չի եղել ո՛չ հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, ո՛չ հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության պատարագին»:


Հատկանշական է, որ ՀՀ Նախագահի աշխատակազմից հերքել են այս տեղեկությունը: «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը»,- Aysor.am-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարից կառավարման խորհրդարանական համակարգի անցնող Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ է ընտրելու: Առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացում հետաքրքիր ինտրիգներ կան թաքնված, որոնք կարող են բերել զարմանալի հանգուցալուծման:


Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն՝ ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որեւէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու են պատգամավորների 1/3-ը: Այս փուլում էլ, եթե չընտրվի վարչապետ, ապա Սահմանադրության 6-րդ գլխի 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն, 7 օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովը պետք է լուծարվի: Ասել է թե, սա քաղաքական ճգնաժամի հետեւանք կլինի, ինչը կնշանակի, որ Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերի եւ հատկապես մեծամասնության ներսում հակասություն կա:


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, պատասխանելով «Հայկական ժամանակի»-ի այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ քաղաքական ուժերի եւ հատկապես ՀՀԿ-ականների ներքին տարաձայնությունների պատճառով Ազգային ժողովը լուծարվի, մեկնաբանեց.


«Չեմ կարծում, որ կարող է քաղաքական ճգնաժամ առաջանալ այն դեպքում, երբ մեկ քաղաքական թիմ ունի 58 պատգամավոր եւ գումարած նաեւ 7 պատգամավոր, որպես քաղաքական գործընկերներ: Սրանով հարցը կարգավորվում է եւ չկա ճգնաժամի իրատեսություն: Բացի այս էլ, դեռ չգիտենք մյուս քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Այն պարզ կլինի թեկնածուների առաջադրումից հետո: Եթե այլ համախոհներ էլ չլինեն, ապա 65 ձայնը հստակ է, իսկ այս քաղաքական թիմի ներսում չկա հակասության միտում, հետեւաբար ճգնաժամ չի կարող առաջանալ»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Մախմուդյանը:


Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այս մասին մեկնաբանությունները վաղ համարեց, թեեւ նա եւս շեշտեց ՀՀԿ-ի մեծամասնություն լինելը: ԵԼՔ խմբակցությունում եւս չեն կարծում, որ ՀՀԿ-ականների միջեւ տարաձայնություններ կսկսվեն, որն էլ կհանգեցնի ճգնաժամի:


«Անհնար է նման բան լինի: Հանրապետականն ունի բացարձակ մեծամասնություն: Դեռեւս նման բանի ականատես չենք եղել, որ հանրապետականների միջեւ պառակտում լինի»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:


Եթե բանը հասնի քաղաքական ճգնաժամի եւ վարչապետ չընտրվի, իսկ ԱԺ-ն հրաժարական տա, ապա վարչապետի պաշտոնում կշարունակի ղեկավարել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:


Հաշվի առնելով խոհրդարանում քաղաքական ուժերի բաշխվածությունը, իհարկե, ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ միայնակ էլ հարցը կկարգավորի: Թեեւ հիշենք, որ վերջին շրջանում ՀՅԴ-ն բավական դրական կարծիք էր հայտնում 2018-ի վարչապետի ՀՀԿ-ի հավանական թեկնածուներից մեկի՝ Կարեն Կարապետյանի մասին:


Ստացվում է, որ ինչ-որ տեղ, գուցե շատ չնչին հավանականությամբ, բայց վտանգված է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարը: Այսինքն, եթե ՀՀԿ-ի ներսում միմյանց հասկանալու խնդիր առաջանա, ապա Սերժ Սարգսյանի երկարամյա ծրագիրը տապալված կհամարվի: Այս առիթով, թերեւս նա ԱԺ-ի ՀՀԿ-ականներին լավ աչքով նայելու առիթը չպետք է բաց թողնի՝ հաշվի առնելով վարչապետ Կարապետյանի այն հայտարարությունը, թե նա պատրաստ է 2018-ից հետո էլ շարունակել աշխատել որպես վարչապետ: Միաժամանակ պարզ չէ, թե Կարապետյանը ցանկություն եւ հնարավորություններ ունի՞ ՀՀԿ-ի ներսում կռիվ գցելու, թե՞ ոչ»:


«Իրատես» թերթը գրում է. «ԱՄՆ-ը սիրում է «դա անել» Ամանորի շեմին: Նոր տարվա մի այդպիսի հիշարժան օր էլ նա կախեց Սադամին: Կկարողանա՞ ԱՄՆ-ը Իրանի «փորոտիքը» խառնել այնպես, որ այնտեղ եւս տեղի ունենա «գունավոր հեղափոխություն», մանավանդ որ Սաուդյան Արաբիայից, Իսրայելից եւ բուն ԱՄՆ-ից «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգներն ու քրմերն արդեն իսկ Իրանում են` իրականացնելու ԱՄՆ-ի օրերս հրապարակված անվտանգության դոկտրինի սակրալ նպատակը` Իրանն Իրաք-Եգիպտոս-Լիբիա սցենարով «զարգացնելը», այն է` ֆունդամենտալ այդ երկիրը ներսից պայթեցնելը: Մանավանդ որ Իրանը «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի բուն առանցքն է. «կունենաս» Իրանը` կունենաս ողջ Մերձավոր Արեւելքը:


Մենք այսօր կանգ չենք առնի Իրանում տեղի ունեցող այդչափ բարդ գործընթացների վրա, ասելու, որ նույն Ռոհանիին ինչ-որ առումով նաեւ ձեռնտու են այս «ցնցումները». նա կարող է դրանք օգտագործել իր բարեփոխական ծրագրերն առաջ մղելու` երկիրը սոցիալական կոլապս-կոռուպցիայից փրկելու համար, չենք անդրադառնալու էքսցենտրիկ, իր ժամանակին ԱՄՆ-ին մարտահրավեր նետած, Հոմեյնիին երկրորդած («ԱՄՆ-ը սատանայական երկիր է») Ահմադինեժադի «ձերբակալության» չհաստատված լուրին, չենք խոսելու Իսրայելի` մնացյալ երկրների «արաբական գարունների» ժամանակ «տապ արած» կեցվածքի, իսկ Իրանի դեպքում` «ռմբակոծիչ» ակտիվության մասին, ինչպես նաեւ չենք անդրադառնալու Իրանի` վաբանկ գնալու եւ Երուսաղեմը Պաղեստինի հավերժական մայրաքաղաք հռչակելու դեմարշին:


Անդրադառնում ենք Հայաստանի վրա այդ զարգացումների անդրադարձումներին:


ա) Արտքաղաքական մասով. ասել, ինչ է եղել Իրանը ղարաբաղյան պատերազմի, հետպատերազմական շրջանի, ԵԱՀԿ ՄԽ-ի «պտիչկաների», սպասվող խաղաղապահության մասով, նշանակում է` ոչինչ չասել: Ֆիքսենք լոկ. Իրանի մոտեցումները հիմնականում հայանպաստ են եղել. Իրանը կառուցողական, բալանսավորված «ուս» է եղել Հայաստանի, տարածաշրջանի համար այդ առումով:


բ) Եթե, Աստված մի արասցե, Իրանում իրականացվեն իրաքյան, ուկրաինական սցենարներ, ապա Ադրբեջանը նույնպես խիստ կակտիվանա: Ընդ որում, ասում են, արդեն իսկ գունավոր հեղափոխությունների «մետրերը» տեղակայվել եւ աշխատում են հենց Ադրբեջանից: Խնդիրն այս դեպքում ընդհանրապես նուրբ է, որովհետեւ այդ տեխնոլոգները կարող են Իրանը պայթեցնել հենց «ադրբեջանական գործոնով»` Իրանի հյուսիսի ադրբեջանական հատվածը «միացնելով» Ադրբեջանին: Իսկ այդ ժամանակ արդեն զարգացումներն Արցախում անխուսափելի, նաեւ խիստ անկանխատեսելի կլինեն:


գ) Ի դեպ, կարելի է փոքր-ինչ ոտքը կախ գցել նաեւ Լարսի «շուրջ» սպասվելիք ֆորս մաժորի առումով: Կարո՞ղ ենք այդտեղ եւս իրանական «հետք» տեսնել. ԵՄ հանրությունը, փաստորեն, գիտեր Իրանում հնարավոր զարգացումների մասին եւ ֆորս մաժորի սցենար էր մշակել` Հայաստանի շրջափակումն ինչ-որ կերպ ճեղքելու համար` վրացական յուր «սանիկներին» հրահանգելով` կվիրիկաշվիլիատիպ հայտարարություն անել:


դ) Եվ վերջապես` ներքաղաքական առումով. բացի նրանից, որ ոչ ցանկալի զարգացումների դեպքում Հայաստանը կլցվի իրանցի փախստականներով (ոչ միայն հայ), ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ իրանյան «պայթյունը» կունենա ներքաղաքական անմիջական պրոյեկտում հայոց մեջ:


Չմոռանանք` «Սասնա ծռերը» «խիստ ին սիրում» իրանական ուղղությունը: Ապա եւ` երկիրը գտնվում է ոչ միայն ապրիլի, նախագահ-վարչապետ ընտրելու շեմին, այլեւ սահմանադրական կարգը վերջնականապես կյանքի կոչելու տրանսֆորմացիայի լրջագույն փուլում, երբ որոշվելու են ոչ միայն ուժային կարեւորագույն կառույցների` ոստիկանության ու ԱԱԾ-ի հետագա ճակատագրերը, այլեւ ովքեր են լինելու այդ կարեւորագույն կառույցների գլխին եւ` ում ղեկավարությամբ:


Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին «մի բան գիտեր», որ անվերջ կրկնում էր. «Դեռ չգիտեմ։ Դեռ տեսնենք»: Ոնց կասես` տեսնենք»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահի պաշտոնը լքելուց հետո ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու Գագիկ Հարությունյանը: «Ժամանակ»-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ նա նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ ստեղծվելու է 10 անդամից կազմված Բարձրագույն դատական խորհուրդ, «որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը»: Այս խորհրդի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ինչպես սկսես տարին, այնպես էլ կավարտես: Տարին, ըստ ամենայնի, խիստ բարենպաստ է սկսվել Հովհաննիսյանների ընտանիքի համար: Արփինե Հովհաննիսյանի քույրը խիստ տպավորիչ աշխատավարձով, խիստ ծանրակշիռ աշխատանքի է անցել «Գազպրոմ Արմենիայում»: Հերթը Արփինե Հովհաննիսյանինն է, որին, ըստ «չար լեզուների», ընդառաջում է ամերիկացի դեսպան, հայախոս Ռիչարդ Միլզը: Ասում են` գնալուց առաջ նա փորձում է «գեղեցկուհի» Արփինեին տեսնել ԱԺ նախագահի է՛լ ավելի «գեղեցիկ» աթոռին, եւ չի բացառվում, որ այդ մասին նա «բարեխոսի» նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: Սակայն խորհրդարանական մեր աղբյուրները ոչ միայն ասում են, այլեւ միանշանակ պնդում են, որ խորհրդարանի այժմյան խոսնակ Արա Բաբլոյանը մնալու է»: